«Սերգեյ Դանիելյանի նախաձեռնությունը շատ ավելի նման էր կուսակցության, քան այն կուսակցությունները, որ այսօր երևան են եկել». Սուրեն Զոլյան

«Դեկտեմբերի 7-ը մեր ժողովրդի համար շատ ողբերգական թիվ է, իսկ 2015 թվականին այդ օրը գումարվեց ևս մեկ ողբերգություն՝ դա Սահմանադրության ընդունումն էր, որովհետև հենց դեկտեմբերի 7-ին հայտարարվեց, որ այս Սահմանադրությունն ընդունվել է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր, քաղաքագիտության դոկտոր Սուրեն Զոլյանը։

Ըստ նրա՝ այս Սահմանադրությունը ծնելու է բազմաթիվ ճգնաժամեր.

«Անցյալ տարի մենք դա տեսանք. ինչ-որ ձևով դրա հետ կապված է և՛ ապրիլյան պատերազմը, և՛ հուլիսյան ապստամբությունը, և՛ հետագա տնտեսական անկումը, և այլն։ Այս Սահմանադրությունը գրվել է, որպեսզի ամրապնդվի գործող նախագահի իշխանությունը»։

Ս. Զոլյանի խոսքով՝ Հայաստանում չկան կուսակցություներ, կան խմբավորումներ, որոնք սպասարկում են ինչ-ինչ շահեր։ Նրա դիտարկմամբ՝ եթե մենք չունենք նորմալ կուսակցություններ, ապա այն Սահմանադրությունը, որը ստեղծված է, բերում է պատերազմ բոլորի դեմ։ Նա հիշեցրեց 2008 թվականի քաղաքային ընտրությունների ժամանակ տեղի ունեցած դեպքը։

Կարդացեք նաև

«2008 թվականին ՀՀԿ-ի ցուցակի 45-րդ համարը՝ «Ծնգլ» մականունով մեկը, սպանեց ինչ-որ «Բիզ» անունով մեկին, որովհետև նրանք երկուսն էլ Մալաթիայի շրջանից էին և ինչ-որ բան չէին կիսել։ Հիմա նոր օրենքը ստիպում է ամեն մի բակային հեղինակությանը՝ դուրս գալ ընտրապայքարի, որպեսզի ինքը բերի իր կուսակցության համար ձայներ։ Այսօր-վաղը մենք կտեսնենք այն, ինչ տեսնում ենք տեղական ընտրությունների ժամանակ։ Այսօր Արաբկիրը, Դավիթաշենը և Աջափնյակը որպես մի ընտրատարածք են միավորված, բնական է՝ Արաբկիրի «խառոշիները» կաշխատեն իրենց մարդու համար, և, բնական է, շահերը կբախվեն Աջափնյակի և Դավիթաշենի «խառոշիների» հետ։ Այսինքն՝ մենք զոռով դարձնում ենք այն, ինչ Հայաստանը տեսել է 5-րդ դարում։ Կարդացեք Խորենացու պատմությունները, երբ ամեն մի իշխանիկ դուրս է եկել հարևանի վրա, ու դա հենց օրենքն է թելադրում»,- նշեց Ս. Զոլյանը։

Ս. Զոլյանը գտնում է, որ այսօրվա քաղաքական դաշտի պարագայում կանխատեսելի է ցանկացած անսպասելի երևույթ, որովհետև, ըստ նրա, չկա կուսակցություն՝ իր կադրային կորիզով, գաղափարախոսությամբ, որոշումն ընդունում է առաջնորդը, որն այսօր կարող է մի որոշում ընդունել, վաղը՝ բոլորովին այլ։

Բանախոսը նկատեց, որ անցյալ տարի մենք ունեինք «հուլիսյան ապստամբություն», և «ապստամբները» երկու կարգախոս են առաջարկել՝ «Սերժ Սարգսյանի հրաժարականը» և «Ազատություն քաղբանտարկյալներին»։ Ս. Զոլյանի խոսքով՝  այսօր կա ընդդիմություն, ուղղակի այդ ընդդիմությունն այսօր բանտախցերում է, և ինքը կարծում է՝ անհրաժեշտ է հնարավորություն ստեղծել, որպեսզի նրանք նույնպես մասնակցեն ընտրություններին։

«Թե՛ Ժիրայր Սէֆիլյանը, թե՛ Անդրիաս Ղուկասյանը, թե՛ Կյուրեղյան եղբայրները, նրանք հասունացած քաղաքական գործիչներ են, որոնք կարող են փոխել իրավիճակը։ Բնական է՝ այստեղ մենք կարող ենք խոսել գաղափարների մասին։ Ցավում եմ, որ Սերգեյ Դանիելյանը չշարունակեց իր նախաձեռնությունը, այլապես դա մի կուսակցություն է, որ իրոք կարող էր մասնակցել ընտրություններին, և իրոք այն կազմված էր ինչ-ինչ գաղափարական հենքի վրա։ Դա շատ ավելի  նման էր կուսակցությանը, քան այն կուսակցությունները, որ այսօր երևան են եկել»,- նշեց Ս. Զոլյանը։

Նա գտնում է՝ «Սասնա ծռերի» պահանջներին պետք է գումարել Սահմանադրության փոփոխության չեղարկումը.

«Քանի որ Գլխավոր շտաբի պետ եղած Հովիկ Աբրահամյանը և բանակի «այո»-ն ապահոված Սեյրան Օհանյանը շատ բան ունեն պատմելու: Նրանց պատմածներից հետո պարզ կլինի, թե ինչպես է ընդունվել այդ Սահմանադրությունը, և օրակարգային հարց է լինելու՝ վերանայել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, որով մեզ փաթաթվել է այս Սահմանադրությունը, որը ծնելու է նորանոր արհավիրքներ»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս