«Եթե Կարեն Կարապետյանը չընդգրկվի ցուցակում, միևնույն է նա կմնա ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն». Արմեն Աշոտյան. «Ազատություն»

Եթե վարչապետ Կարեն Կարապետյանը չընդգրկվի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) համամասնական ցուցակում, ապա միևնույն է, նա կշարունակի մնալ իշխող ուժի վարչապետի թեկնածուն: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է Հանրապետականի փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ հաշվի առնելով Կարեն Կարապետյանի բարձր վարկանիշը, իհարկե նրա համամասնական ցուցակում ընդգրկվելը լուրջ առավելություն կտա Հանրապետականին, սակայն, իշխող ուժը, Աշոտյանի խոսքով, ցանկանում է անցկացնել բարձր որակի ընտրություններ և խախտումների չի գնալու:

– Պետք է փաստել, որ մենք չենք գնալու և ոչ մի խախտումների՝ անկախ մեր քաղաքական հնարավոր դիվիդենտներից։ Խնդիրն իրավական հարթության մեջ կլուծեն մասնագետները, համապատասխան ծառայությունները, որոնք պետք է տան կամ չտան նմանատիպ տեղեկանք, և այս որոշումը՝ ընդգրկվելու-չընդգրկվելու, պետք է բացառապես իրավական հենքով լինի և ոչ թե քաղաքական որոշում լինի։ Բայց քաղաքական որոշումը պարզ է, որ մենք ուզում ենք անցկացնել բարձր որակի ընտրություններ, հետևաբար չենք գնալու խախտումների, ուստի վարչապետի տեղեկանքի հարցը իրավական է և ոչ թե քաղաքական։ Անկախ նրանից՝ վարչապետը կլինի ՀՀԿ համամասնական ցուցակում, թե՝ ոչ, բոլոր դեպքերում ինքն իր մասնակցության ձևը, բովանդակությունը, ինտենսիվությունը կորոշի, և վստահ եմ, որ անկախ նրանից՝ կլինի ցուցակում, թե՝ չէ, օգուտ կտա Հանրապետական կուսակցության աշխատանքներին նաև նախընտրական էտապում։ Ձևը և բովանդակությունը կքննարկվի մեր շտաբում՝ վարչապետի հետ միասին, և դա հավելյալ որոշելու խնդիր է։

– Այսինքն, պարոն Աշոտյան, եթե նույնիսկ նա չընդգրկվի ձեր համամասնական ցուցակում, դա չի՞ խանգարի, որպեսզի նա լինի վարչապետի թեկնածու, դա հնարավո՞ր է։

– Իհարկե հնարավոր է, հենց կարծում եմ, որ իրավական որևէ կորիզ այստեղ չկա, որովհետև վարչապետի թեկնածուի հարցը բացարձակ կապ չունի համամասնական ցուցակում լինել-չլինելու հետ՝ և՛ քաղաքական տեսակետից, և՛ իրավական տեսակետից, իսկ քաղաքական տեսակետից կարևորագույն հայտարարությունը նախագահի դուք մեջբերեցիք, որ արվեց ՀՀԿ համագումարին, այն է, որ «եթե մենք հաղթենք ընտրություններին և ձևավորենք կառավարություն, ապա մեր վարչապետը Կարեն Կարապետյանն է։ Ի դեպ, մյուս քաղաքական ուժերը, Ձեր ուշադրությունը հրավիրեմ, այսօր չեն բացահայտել, թե ովքեր են իրենց վարչապետի թեկնածուները։

– Պարոն Աշոտյան, այսինքն, Հանրապետականը չի գնա վիճելի հիմնավորումներով, կամ ամեն գնով Կարեն Կարապետյանին ցուցակում ընդգրկելու քայլին։

– Ես բացառում եմ դա, որովհետև ասացի արդեն, որ մեզ համար կարևոր է ընտրությունների որակը։ Վարչապետի վարկանիշը բավական բարձր է, որպեսզի մենք նաև կարողանանք տեղեկագրի բացակայության դեպքում ընտրել իր համար լավագույն ձևն ու բովանդակությունը՝ օգուտ տալու այն քաղաքական թիմին, որի անդամ է նա դարձել և որն իրեն առաջադրելու է ընտրությունների հաջող ընթացքի և արդյունքի պարագայում նոր վարչապետ։

Տեսանյութեր

Լրահոս