Բաժիններ՝

Արմեն Ամիրյանի հետ օդանավում ունեցած անակնկալ հանդիպումն արժե 8 միլիոն դրամ. ստորագրվել է համագործակցության համաձայնագիր

ՀՀ մշակույթի նախարարությունում այսօր հրավիրված մամուլի ասուլիսն ազդարարում էր Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների մեկնարկը (հոբելյանը՝ 2019թ.), որին մասնակցում էին նախարար Արմեն Ամիրյանը, ամերիկահայ երաժիշտ, բարերար Աշոտ Տիգրանյանը և Չարենցի անվան գրականության, արվեստի թանգարանի տնօրեն Կարապետ Վարդանյանը:

Ինչպես հայտնի դարձավ ասուլիսի ընթացքում՝ հոբելյանական տարին կմեկնարկի Թումանյանի՝ Դսեղի տուն-թանգարանում ենթակառուցվածքների շինարարությամբ, որի նպատակով այսօր համագործակցության համաձայնագիր ստորագրվեց։ Ըստ համաձայնագրի, ՀՀ մշակույթի նախարարության մշակած նախագծով և բարերար Աշոտ Տիգրանյանի հատկացնելիք 8 միլիոն դրամով տուն-թանգարանում կկառուցվեն հուշանվերների կրպակ, սանհանգույց, և փոքրիկ սրճարան։

«Ծրագրի իրականացումը նախատեսվում էր սկսել դեռևս 2016-ին, բայց ձմռան սաստիկ ցուրտն ու միջոցների բացակայությունը ստիպեցին մեզ հետաձգել այն: Միաժամանակ ծրագրի իրականացման նպատակով մենք հովանավորներ ու աջակիցներ էինք փնտրում, և հանկարծ՝ ձմռանն օդանավում ես հանդիպեցի Աշոտ Տիգրանյանին, ում հետ մինչև Փարիզ ուղևորվելու հինգ ժամերի ընթացքում մենք զրուցում էինք Հայաստանի մշակութային կյանքից, իրադարձություններից, ծրագրերից:

Հետաքրքիրն այն էր, որ մաեստրոն միանգամից արձագանքեց և խոստացավ օգնել մեզ Դսեղի թանգարանում երթակառուցվածքները ստեղծելու հարցում: Ուզում եմ ընդգծել, որ Աշոտ Տիգրանյանը երաժիշտ է, մեծ կարողությունների տեր մարդ, բայց արձագանքեց սրտով և հոգով: Ես համոզված եմ, որ այս արձագանքը վարակիչ է լինելու, և բոլորս համոզվելու ենք, որ, այո՛, հնարավոր է փոքրիկ ներդրումով ունենալ մեծ արդյունք»,- ասաց Արմեն Ամիրյանը:

Կարդացեք նաև

Բարերար Աշոտ Տիգրանյանն էլ իր հերթին՝ համոզված է՝ օդանավում ՀՀ մշակույթի նախարարի հետ հանդիպումը Աստծո կամք էր.

«Ավելի քան երեսուն տարի անց ես առաջին անգամ ԱՄՆ-ից վերադարձա Հայաստան ու հրաշալի պահեր ապրեցի այստեղ: Ես ծնվել եմ Երևանում, ապրել եմ Մոսկովյան փողոցում՝ հենց Թումանյանի թանգարանի հարևանությամբ: Վերջերս եղա նաև Դսեղում, որտեղ պետք է իրականություն դառնա այս ծրագիրը, ինչի համար ես շատ երջանիկ եմ: Անչափ ուրախ եմ նաև օդանավում իմ ու նախարարի հանդիպման համար: Շնորհակալ եմ Աստծուն, որ իրականություն դարձավ իմ երազներից մեկը: Դրսում մենք ապրում ենք կարոտի զգացումներով, իսկ սա ավելին է, քան կարոտը: Մեծ հպարտությամբ ու պարծանքով կկատարեմ իմ խոստումը»:

Անդրադառնալով ենթակառուցվածքների խնդրին՝ Կարապետ Վարդանյանը կեսկատակ նկատում է.

«Ենթակառուցվածքների խնդիրն իսկապես լուրջ բաց էր, և մեծ բարեբախտություն էր, որ պարոն Ամիրյանն ու Տիգրանյանը հանդիպեցին: Ես Աստված կկանչեմ, որ նրանք ավելի հաճախ հանդիպեն ինքնաթիռում»:

Տեղեկացնենք, որ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում Մշակույթի նախարարությունը նախաձեռնել է մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ գրողի ծննդավայրում թումանյանական հերոսների մեծադիր քանդակների, ինչպես նաև թումանյանական թեմայով երիտասարդ նկարիչների մրցույթներ, միաժամանակ հոգ տանելով նաև թանգարանի հարակից տարածքի բարեկարգման մասին՝ թանգարանի տարածքում հատված սնամեջ ծառերի բներով թումանյանական հետաքրքիր կերպարների քանդակներ կստեղծվեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս