ԵՄ-ի տարբերակված մոտեցումը ԱլԳ անդամ երկրների նկատմամբ. Հայաստան-ԵՄ
ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի (ԱՀ) շուրջ 3.5 տարի բանակցելուց և գերազանց արդյունքներով այդ բանակցություններն ավարտելուց հետո Հայաստանի Հանրապետությունը (ՀՀ) 2013թ. չնախաստորագրեց ԱՀ-ն Արևելյան գործընկերության (ԱլԳ) վիլնյուսյան գագաթաժողովին։ Սա սպասելի էր 2013թ. սեպտեմբերի 3-ից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային Միությանը (ՄՄ) Հայաստանի անդամակցության մտադրության մասին։ Դրանից հետո ՀՀ-ԵՄ հարաբերությունները թևակոխեցին նոր փուլ։
Հետազոտության մեջ կներկայացնենք ՀՀ-ԵՄ հարաբերությունների հեռանկարները, կմանրամասնենք, թե ինչու 2013թ. Վիլնյուսի գագաթաժողովին ՀՀ-ը չնախաստորագրեց ԱՀ-ը, արդյո՞ք դրա պատճառներն օբյեկտիվ էին, նախաստորագրման պարագայում որքանո՞վ էին մարտահրավերները լուրջ, արդյո՞ք կարող էր ԵՄ-ը կանխել դեպքերի նման զարգացումը։ Մյուս կողմից՝ ի՞նչ կորցրեց ՀՀ-ը, չնախաստորագրելով համաձայնագիրը, ի՞նչ ազդեցություն ունեցավ դա ՀՀ-ԵՄ ապագա հարաբերությունների վրա։
Գաղտնիք չէ, որ Հայաստանը, լինելով հետխորհրդային երկրներից մեկը, մշտապես կրել է և կրում է Ռուսաստանի ազդեցությունը թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական հարցերում։ ՀՀ-ԵՄ հարաբերությունների պարագայում արդյո՞ք հաշվի առնվել է այդ ազդեցությունը և անհրաժեշտության դեպքում՝ ԵՄ-ի կողմից դրան հակակշռելու հնարավորությունը։ Վիլնյուսի գագաթաժողովից հետո տարբերակված ի՞նչ մոտեցում է որդեգրել ԵՄ-ը ՀՀ-ի համար, և ինչպիսի՞ն կարող են լինել տեսակետները հետագա հարաբերությունների վերաբերյալ։ Այս հարցերի պատասխանները կփորձենք ներկայացնել հոդվածում։
* * *
Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները սկիզբ են առել ՀՀ անկախացումից անմիջապես հետո։ 1996թ. ապրիլին ստորագրվեց Գործընկերության և համագործակցության համաձայնագիրը, որն ուժի մեջ մտավ 1999թ. հուլիսից։ Այն շրջանակային համաձայնագիր էր, որն ապահովում էր բազմաբնույթ համագործակցության իրավական հիմքը: ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման համար կարևորագույն իրադարձություն էր 2004թ. հունիսից Հայաստանի (Վրաստանի և Ադրբեջանի հետ մեկտեղ) ներգրավումը Եվրոպական հարևանության քաղաքականություն (ԵՀՔ) ծրագրում, իսկ 2009թ.՝ Արևելյան գործընկերության (ԱլԳ ծրագրում)։
Հայաստան-ԵՄ հարաբերությունների՝ ԵՀՔ-ի շրջանակներում դրսևորված առաջին քայլերից եղավ երկրի մասին զեկույցի հրապարակումը 2005 թ. մարտին, իսկ 2012թ. դեկտեմբերի 17-ին ԱլԳ շրջանակում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ստորագրվեցին վիզայի դյուրացման, ապա՝ 2013թ. ապրիլի 19-ին՝ հետընդունման համաձայնագրերը (այս համաձայնագրերն ուժի մեջ մտան 2014թ. հունվարի 1-ից)։
ՎԻԼՆՅՈՒՍԻՑ ԱՌԱՋ
Ինչպես վերևում նշեցինք, Վիլնյուսի գագաթաժողովի նախաշեմին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Սերժ Սարգսյանը 2013թ. սեպտեմբերի 3-ին աշխատանքային այց կատարեց ՌԴ, որից անմիջապես հետո հայտարարվեց ՀՀ-ի՝ ՄՄ-ին անդամակցության մտադրության մասին։ Սա այն գլխավոր ու որոշիչ պատճառն է, թե ինչու ՀՀ-ը դրանից ավելի քան 2.5 ամիս անց՝ նոյեմբերի 28-29-ին, Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում հրաժարվեց նախաստորագրել ԱՀ-ը, որի շուրջ բանակցությունները սկսվել էին դեռևս 2010թ.-ից։ Ավելին, ԵՄ արտաքին կապերի և անվտանգության քաղաքական հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ԵՄ-ի և Հայաստանի միջև բանակցությունների արդյունքը գնահատել էին գերազանց: Համատեղ հայտարարության մեջ նշված էր.
«2010թ. մեկնարկած այս բանակցային գործընթացի ավարտը լուրջ ձեռքբերում է թե՛ ԵՄ-ի, թե՛ Հայաստանի համար: ԱՀ-ը Հայաստանին և ԵՄ-ին հնարավորություն կտա համատեղ ուժերով առաջ մղել արդիականացման և բարեփոխումների մի ընդգրկուն ծրագիր՝ հիմնված ընդհանուր արժեքների, քաղաքական ասոցացման ու տնտեսական ինտեգրման վրա: Համաձայնագիրն անմիջական դրական ազդեցություն կունենա առօրյա կյանքի վրա և Հայաստանին ու ՀՀ քաղաքացիներին ավելի մոտ կդարձնի Եվրոպային: Մեր գոհունակությունն ենք հայտնում բանակցող կողմերի բոլոր մասնակիցներին նման գերազանց արդյունք արձանագրելու կապակցությամբ»:[1]
Հատկանշական է, որ սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանը հայտարարեց, որ նախընտրում է «և՛…և՛»-ի քաղաքականությունը: Կարելի է ասել՝ Հայաստանն այս կերպ ցույց տվեց, որ անկախ ամեն ինչից չի հրաժարվում ԵՄ-ի հետ մերձենալու քաղաքականությունից և փորձեց հերքել, թե այս որոշումը կայացվել է ՌԴ-ի ճնշման ներքո. Հայաստանի իշխանությունները հերքում էին Ռուսաստանի կողմից իրենց վրա ճնշում գործադրելը։ Սակայն ԵՄ-ի ներկայացուցիչները նշեցին, որ պետք է տարանջատում լինի այն երկրների միջև, որոնք ձգտում են խորացնել հարաբերությունները ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետ, և որ նրանք պետք է որդեգրեն ոչ թե «և՛…և՛»-ի, այլ՝ «կա՛մ…կա՛մ»-ի քաղաքականությունը:
Այստեղ ՌԴ-ի դիրքորոշումը բավականին հետաքրքիր է: Վիլնյուսի գագաթաժողովը մոտենում էր, և ՌԴ-ը հստակ գիտեր, որ եթե ՀՀ-ը միանա ՄՄ-ին, ԵՄ-ը չի համաձայնի, որ ՀՀ-ը կնքի ԱԱ-ն. «և՛,…և՛» տարբերակը չի աշխատի, այլ կաշխատի «կա՛մ…կա՛մ» տարբերակը։ 3.5 տարի ՌԴ-ը թույլ տվեց, որ Հայաստանը բանակցի ԵՄ-հետ և կարողացավ չեղարկել Հայաստանի եվրոպական պլանները «3.5 ժամում»: Վլադիմիր Պուտինը կարող էր դա անել բանակցությունների ժամանակ, բայց նա վստահ էր, որ կարող է անել ցանկացած պահի: ԱլԳ երկրների շարքում Հայաստանը դարձավ ռուսական քաղաքականության առաջին զոհը: Հայաստանի օրինակը ՌԴ-ի ուղերձն էր մյուս երկրներին, նախևառաջ՝ Ուկրաինային, որն էլ արդյունքում հրաժարվեց Վիլնյուսի գագաթաժողովում ԱՀ-ի պլանավորված ստորագրումից:
Իսկ ինչո՞ւ ՀՀ-ը ընտրեց ՄՄ-ը։ Դա հասկանալու համար պետք է որոշ հետևություններ անել 2013թ. այն անուղղակի ուղերձներից, որոնք ՌԴ-ը հասցեագրեց ՀՀ-ին։ Դրանք առնչվում են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ինչպես նաև տնտեսական ոլորտին.
- 2013թ. հունիսին ռուսական «Վեդոմոստի» թերթը, վկայակոչելով ՌԴ ՊՆ-ում իր աղբյուրը, գրեց, որ Ռուսաստանը սկսել է մոտ 1 միլիարդ դոլար արժողությամբ զենքի մասշտաբային մատակարարումներն Ադրբեջանին՝ տանկեր, հրետանային համակարգեր, հրթիռային կայաններ։[2] Եվ պատահական չէր, որ ՌԴ-ը զինամթերք տալն Ադրբեջանին պլանավորել էր հենց այդ ժամանակ. Դրանք պետք է ցուցադրվեին հունիսի 26-ին Բաքվում Ադրբեջանի զինված ուժերի օրվան նվիրված անցկացվելիք զորահանդեսի ժամանակ։ Խոսքը պայմանագրերի հիման վրա T-90C տիպի տանկերի երեք գումարտակի (94 միավոր), БМП-3 հետևակի մարտական մեքենայի երեք գումարտակի (մոտ 100 միավոր), Мста-С ինքնագնաց հրետանային սարքերի մեկ դիվիզիոնի (18 միավոր), Смерч համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի (ՀԿՌՀ) մեկ դիվիզիոնի (18 միավոր), Вена ինքնագնաց հրետանային սարքերի մեկ դիվիզիոնի (18 միավոր) և ТОС-1А Солнцепек ծանր հրանետային համակարգի մեկ մարտկոցի (6 միավոր) մատակարարումների մասին է (գնումներն առնչվել են նաև այս համակարգերի օժանդակ, սպասարկու մեքենաներին)։ Թերթի աղբյուրն այս ամենը գնահատել էր առնվազն 700 միլիոն դոլար՝ չբացառելով, որ իրական գինը կարող է հասնել մոտ 1 միլիարդ դոլարի։ Բնականաբար այս համակարգերը կարող էին մեծապես օգտագործվել ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների վերսկսման դեպքում, ինչին ականատես եղանք 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում։ 2013թ. հունիսի կեսին իրականացված տեղեկատվական այս արտահոսքը բնավ պատահական չէր։
- 2013թ. հուլիսի 31-ին ռուս սահմանապահի կողմից թուրք հովվի սպանությամբ (հովիվը հատել էր սահմանը) ՌԴ-ը ցույց տվեց, որ իր սահմանապահների միջոցով կարող է լարվածություն ստեղծել Հայաստան-Թուրքիա հարաբերություններում։ 35-ամյա Մուստաֆա Ուլքերը, ոչխարների հոտի հետևից գնալով, հատել էր Հայաստան-Թուրքիա սահմանը Կարսի նահանգի Արփաչայ շրջանի կողմից: Ռուս սահմանապահները կրակ էին բացել նրա ուղղությամբ ու սպանել: Դրա հետ կապված՝ Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամլո քարտուղար Սերգեյ Գրեչինը հայտարարեց, որ հուլիսի 31-ին Հայաստան-Թուրքիա սահմանը ապօրինաբար հատած թուրք հովիվը կրակ է արձակել ռուս սահմանապահների ուղղությամբ՝ փորձելով թափանցել ՀՀ տարածք, և ռուս սահմանապահները ստիպված են եղել կրակ արձակել: Այստեղ, եթե անգամ մի կողմ դնենք իրականում թուրք հովվի մոտ զենք լինել-չլինելու հանգամանքը, ապա անհասկանալի է, թե ինչ նպատակներ կարող էր հետապնդած լինել նա՝ միայնակ հատելով Հայաստան-Թուրքիա սահմանը և կրակելով ռուս սահմանապահների վրա (կարծես թե միայնակ որոշել էր գրավել ՀՀ-ը)։ Ըստ ամենայնի, հովիվը Ախուրյան սահմանային գետը հատել է իր անասուններին հետ վերադարձնելու համար, որոնք կարող էին հատած լինել գետը (սահմանը), ինչն էլ ճակատագրական է եղել նրա համար (հովիվների կողմից սահմանը նման նպատակներով հատելու դեպքերը, թերևս, բազմազան են)։
Եվ զարմանալի չէր, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն դիվանագիտական նոտա հղեց պաշտոնական Երևանին` սահմանախախտ հովվին սպանելու համար` հայերին դատապարտելով «անհավասարաչափ ուժ» կիրառելու մեջ: Փաստաթղթում բացատրվում է, թե ինչպես և ինչու է Թուրքիայի քաղաքացին ապօրինի հատել հայ-թուրքական սահմանը, և պահանջվում է բացատրել, թե ինչու է «անհամաչափ ուժ» կիրառվել նրան սպանելու ուղղությամբ: Փաստաթուղթն ուղարկվել է Վրաստանում Թուրքիայի դեսպանատան միջոցով (ՀՀ-ը և Թուրքիան չունեն դիվանագիտական հարաբերություններ): Դրանից հետո ՀՀ ԱԳՆ-ը ֆեյսբուքյան իր էջում տեղադրեց հետևյալ հաղորդագրությունը. «Օգոստոսի 1-ին ՀՀ ԱԳՆ-ը հայտագրով դիմել է թուրքական կողմին, որտեղ ցավ է արտահայտվել դեպքի կապակցությամբ, և հույս հայտնել, որ նմանատիպ դեպքերն ապագայում չեն կրկնվի»:[3] Սա ապացուցում է, որ ՌԴ-ը ցանկության դեպքում գրեթե ոչնչից կարող է լարվածություն առաջացնել Հայաստան-Թուրքիա հարաբերություններում։
- 2013թ. օգոստոսին ՌԴ նախագահ Վ. Պուտինն այցելեց Բաքու, ինչը Ադրբեջանի մայրաքաղաք նրա առաջին այցն էր վերջին 7 տարում։ Ժամկետից բացի տպավորիչ էր նաև Պուտինի պատվիրակության կազմը. արտգործնախարար Սերգեյ Լավրով, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգու, էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակ, արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկով, տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլով, տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաև, ինչպես նաև «Ռոսօբոռոնէքսպորտի» գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկին, Կասպից ծովով բազմակողմ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Իգոր Բրատչիկով, «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչին և «Լուկօյլի» ղեկավար Վագիթ Ալեքպերով։ Ակնհայտ է, որ սա ուղերձ էր ՀՀ-ին, որն ի ցույց էր դնում ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդումը՝ ի հեճուկս ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման։[4] Ինչպես նշում էին մի շարք քաղաքագետներ, Վ. Պուտինը մտադիր էր նաև շոշափել ՄՄ-ին անդամակցելու հարցում Ադրբեջանի իշխանությունների տրամադրվածությունը։
- 2013թ. մայիսի 14-ին «ՀայՌուսգազարդ»-ը դիմեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ)՝ վերանայելու գազի սակագները: Ընկերությունն առաջարկում էր մինչև 10 հազար խմ սպառողների համար (բնակչության) 1000 խմ գազի սակագինը բարձրացնել 67,4%-ով, իսկ խոշոր գազասպառողների համար՝ 61,3%-ով։ Վերջնական սպառողների համար գազն արդեն կարող էր թանկանալ հուլիսի 1-ից։
«ՀայՌուսգազարդը» ՀԾԿՀ-ին առաջարկում էր բնակչությանը վաճառվող 1000 խմ գազի ներկայիս Դ132 հազ. գինը բարձրացնել մինչև Դ221 հազ., իսկ խոշոր գազ սպառողների համար 1000 խմ գինը սահմանել $392՝ ներկայիս $243-ի փոխարեն: Ընկերության ներկայացված հայտից երևում է, որ վերջնական սպառողների համար գազի թանկացումը պայմանավորված էր Հայաստանի համար ռուսական գազի գնի բարձրացումով։ Գազի սակագնի հիմքում դրվել է $270/1000 խմ գինը։[5] - 2013թ. գարնանը ՌԴ-ը նախաձեռնեց իր միգրացիոն օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու հարցը, ինչի հետևանքով 2014թ. հունվարի 1-ից ՌԴ-ում ուժի մեջ մտան «ՌԴ-ից ելքի և ՌԴ մուտքի մասին» և «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» դաշնային օրենքներում կատարված փոփոխությունները: Համաձայն նոր կարգի՝ 2014թ. հունվարի 1-ից սկսած ՌԴ առանց վիզա մուտքի իրավունք ունեցող պետությունների (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության) քաղաքացիները կարող են ՌԴ տարածքում մնալ 90 օր յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում։[6] Սա մեծ հարված էր ՀՀ քաղաքացիներին, հատկապես նրանց, ովքեր աշխատում էին ՌԴ-ում և գումար փոխանցում ՀՀ։ Նշվածն ավելի առարկայական դարձնելու համար ընդգծենք, որ դեպի Հայաստան մասնավոր տրանսֆերտների ներհոսքը 2011թ. նոյեմբերին կազմել է 142.5 մլն դոլար՝ տարեկան կտրվածքով աճելով 13.4%: Ինչպես նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի հաշվետվության մեջ, նման աճը հիմնականում ապահովվել է Ռուսաստանից Հայաստան տրանսֆերտների ներհոսքի 14.8% աճի շնորհիվ, որը կազմել է 123.4 մլն դոլար:[7] Իսկ արդեն «ՌԴ-ից ելքի և ՌԴ մուտքի մասին» և «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» դաշնային օրենքներում փոփոխությունների կատարումից հետո՝ 2015թ. հունվար-մարտին տրանսֆերտների ընդհանուր թիվը կրճատվել է 124,7 մլն դոլարով (կամ 37,7 տոկոսով), մինչդեռ Ռուսաստանից այդ նվազումը կազմել է 119,3 մլն դոլար (կամ 45,3 տոկոս): Ըստ էության, «ռուսական» տրանսֆերտների հոսքը կրկնակի նվազել է, իսկ ընդհանուր ցուցանիշի մեջ նրանց բաժինը տարեկան կտրվածքով կրճատվել է 10 տոկոսով՝ հասնելով 70 տոկոսի:[8] Սա, անշուշտ, պայմանավորված էր նաև Ռուսաստանում տնտեսական իրավիճակի վատթարացմամբ՝ ուղեկցվող Արևմուտքի պատժամիջոցներով։
- 2013թ. Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը (Россельхознадзор) կասեցրեց ՀՀ-ից սառեցված ձկնամթերքի ներկրումը ՌԴ՝ պատճառաբանելով, որ լաբորատոր քննության ժամանակ ՀՀ-ից արտահանված սառեցված ձկնամթերքի խմբաքանակում հայտնաբերվել են վնասակար միկրոօրգանիզմներ ու մանրէներ։[9]
Կարծում ենք, որ Ռուսաստանի այս ուղերձները, որոնք առաջին հերթին հասցեագրված էին Հայաստանին՝ նրան ԵՄ-ի հետ մերձենալուց հեռու պահելու համար, միաժամանակ ուղերձներ էին նաև ԵՄ-ին, ով պետք է հստակ գիտակցեր Հայաստանի (նաև իր) համար դրանց առաջիկա հետևանքները։ Ըստ ամենայնի, ԵՄ-ում մեծ կարևորություն չտվեցին դրանց, անուշադրության մատնեցին, չանցան գործուն քայլերի, և արդյունքը հայտնի է բոլորին. Հայաստանն արդյունքում միացավ ՄՄ-ին։
ՎԻԼՆՅՈՒՍԻՑ ՀԵՏՈ
Վիլնյուսի գագաթաժողովից հետո ԵՄ-ն ու ՀՀ-ն ընդունեցին, որ ավարտել են բանակցություններն ԱՀ-ի շուրջ՝ ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի ոլորտը, սակայն չեն շարունակի դրա նախաստորագրման գործընթացը՝ ՀՀ-ի միջազգային նոր (ՄՄ) պարտավորությունների պատճառով։ Նրանք համաձայնեցին, որ անհրաժեշտ է արդիականացնել ՀՀ-ԵՄ «ԵՀՔ գործողությունների ծրագիրը» (ENP Action Plan)։
Լայն առումով՝ 2013թ. սեպտեմբերի 3-ից հետո ՀՀ-ԵՄ հարաբերություններում տիրեց անորոշություն, երբ Վիլնյուսի գագաթաժողովից առաջ ՀՀ նախագահը հայտարարեց ՄՄ-ին միանալու որոշման մասին։ Չնայած 2013թ. ԱՀ-ը չնախաստորագրելու ՀՀ-ի իշխանությունների որոշմանը՝ ՀՀ-ն ու ԵՄ-ը շարունակեցին իրենց քաղաքական ու առևտրային երկխոսությունն այն ոլոտներում, որոնք համադրելի են ՄՄ-ում ՀՀ-ի ունեցած նոր պարտավորությունների հետ։ 2013թ. դեկտեմբերի 12-13-ին Երևանում ԵՄ աջակցությամբ անցկացվեց «Եվրոպական ինտեգրացիա 2013. ԵՄ-Հայաստան հարաբերությունների հեռանկարները Արևելյան գործընկերության» վիլնյուսյան գագաթնաժողովից հետո» միջազգային երկօրյա համաժողովը, որին մասնակցում էին ՀՀ պաշտոնյաներ, դիվանագետներ, միջազգային և հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ: Համաժողովի նպատակն էր քննարկել ԵՄ-Հայաստան հարաբերությունների բովանդակությունն ու ձևաչափը Վիլնյուսի գագաթաժողովից հետո:
Հայաստանում ԵՄ Պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աճեմյանն այդ համաժողովում նշեց, որ Հայաստանի՝ ՄՄ-ին միանալու որոշումը մի քայլ հետ էր «Ասոցացման համաձայնագրի» և «Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի» ստորագրումից, բայց ԵՄ-ը հարգում է Հայաստանի ինքնիշխան որոշումը և շարունակելու է օժանդակություն տրամադրել այն ոլորտներին, որոնք համատեղելի են պաշտոնական Երևանի ստանձնած նոր պարտավորությունների հետ:
Համաժողովին ներկա ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Վիգեն Սարգսյանը մեջբերեց Սերժ Սարգսյանի` Վիլնյուսում արած հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանը վճռական է շարունակելու ԵՄ-Հայաստան հարաբերությունների առանցքը կազմող խորը և լայնածավալ ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, ազատ տնտեսական մրցակցության ապահովմանը, կառավարության գործունեության թափանցիկության բարձրացմանը, դատական համակարգի անկախության ապահովմանը, խոսքի ազատության երաշխավորմանը, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը. «Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելու որոշումը «խմբագրեց», բայց չբեկանեց Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգը», – սույնով Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է շարունակել Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությունը և իրականացնել բարեփոխումները»:[10]
ԵԱՏՄ-ը գործարկվեց 2015թ. հունվարի 1-ին, իսկ Հայաստանը դրան միացավ հունվարի 2-ին՝ ի տարբերություն Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի, որոնք հիմնադիր անդամներ էին։ Իսկ Ղրղզստանը պաշտոնապես ԵԱՏՄ-ի հինգերորդ անդամ դարձավ 2015թ. օգոստոսին՝ Հայաստանի անդամությունից ամիսներ անց։
Գալով ԱլԳ վերջին՝ Ռիգայի գագաթաժողովին (մայիսի 21-22, 2015թ.), նկատենք, որ այստեղ ՀՀ-ի հետ կապված հետևյալ կետերն ընդգծվեցին՝
- Գագաթաժողովի մասնակիցները ողջունեցին ՀՀ-ի և ԵՄ-ի միջև հետագա համաձայնագրի շուրջ ձեռքբերված ընդհանուր պատկերացումները՝ նպատակ ունենալով զարգացնել և ուժեղացնել իրենց համագործակցությունը համատեղ հետաքրքրությունների շրջանակում։
- Նրանք ողջունեցին (2014թ.) Վիզայի դյուրացման ու հետընդունման համաձայնագրերի գործարկումը ՀՀ-ի հետ՝ ակնկալելով, որ ժամանակի ընթացքում ազատ վիզային ռեժիմի շուրջ երկխոսություն ևս կտարվի ՀՀ-ի հետ՝ պայմանով, որ ՀՀ-ը շարունակի կայուն առաջընթաց ապահովել Վիզայի դյուրացման ու հետընդունման ամբողջական իրագործման հարցում։
- Գագաթաժողովի մասնակիցները հայտարարեցին, որ ակնկալում են առաջին իսկ հնարավորության դեպքում բանակցություններ սկսել ԵՄ-ՀՀ Ավիացիոն համաձայնագրի շուրջ, որն ուղղված է «Բաց երկնքի» քաղաքականության միջոցով ավիացիոն շուկայի ազատականացմանը: 2016թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ Եվրոպական Միության խորհուրդը հաստատեց մանդատը, որով Եվրոպական հանձնաժողովը կբանակցի Հայաստանի հետ համապարփակ օդային տրանսպորտի համաձայնագիր կնքելու նպատակով. «Հայաստանի հետ կկնքվի ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիր, քանի որ Հայաստանն այն երկրների շարքում է, որոնց հետ ԵՄ-ը ստեղծում է ավելի սերտ կապեր իր հարևանության քաղաքականության շրջանակում»:[11]
- Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ մասնակիցները վերահաստատեցին իրենց լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին։[12]
«Կարնեգի Եվրոպա» վերլուծական կենտրոնի փորձագետ Ռիչարդ Յունգսը, անդրադառնալով հետվիլնյուսյան իրադարձություններին, իր հոդվածներից մեկում 2015թ. ապրիլին գրում է. «2013թ. սեպտեմբերից մի քանի ամիս անց ԵՄ-ը հասկանալիորեն սառն էր ՀՀ-ի հանդեպ։ Սակայն, վերջերս, ԵՄ-ի պատասխանը պրագմատիկ էր. համագործակցության հիմնական ձևերը շարունակվեցին, ԵՄ-ը հրավիրեց ՀՀ-ին ճանաչել ԱՀ-ի այն տարրերը, որոնցով ՀՀ-ը դեռ հետաքրքրված է, և որոնք համադրելի են ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ի առջև ունեցած պարտավորությունների հետ։ ԵՄ-ն ընդունեց համաձայնագրի փոփոխման ճանապարհը և հայտարարեց, որ իր (ԵՄ-ի) նպատակն է օգնել ՀՀ-ին պահպանելու բազմավեկտոր պլյուրալիզմն իր արտաքին հարաբերություններում։ ՀՀ-ը դիտարկվեց որպես փորձարարական դաշտ ԵԱՏՄ-ի ու ԱլԳ-ի միջև։ ՌԴ-ի հետ գործընկերության ընտրության համար ՀՀ-ին պատժելու փոխարեն ԵՄ-ը սկզբունքորեն առաջարկում է ՀՀ-ի հետ համագործակցություն հենց վերջինիս կողմից ընտրված մի շարք գերակայությունների շուրջ»։[13]
Մեկ այլ վերլուծաբան Դենիս Սամութը, անդրադառնալով ԵՄ-ՀՀ հարաբերությունների զարգացման շարունակականությանը, իր հոդվածներից մեկում գրում է. «Չնայած ստեղծված անհարմար իրավիճակին՝ երկու կողմերն էլ (ԵՄ-ն ու ՀՀ-ը) հակված են պահպանելու համատեղ գործունեությունը։ ԵՄ-ի կողմից ցանկություն կար պահպանելու/փրկելու մինչև 2013թ. ընկած տարիների ընթացքում կատարված աշխատանքն ու բանակցությունները։ Ինչ վերաբերում է հայկական կողմին, ապա հիմնականում ներքաղաքական նպատակներով կարիք կար չհրաժարվել Եվրոպայի հետ հարաբերություններից և ցույց տալ հավասարակշռություն ընդդեմ ՌԴ-ից ամբողջական կախվածության մեջ ընկնելուն։ Այդ իսկ պատճառով ՀՀ իշխանական լրատվամիջոցներում վերջին տարում բոլոր հնարավոր դեպքերում Եվրոպան ներկայացվում է որպես ՀՀ-ի ընկեր և գործընկեր։ Եվ այս դեպքերը ծառայել են իրենց նպատակին»։[14]
2015թ. հոկտեմբերի 12-ին Արտաքին հարաբերությունների խորհուրդը լիազորեց Եվրոպական հանձնաժողովին և Բարձր ներկայացուցչին սկսել բանակցությունները Հայաստանի հետ նոր, պարտադիր իրավական ուժ ունեցող, համալիր համաձայնագրի շուրջ, ինչպես նաև տրամադրեց համապատասխան բանակցային մանդատը։ 2015թ. դեկտեմբերի 7-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելում ազդարարեցին Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր իրավական շրջանակային փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկը։[15]
Նոր համաձայնագիրը կփոխարինի գործող ԵՄ-Հայաստան Գործընկերության և համագործակցության համաձայնագրին, որը ներկայումս հարաբերությունները կարգավորող և առաջնահերթություններն ընդգծող հիմնական փաստաթուղթն է: 2015թ. դեկտեմբերից անցկացվել է բանակցությունների վեց փուլ։ Ընդ որում, յուրաքանչյուր բանակցային փուլում քննարկվել են համաձայնագրի հստակ բաժիններ։ Բանակցային մի քանի փուլեր անցկացվել են Բրյուսելում, մի քանիսը՝ Երևանում։ Բրյուսելում են անցկացվել 2015թ. դեկտեմբերի 7-ի (առաջին), 2016թ. փետրվարի 17-ի (երկրորդ), հունիսի 21-22-ի (չորրորդ), դեկտեմբերի 9-ի (վեցերորդ և այս տարվա վերջին) բանակցային փուլերը, Երևանում են անցկացվել մայիսի 12-ի (երրորդ), հոկտեմբերի 25-ի (հինգերորդ) բանակցային փուլերը։ Դրանցում քննարկվել են քաղաքական երկխոսության, բարեփոխումների, արդարադատության և ազատությունների ոլորտներում համագործակցության, ինչպես նաև առևտրին և ներդրումներին նվիրված հարցեր, յուրաքանչյուրի վերաբերյալ դրական ու ոգևորող գնահատականներ են տրվել թե՛ հայկական, թե՛ եվրոպական կողմից։
2016թ. նոյեմբերի 17-ին Երևանում անցկացվող ԱլԳ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական ութերորդ հանդիպման շրջանակներում կայացած ասուլիսում Էդվարդ Նալբանդյանն իր խոսքում նկատեց, որ ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ 2015թ. դեկտեմբերից հետո կայացած բանակցային փուլերը բավականին հաջող են եղել, արձանագրվել է առաջընթաց.
«Ամենակարևորն այն է, որ Հայաստանը, Եվրամիությունը ցանկանում են, որ համաձայնագիրը հնարավորինս արտացոլի մեր հարաբերությունների ամբողջ էությունը, խորությունը: Կարծում եմ՝ և՛ Հայաստանի, և՛ Եվրամիության ցանկությունն է նոր շրջանակային համաձայնագրում ընդգրկել առավելագույնը, ինչի մասին կարող ենք պայմանավորվածության գալ»։[16] Միևնույն ժամանակ, ԵՀՔ և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաննը հույս հայտնեց, որ բանակցությունները կավարտվեն հաջորդ տարվա ընթացքում: Նշենք, որ բանակցային վերջին՝ վեցերորդ փուլը կայացավ 2016թ. դեկտեմբերին Բրյուսելում։
Կան մի շարք լավատեսական կարծիքներ՝ շրջանակային համաձայնագրի կնքման վերաբերյալ թե՛ ՀՀ-ում, թե՛ ԵՄ-ում։ 2016թ. նոյեմբերին ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը լրագրողների հետ հանդիպմանը նշեց. «Առհասարակ, այն փաստը, որ կնքվելու է նման համաձայնագիր, արդեն հաջողություն է: ՀՀ կառավարությունն ազդակ է հղում Եվրամիությանը, որ Հայաստանը ցանկանում է գնալ արդիականացման և բարեփոխումների ճանապարհով, և այդ ճանապարհին Եվրամիությունը կարևոր գործընկեր է: Ես համոզված եմ, որ Եվրամիությունն ու իր անդամ պետությունները շահագրգիռ են նոր ազդակներ հաղորդելու այս համագործակցությանն ու կնքվելիք համաձայնագրին»։[17]
ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին իր հերթին 2016թ. նոյեմբերին կայացած մամուլի ասուլիսին հայտնեց, որ Լեհաստանի կառավարությունը սատարում է ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի ստորագրմանը. «Հուսամ, որ համաձայնագրի ստորագրման հետ կապված որևէ խոչընդոտ չի առաջանա»։[18]
ԱՄՓՈՓՈՒՄ
Ամփոփելով կարող ենք նկատել, որ ԵՄ-ը պատրաստ չէ վերջնականապես հրաժարվելու և չի հրաժարվել ՀՀ-ից։ Պատճառներից մեկն այն է՝ ԵՄ-ը հասկանում է, որ ՀՀ-ից «հրաժարվելով» և նրան այլընտրանքից զրկելով, ՀՀ-ն ամբողջական կախվածության մեջ կընկնի ՌԴ-ից (օրինակ, եթե Արևմուտքը վարկեր չտրամադրի)։
ԵՄ-ը միևնույն սկզբունքով առաջնորդվում է նաև Բելառուսի պարագայում՝ համարելով, որ իր կողմից սահմանած պատժամիջոցները Բելառուսին զրկում են մանևրելու հնարավորությունից և մղում դեպի ՌԴ՝ հեռացնելով ԵՄ-ից և տվյալ երկրի հասարակությանը տրամադրում ԵՄ-ի դեմ։ Բացի այդ ԵՄ-ը հասկանում է, որ ՀՀ-ի կողմից ԱՀ-ի նախաստորագրման ձախողման միակ պատճառը ՌԴ-ի միջամտությունն էր։ Եթե այդ միջամտությունը չլիներ, համաձայնագիրը միանշանակ կնախաստորագրվեր, և ՀՀ-ն (նաև ԵՄ-ը) էլ չէր հայտնվի անհարմար իրավիճակում։
Ինչ-որ առումով ԵՄ-ը գուցե զգում է պատասխանատվության իր չափը ներկա իրավիճակում, որը վերաբերում է ՌԴ-ի սպառնալիքը նախապես չգնահատելուն և ՀՀ-ին հուսալի այլընտրանք չառաջարկելուն, սակայն, մյուս կողմից, ԵՄ-ը հստակ գիտակցում է յուրաքանչյուր տարածաշրջանի ինտեգրման, հարաբերությունների խորացման չափն ու աստիճանը։ Այսինքն՝ ԵՄ-ը, բնական է, որ չէր անտեսել ռուսական սպառնալիքի գործոնը, այլ հարց է՝ որքանո՞վ էր նպատակահարմար գտնում հարավկովկասյան երկրի համար/պատճառով (այս դեպքում՝ ՀՀ-ի), որտեղ տեղակայված է ռուսական 102-րդ ռազմակայանը, լուրջ դիմակայության մեջ մտնել ՌԴ-ի հետ։ Ի վերջո, ԱլԳ երկրները տարբերակված են ԵՄ-ի համար ունեցած կարևորությամբ ու լարվածության հավելյալ օջախների ստեղծման տեսակետից։
Այսօր քիչ հավանական է, որ ԵՄ-ի նոր համագործակցությունը ՀՀ-ի հետ կունենա նույն առավելությունները, որոնք սպասվում էին ԱՀ-ի ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) համաձայնագրի ստորագրման պարագայում (500 միլիոնանոց շուկա, ինչպես նաև եվրոպական ընդարձակ ու նշանակալի ներդրումներ տնտեսական ոլորտում): Նկատենք, որ ԵՄ-ը Հայաստանի առաջին առևտրային գործընկերն է, առաջին միջազգային դոնորն ու արտասահմանյան ներդրողը։ Այսօր ՀՀ-ը պատրաստվում է ունենալ ԵՄ-ի հետ փոխզիջումային համաձայնագիր, որը վերաբերելու է համագործակցության սահմանափակ շրջանակի։
ԵՄ-ի և ՀՀ-ի միջև ներմուծման ու արտահանման ծավալները 2011-2015թթ.[19]
Արտահանում | Ներմուծում | ||||||
2012 | 2013 | 2014 | 2015 | 2012 | 2013 | 2014 | 2015 |
275
(մլն €) |
261
(մլն €) |
274
(մլն €) |
307
(մլն €) |
683
(մլն €) |
717
(մլն €) |
713
(մլն €) |
631
(մլն €) |
Խոսելով ԵՄ-ի ու ՀՀ-ի միջև նոր շրջանակային համաձայնագրի կնքման հնարավորության մասին՝ պետք է նկատել, որ իրավիճակը որոշակիորեն նման է Վիլնյուսի գագաթաժողովին նախորդած ժամանակաշրջանին, երբ հասարակական ու պաշտոնական մակարդակներով գրեթե բոլորը վստահ էին, որ ԱՀ-ը կնախաստորագրվի ՀՀ-ի ու ԵՄ-ի միջև։ Սակայն հիմնական տարբերությունը, որը մեծացնում է նոր շրջանակային համաձայնագրի կնքման հնարավորությունը, այն փաստն է, որ վերջինիս պարագայում մեծ հատվածը վերապահված է համաձայնագրի քաղաքական մասին, և, համեմատաբար, փոքր ու սահմանափակ հատվածը՝ տնտեսական մասին։ Սա պայմանավորված է ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ի անդամ լինելու հանգամանքով և այդ շրջանակում ունեցած միջազգային պարտավորություններով։
Գործոններ ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագրի առաջիկա ստորագրման օգտին
- Անցյալի դառը փորձ- Քանի որ Ռուսաստանն անցյալում արդեն իսկ տորպեդահարել է ՀՀ-ի ու ԵՄ-ի միջև ԱՀ-ի նախաստորագրումը (և դրանով նաև ստորագրումը), ուստի և կողմերը (ՀՀ, ԵՄ) այս անգամ պետք է, որ հաշվի առած լինեն անցյալի դառը փորձը, լրջորեն ծանրութեթև արած լինեն իրենց հնարավորությունները, գործընթացը հաջողությամբ իրականացնելու հեռանկարները (Ռուսաստանի հնարավոր հակազդեցության աստիճանը), որպեսզի երկրորդ անգամ կանգ չառնեն նույն կոտրած տաշտակի առջև։ Երկրորդ անգամ Ռուսաստանի միջամտությամբ գործընթացը ձախողելու դեպքում կողմերն իսկապես կհայտնվեն անօգնականի, տկարի կարգավիճակում։
- Համաձայնագրի քաղաքական մասի գերակայություն – Թեպետ առաջիկա փաստաթղթի բուն մանրամասները չեն հաղորդվում, սակայն հայտնի է, որ նոր համաձայնագրում գերակայելու է քաղաքական մասը, իսկ տնտեսական մասը նեղացված է և հարմարեցված ԵԱՏՄ-ի մասով Հայաստանի ստանձնած պարտավորություններին։ Այլ կերպ ասած՝ այսպիսով փորձ է ձեռնարկվում նվազագույնի հասցնել Ռուսաստանի հնարավոր հակազդեցությունը, փարատել նրա մտավախությունները, որոնցում գերակայել և գերակայում է տնտեսական գործոնը։
- Նոր իրողություններ – Ներկայիս իրավիճակը չենք համեմատի Վիլնյուսի գագաթաժողովից առաջ տիրող իրավիճակի հետ, երբ Ռուսաստանը խստապես ուներ Հայաստանին ԵՄ-ի հետ ԱՀ-ը նախաստորագրելուց հետ պահելու միջոցով ԱլԳ անդամ մյուս երկրներին ուղերձ հղելու կարիք, որոնք նույնպես պատրաստվում էին Վիլնյուսում նախաստորագրել կամ ստորագրել ԵՄ-ի հետ ԱՀ-ը։ Այժմ Հայաստանն իր ներկայիս «կարգավիճակով» միակն է ԱլԳ անդամ երկրների թվում (որը պատրաստվում էր ԵՄ-ի հետ նախաստորագրել կամ ստորագրել ԱՀ-ը, սակայն ցայժմ չի արել դա և փոխարենն անդամակցել է տնտեսական այլ միության), և «Հայաստանի միջոցով» ԱլԳ անդամ մյուս երկրներին ուղերձ հղելու կարիք չի զգացվում։
