«Ադրբեջանը ԵԱՀԿ-ում հայտնվեց խայտառակ մեկուսացման մեջ». Նալբանդյան
«Ադրբեջանը դեմ է դուրս գալիս ոչ թե ՀՀ, այլ ԵԱՀԿ-ի գրասենյակին»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգման հարցի շուրջ առկա իրավիճակին։
Մասնավորապես, խոսելով ադրբեջանական մամուլում տեղ գտած հրապարակումներից, թե հայկական կողմն այս հարցով պարզաբանումներ տալու նպատակով հրավիրվել է Վիեննա, Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ իրականում այցը Վիեննա հայկական կողմի նախաձեռնությունն էր, ավելին, իր առաջարկը՝ հանդիպումներ ունենալ Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցի, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ։ Նախարարի գնահատմամբ՝ դրանք կարևոր և կառուցողական հանդիպումներ էին, որոնք անցան փոխըմբռնման մթնոլորտում, և որոնց արդյունքներն ակնհայտ դարձան նույն օրը, երբ կայացավ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստը, որի ընթացքում ԵԱՀԿ նախագահող երկիրը՝ Ավստրիան, որոշ մանրամասներ ներկայացրեց այս ամբողջ զարգացումների վերաբերյալ, ասվեց, որ մեկ երկիր, պարզ է, որ խոսքն Ադրբեջանի մասին է, մտահոգություններ է ունեցել, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը զբաղվում է գործունեությամբ, որը չի համապատասխանում իր մանդատին։
«Պատրվակն այն էր, որ ականազերծման մի ծրագիր է իրականացվում, որը հակասում է գրասենյակի մանդատին։ Սակայն, իրականում, ոչ թե ականազերծման, այլ ականազերծման իրազեկվածության կրթական ծրագիր է, փոքրիկ ծրագիր, մեկ տարվա համար, 25 հազար եվրոյի մասին է խոսքը, երեք-չորս հոգի պետք է վերապատրաստվեն այս հարցում: ԵԱՀԿ-ն ստիպված էր առաքելություն ուղարկել, որը եկավ այստեղ, ապա մեկնեց և զեկույց պատրաստեց, որում հաստատվեց, որ դա չի համապատասխանում իրականությանը: Չնայած դրան՝ Ադրբեջանը շարունակում էր դեմ դուրս գալ, հետո Ադրբեջանն ասաց, որ այդ գրասենյակը պետք է չզբաղվի որևէ գործունեությամբ, որը վտանգում է Ադրբեջանի շահերն ու անվտանգությունը։
17 տարի այդ գրասենյակը գործում է և չի վտանգել, բայց այսօր սկսեց վտանգել։ Ուզում եմ պարզաբանել՝ խոսքը գնում է ոչ թե ՀՀ-ի գրասենյակի, այլ ԵԱՀԿ-ի գրասենյակի մասին, Ադրբեջանը դուրս է գալիս ԵԱՀԿ-ի դեմ՝ դատապարտելով այս գրասենյակի գործունեությունը, մեղադրում է ԵԱՀԿ-ին, որ ԵԱՀԿ-ն սպառնում է Ադրբեջանի անվտանգությանը, պահանջում է, որ ԵԱՀԿ գործող նախագահն այդ մասին հայտարարի։ Ինչպե՞ս է դա հնարավոր։ Նախ՝ դա սուտ է, դրա մասին ասաց նախորդ նախագահող Գերմանիան, Ավստրայի նախագահողն այդ պատճառով առաջարկեց ոչ թե չանել այդ ծրագիրը, այլ ձեռնպահ մնալ այդ ծրագրից։
Ի դեպ, մեր առաջարկը չէր այդ ծրագիրը: Մենք ընդունեցինք այդ առաջարկը։ Բոլոր երկրները, նախագահող երկիրը հատուկ հայտարարեցին, որ բարձր են գնահատում ՀՀ շատ կառուցողական մոտեցումը, իսկ Ադրբեջանի ներկայացուցիչն ընկավ խայտառակ մեկուսացման մեջ, վայնասուն բարձրացրեց, ասաց, որ՝ այո, վտանգում է Ադրբեջանին գրասենյակը, առանց գիտակցելու, որ ԵԱՀԿ-ի դեմ է դուրս գալիս: Իսկ իրական պատճառն այն է, որ ՀՀ-ին միշտ օրինակ են բերում»,- մանրամասներ ներկայացրեց Նալբանդյանը։
Ճշգրտող հարցին, թե հայկական կողմը սպառնացե՞լ է արդյոք այս հարցի շրջանակում, որ վետո կդնի մի շարք այլ երկրներում գրասենյակների մանդատի երկարաձգման հարցում, Նալբանդյանը պատասխանեց. «Սուտ է բացահայտ, որ որևէ վետո, խոչընդոտ ենք դրել։ Մեր մոտեցումը հետևյալն էր, որ այս հարցը պետք է լուծվի այլ հարցերի հետ փաթեթային»: