Ընտրությունների կեղծման դեպքում՝ «Ելքը» հրապարակ դուրս կգա

Այս պահին տեղի է ունենում ընդդիմադիր «Ելք» դաշինքի առաջին համաժողովը։ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ, «Ելք» դաշինքի անդամ Արամ Սարգսյանն իր ելույթից առաջ ասաց, որ մայրը վատառողջ է, հիվանդանոցում է, բայց նույնիսկ իր հենակներով նա պատրաստ էր գար ու մասնակցեր իրենց հավաքին։

«Ասում են՝ պատմությունը կրկնվում է, բայց ոչ մի կրկնություն ամբողջական չէ, միշտ լինում են նորություններ կամ փոփոխություններ։ Եթե փոփոխությունը ծանրակշիռ է, փոխվում է պատմությունը։ Մենք ուզում ենք փոխել պատմությունը ու փակուղուց ելք տալ»,-հայտարարեց Ա. Սարգսյանը։

Նրա խոսքով՝ իրենք անելու են այն, ինչ չեն արել մինչ հիմա, և որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո վերջապես սրտանց ուրախություն, փոփոխություն և հույս կարող են պարգևել բոլորին՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում։

«Այս իշխանությունը փող է  բաժանում, որ գա իշխանության և գալիս է իշխանության, որ փող աշխատի։ ՀՀԿ-ն ասելու է, որ ամեն ինչ լավ է, իրեն վստահելու դեպքում՝ ավելի լավ է լինելու, ու փող է բաժանելու։  «Ոչ իշխանություններն» ասելու են, որ վատը ՀՀԿ-ն է և Սերժ Սարգսյանի շրջապատը,  և եթե նրանց փոխեն՝ իրենք գան, ամեն ինչ ավելի լավը կդառնա, ու նորից  փող է բաժանելու։ Կան նաև ուժեր, որ կասեն՝ երկրի վիճակն աննկարագրելի վատ է, իշխանությունը դավաճան է, բայց այդ ուժերը մի քանի օր կամ մի քանի տարի առաջ են  դուրս եկել Բաղրամյան 26-ի շքամուտքից, իսկ ետնամուտքից հիմա էլ ելումուտ են անում։ Այս բոլոր ուժերն ունեն մեկ ընդհանրություն՝ Հայաստանի ինքնիշխանությունը  և անկախությունը սիրով ու ինքնամոռաց նվիրել են Ռուսաստանին և մեր երկրի ապագան տեսնում են Բելառուսի, Ղազախստանի ու Ղրղզստանի շրջապատում ու մոդելով։ Անգամ  որոշ կուսակցապետեր Արցախի հարցի լուծումն առաջարկում են Լավրովյան պլան կոչվածով, միայն թե Մոսկվային ցույց տան, որ իրենք ավելի լավ կծառայեն Ռուսաստանին, քան գործող իշխանությունը։ Այս բոլոր ուժերն իրարից չեն տարբերվում։ Նրանց ընտրազանգվածը վախով ու փողով քվեարկող 45 տոկոսանոց հատվածն է, ու նայելով այս ուժերին՝ ակնհայտ ու պարզ է դառնում, որ ելքը մենք ենք»,-հայտարարեց Ա. Սարգսյանը։

Կարդացեք նաև

Նա նշեց, որ իր նպատակը ոչ թե պատգամավոր դառնալն է, այլ իրական համակարգային փոփոխություններին հասնելն ու եվրոպական մոդելի պետություն ունենալն է։

Արամ Սարգսյանն ասաց նաև, որ ինքը չէր մասնակցի այս գործընթացին, եթե չտեսներ ու վստահ չլիներ, որ անկաշառ ու ազնիվ  ընտրության դեպքում «Ելք» դաշինքը ԱԺ-ում ունենալու է պատկառելի ներկայություն։

«Եթե իշխանությունն իր սովորության համաձայն՝ զոռբայությամբ և բռնի ուժով նորից կեղծիքների գնա, ապա այս ընտրությունների  մասնակիցների քանակը և առանձնահատկությունը հաշվի առնելով՝ բողոքողների և հրապարակ դուրս եկողների թիվը շատ-շատ մեծ է լինելու՝ ներգրավվելով անգամ  իշխանության շարքերում «դաբրո» չստացածներին, ոչ իշխանականների կամքից դուրս նրանց ցուցակներում պարտված թեկնածուներին և ընտրությունները անարդար համարող գրեթե 800 թեկնածուներին՝ իրենց թիմակիցներով, ազգուտակով։  Կարծում եմ՝ կասկածողներ չկան, որ մենք այդ ժամանակ միանշանակ ժողովրդի  հետ հրապարակում ենք լինելու։ «Ելքը» հակված է իր պայքարը տանել խաղաղ, հակված ենք անցնցում և առանց ընդհարումների  փոփոխությունների գնալ, բայց եթե իշխանությունն ընտրի այլ ճանապարհ, միևնույն է,  դա այլևս իրենց չի օգնելու, և փոփոխությունը միանշանակ լինելու է։ Ելքը բոլորիս մենք դառնալն է ու մենքի հաղթանակը»,-հայտարարեց Ա. Սարգսյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս