Բաժիններ՝

«Քաղցրաշենցիներին չմարված պարտքի գործը դատախազությունում է». Արտակ Սարգսյան

Այսօր Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը հանդիպել էր լրագրողների հետ՝ բարձրաձայնելու քաղցրաշենցիների չլուծված հարցը՝ մթերված խաղողի դիմաց չվճարված գյուղացիների խնդիրը:

Հիշեցնենք, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի խաղողագործները 2015թ. մթերած բերքի գումարը մինչև օրս չեն ստացել։ Խաղողը մթերած «Վինար» ՍՊԸ-ն քաղցրաշենցիներին, ինչպես նաև 10 այլ գյուղերի բնակիչների պարտք է մոտ 160 միլիոն դրամ: Միայն քաղցրաշենցիներին այս պահին Վինար ընկերությունը 85 միլիոն դրամ պարտք ունի:

Բանախոսը տեղեկացրեց, որ դեռևս 2015թ. քաղցրաշենցիները խաղող են մթերել, որի դիմաց մինչ օրս չեն վճարվել, և այս պահին արդեն հարցը գտնվում է Դատախազությունում: ՀՀ Գյուղնախարարությունն էլ անընդհատ բախվում է նույն խնդրին՝ կա՛մ գնորդ չի լինում, կա՛մ հումք.

«2015 թվականին անսպասելի առատ էր խաղողի բերքը, գնում, կարելի է ասել, չեղավ, այլ միայն մթերվեց: Մեր նախկին կառավարությունը պատճառաբանեց, որ բերքն աննախադեպ է, որոշեցին այնպես անել, որ խաղողը չմնա դաշտում, տանեն գործարաններ, հետո միայն կվճարեն: Առուծախ արվեց, ապրանքը վերցրեցին, բայց գումարը չվճարեցին: Մի ամբողջ համայնքի գումարներ մինչև այսօր չեն վճարվել»,- ներկայացնում է խնդրի էությունը Արտակ Սարգսյանը:

Ըստ բանախոսի՝ ապրանքի մթերման հետ կապված խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է ներդնել արտադրող-մթերող պայմանագրի մշակույթը:

Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը կարծում է, որ այժմ գործող կտրոնային համակարգից անցումը պայմանագրային հարաբերություններին կպարտավորեցնի թե՛ գյուղացուն, թե՛ մթերողին.

«Այսօր մթերող ընկերությունը խաղող արտադրողին որպես գործընկեր չի տեսնում, և քանի դեռ այդպես է, շատ հարցեր կմնան չլուծված: Առաջին քայլն այն է, որ գյուղացին և վերամշակող-մթերող կամակերպությունն ունենան փոխշահավետ պայմանագրային պարտավորություն՝ իրավական ուժով, այլապես մենք միշտ պրոբլեմ ենք ունենալու, որովհետև ընկերություններ կան, որ ասում են՝ «ես պայմանագիր չեմ կնքում, դե խաղող ա, կընդունենք»։ Այդ է պատճառը, որ բերք մթերող գյուղացին հայտնվում է այսօրինակ խնդիրների առջև»:

Նրա խոսքով՝ քաղցրաշենցիներից խաղող մթերած «Վինար» ընկերությունը պատճառաբանում էր, թե շուկա դուրս գալու խնդիրներ են եղել, սպիրտը չի վաճառվել. «Գյուղատնտեսության նոր նախարարը, խաղող մշակող ձեռնարկությունների ու խաղողագործների հետ, նստեց կլոր սեղանի շուրջ, «Վինար» ընկերությանն առաջարկեցին վաճառել կոնյակի սպիրտն այն գնել ցանկացող ընկերություններին և վճարել գյուղացիների պարտքը: Դրանից հետո ընկերությունից սկսեցին ասել, թե հիմա էլ սպիրտ չկա, կամ եղածը քիչ քանակությամբ էր, որի վաճառքից ստացված գումարով իրենց այլ հարցերն են լուծել, ու քաղցրաշենցուն էլի ոչինչ չի մնացել»:

Անդրադառնալով խնդրի շուրջ իրավապահների հետ տարվող աշխատանքին՝ բանախոսը մանրամասնում է. «Այս պահին գործը Դատախազությունում է, բայց խաղողագործն ինչքա՞ն կարող է սպասել, նրա մեղքը ո՞րն է: Նախարարությունում պայմանավորվում են, ընկերությունը պարզաբանում է, որ ունի հումք, բայց չի կարող վաճառել, հումքից վերցնում են լաբորատոր փորձաքննություն, պայմանավորվում են գնորդի հետ, որ գումարը վճարվի գյուղացուն, ստացվում է էնպես, որ հումք չի լինում: Էս աբսուրդն արդեն մի քանի անգամ առաջ է եկել»,- նկատում է Արտակ Սարգսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս