Մինսկի քաղաքային դատարանը մերժել է Լապշինի բողոքը՝ իրեն Բաքվին արտահանձնելու վերաբերյալ
Մինսկի քաղաքային դատարանը մերժել է ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը իրեն Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ, հայտնում է Sputnik գործակալությունը։
Ալեքսանդր Լապշինը դատարանում բողոքարկել էր Բելառուսի գլխավոր դատախազության որոշումը, որը համաձայնել էր իրեն ադրբեջանական կողմի պահանջով արտահանձնել Բաքվի իշխանություններին։ Դատական լսումներն անցկացվել են փակ ռեժիմով։ Լրագրողներին նիստերի դահլիճ են թողել միայն դատական վճռի հրապարակման ժամանակ։ Ընդ որում՝ արգելվել է տեսանկարահանում անելը։ «Դատարանը վճռել է Լապշինի բողոքը չբավարարել»,- վճռել է Մինսկի քաղաքային դատարանը։
Բլոգերի ռուս և իսրայելցի փաստաբանները զերծ են մնացել մեկնաբանություններից։
Նշվում է, որ լրագրողների հետ միջանցքում վճռի հրապարակմանը սպասել են ՌԴ հյուպատոս Իգոր Կարյագինն ու Իսրայելի հյուպատոս Յուլյա Ռաչինսկի-Սպիվակովը։
Համաձայն Բելառուսի օրենսդրության՝ նա կարող է բողոք ներկայացնել նաև Բելառուսի Գերագույն դատարան։
Մինսկի ոստիկանությունը 2016 թվականի դեկտեմբերի 15-ին ձերբակալել է Լապշինին, որը բնակվում է Մոսկվայում և գրում է ռուսերեն հեղինակավոր Travel Blog-ի համար: Նա որոնվում է Ադրբեջանում 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Լեռնային Ղարաբաղ այցելելու, ինչպես նաև իր բլոգում Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար: Ադրբեջանը 2011 թվականին նրան ներառել էր իր կողմից որոնվող անձանց ցուցակում: Պաշտոնական Բաքուն պահանջում է Բելառուսի իշխանություններից Լապշինին արտահանձնել իրենց:
Ներկայումս Լապշինին սպասվում է արտահանձնում։