««Ելք» դաշինքը համայն հայության համախմբմանը հակասում է». Սոս Գիմիշյան

«Իհարկե, ընտրություններից առաջ շատերը կփորձեն համախմբվել, նման պրոցեսների մենք էլ ենք մասնակցում ու չենք բացառում բավականին լայն կոալիցիայի ստեղծումը»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը։

Նա ասաց, որ հիմա չի կարող հրապարակայնացնել, թե որ ուժերի հետ են իրենք բանակցում. «Մի շարք հանդիպումներ ենք անցկացնում մի շարք քաղաքական ուժերի հետ, բայց դա հրապարակելու իրավունքը չունեմ։ Կարող եմ ասել, որ 1 տասնյակից ավելի քաղաքական ուժերի հետ արդեն հանդիպել ենք, բանակցում ենք, խոսում ենք, ծրագրային, գաղափարական խնդիրներ ենք հստակեցնում։ Հույս ունենք բավականին լայն համագործակցության։ Մենք, արդեն 4 տարի է, 5 կուսակցություններով՝ միասին ենք, «Հոգևոր Հայաստանի» հռչակած «Հայք» ծրագրի կողմնակից ենք, և այն քաղաքական ուժերը, որոնք համաձայն լինեն այդ ծրագրի հետ, մենք պատրաստ ենք ոչ միայն այդ ծրագիրն իրականացնենք, այլ նաև որպես կողմնակի արդյունք՝ քաղաքական համագործակցություն իրականացնենք ու մասնակցություն ունենանք ընտրություններին»։

Հարցին, թե՝ կա՞ն ուժեր, որոնց հետ բացառում եք համագործակցությունը, Ս. Գիմիշյանն այսպես պատասխանեց. «Երբ դու դառնում ես կողմնակից մի ծրագրի, որը նախատեսում է ամբողջ հայությունը միավորել, ես մի անգամ ասուլիսի ժամանակ ՀՀԿ-ի ներկայացուցչին ասացի, որ նույնիսկ իրենց հետո պատրաստ եմ համագործակցել, եթե իրենք այս ծրագրին կողմնակից լինեն։ Ճիշտ է, գիտեմ, որ իրենց մոտեցումները, գաղափարները բացարձակապես չեն համընկնում «Հայք» ծրագրի նպատակների հետ։ Ինձ համար այսօր շատ ավելի հեշտացել է այլ քաղաքական ուժերի հետ համագործակցելը, որոնց չէի ընդունում զուտ քաղաքական տեսանկյունից։ Սա շատ ավելի բարձր ծրագիր է, քան նեղ քաղաքական շահերը»։

Մենք Ս. Գիմիշյանից նաև հետաքրքրվեցինք, թե արդեն ձևավորված «Ելք» դաշինքից դո՞ւրս է տեղի ունենում համագործակցությունը, թե՞ նաև այդ դաշինքի հետ են հանդիպումներ և քննարկումներ անցկացնում։ Ի պատասխան՝ Ս. Գիմիշյանն ասաց, որ այդ դաշինքից դուրս են տեղի ունենում իրենց հանդիպումները։

«Արամ Սարգսյանին շատ-շատ եմ սիրում, ինքը մարդկայնորեն շատ է դուրս գալիս, բայց այն դաշինքը, որն իրենք ստեղծել են, իմ կարծիքով՝ աշխարհաքաղաքական դաշինք է։ Ես կողմնակից եմ ավելի գաղափարական, ծրագրային դաշինքների։ Էլի եմ կրկնում՝ Արամ Սարգսյանին հարգում եմ և շատ սիրում եմ՝ որպես մարդ, բայց իրենց մոտեցման հետ մի քիչ համաձայն չեմ, շատ հաճախ ենք հանդիպել նախկինում, համագործակցել ենք, ընկերություն եմ արել նրա հետ, բայց քաղաքական մոտեցումս այդպիսին է։ Այլ քաղաքական ուժերի հետ են մեր բանակցությունները, հանդիպումները, որովհետև իրենք իրենց դիրքորոշումն արդեն հայտարարել են, քանի որ դա միակողմանի աշխարհաքաղաքական դաշինք է, համայն հայության համախմբմանը հակասում է որոշակիորեն։ Մենք ուզում ենք ոչ թե աշխարհաքաղաքական դաշինք ստեղծել, այլ գաղափարական։ Մենք պետք է այնպիսի մոտեցումներ ցուցաբերենք, որ միավորող լինի, ոչ թե տարանջատող, իսկ այդ դաշինքը տարանջատող է, ինքը զուտ արևմտյան ուղղությունն է վերցնում՝ մյուսները բացառելով»։

Ս. Գիմիշյանը նաև հավելեց, որ հույս ունեն, որ իրենց ստեղծելիք դաշինքը կընդգրկի ոչ պակաս, քան 1 տասնյակ կուսակցություններ, մի քանի տասնյակ հ/կ-ներ։

Տեսանյութեր

Լրահոս