- Հակառուսական տրամադրությունների չբորբոքում – Ռուսաստանը հասկանում է, որ վերջին շրջանում իր վարած քաղաքականության, գործած քայլերի պատճառով զգալիորեն սասանվել է սեփական հեղինակությունը, վարկը ՀՀ քաղաքացիների շրջանում, ինչն էլ ավելի ակնառու դարձավ Ղարաբաղյան հակամարտության գոտում ապրիլյան թեժացման ժամանակ։ Թեպետ Ռուսաստանն այս հարցում փորձեց շտկել իրավիճակը՝ տրամադրելով Իսկանդեր հրթիռային համալիրներ (բնականաբար, դրանց արտահանման տարբերակը, որոնց հեռահարությունը չի գերազանցում 300 կիլոմետրը), սակայն դա նոր խնդիրներ առաջացրեց հասարակության շրջանում։ Մասնավորապես, նոր բանավեճեր ծագեցին այն մասին, թե իրականում ում են պատկանում դրանք (ՀՀ-ի՞ն, թե՞ ՌԴ-ին), իրականում ե՞րբ, ապրիլյան պատերազմից առա՞ջ, թե՞ հետո են դրանք բերվել Հայաստան (հաստատվեց, որ բերվել են ապրիլյան պատերազմից առաջ, ինչը վկայեց, որ դրանց առկայությունը չի կանխել ապրիլյան պատերազմը)[20]։ Բացի այդ ՀՀ-ում քաջ գիտակցում են, որ Հայաստանին Իսկանդեր համակարգեր տրամադրելով՝ Ռուսաստանը սպառազինությունների նոր մակարդակի մրցավազք է առաջացնում տարածաշրջանում՝ Ադրբեջանին մղելով համարժեք քայլերի (նույն Ռուսաստանից, կամ այլ երկրներից քիչ թե շատ համարժեք զենք գնելու համար)։ Այսպիսով, Ռուսաստանը կարող է և չցանկանալ դիմել ՀՀ-ում հակառուսական նոր տրամադրությունների ալիք բորբոքելուն։
- Ռուսաստանի համար խնդրի ոչ մեծ կարևորություն – ԵՄ-ՀՀ նոր համաձայնագիրը կենսական կարևորության հարց չէ Ռուսաստանի համար։ Մեծ հաշվով այն չի կարող կասկածի տակ դնել ՀՀ-ում Ռուսաստանի դիրքերը, որոնք բավականին ամուր են։ ԵՄ-ՀՀ նոր համաձայնագրի ստորագրման դեպքում Ռուսաստանը կշարունակի Հայաստանում պահպանել իր բավականին մեծ ազդեցությունն ու լծակները։ Մեծ հաշվով՝ Ռուսաստանը հասել է իր նպատակին՝ խափանելով ԵՄ-ի ու ՀՀ-ի միջև ԱՀ-ի նախաստորագրումն ու ստորագրումը։
- ԵԱՏՄ անդամ Հայաստանի բացառիկ դիրք – Հայաստանը ԵԱՏՄ եվրոպական անդամների թվում միակն է, ով ԵՄ-ի հետ պահպանում է բավականին ջերմ հարաբերություններ. Ռուսաստանն ու Բելառուսը գտնվում են ԵՄ-ի պատժամիջոցների ներքո, բացի այդ Բելառուսը ԵԽ անդամ չէ (2016թ. փետրվարի կեսին ԵՄ-ը հանեց Բելառուսի դեմ պատժամիջոցների մեծ մասը, ինչը զգալիորեն հնարավոր դարձավ Բելառուսի կողմից Դոնբասի ճգնաժամի վերաբերյալ Ռուսաստանի ու Արևմուտքի մասնակցությամբ բանակցությունները Մինսկում հյուրընկալելու և այդպիսով կառուցողական դիրքորոշում ցուցաբերելու շնորհիվ)։ Ռուսաստանը կարող է օգտվել Հայաստանի այս «կարգավիճակից», ով նույնպես կարող է ժամանակի ընթացքում որոշ հարցերում կապող օղակ ծառայել ԵՄ-ի ու ՌԴ-ի միջև։ ԵՄ-ի պատժամիջոցների ներքո գտնվող Ռուսաստանը կարող է օգտագործել ԵՄ-ՀՀ նոր համաձայնագրի ստորագրման հարցը և չգնալով դրա տորպեդահարմանը՝ դրանով իսկ ԵՄ-ին ցույց տալ իր կառուցողականությունը և դրական մթնոլորտ ապահովել ԵՄ-ի հետ երկկողմ հարաբերություններում։ Իր հարցազրույցներից մեկում Եվրոպայի Հայ դատի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը նշում է. «Հայաստանը կարող է տնտեսապես գործակցել այնքան հեռու, որքան որ չի հակասի Հայաստանի պարտավորություններին ԵՏՄ-ի առաջ։ Ռուսաստանը կարող է օգտվել այս իրավիճակից, որովհետև ԵՏՄ անդամ երկրներից միայն Հայաստանն է, որ լավ հարաբերություններ ունի Եվրամիության հետ, և Ռուսաստանին դա կարող է հակառակը՝ ձեռնտու լինել»։[21]
- Ռուսաստանի մեծ զբաղվածություն, խնդիրներ – 2017թ. ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման ժամանակահատվածում Ռուսաստանը կարող է զբաղված լինել արտաքին քաղաքական և/կամ ներքաղաքական (տնտեսական) առավել կարևոր խնդիրների լուծմամբ։ Ինչպես ցույց տվեց Վիլնյուսի գագաթաժողովը, Ռուսաստանի ռեսուրսներն ու ժամանակը չներեցին ԵՄ-ի դեմ պայքարելու «ԱլԳ ողջ ճակատով», և նախապատվությունը տրվեց ԱլԳ ամենակարևոր երկիր Ուկրաինային։ Թեև 2017թ. չի ակնկալվում ԱլԳ-ի գծով ԵՄ-ի մասշտաբային նոր «գրոհ», սակայն տարածաշրջանային, աշխարհաքաղաքական զարգացումները (օրինակ, Սևծովյան տարածաշրջանում իր ռազմական (ռազմաօդային ու ռազմածովային) ներկայությունը մեծացնելու մասին ՆԱՏՕ-ի ներկայիս որոշումը), սեփական տնտեսական խնդիրները կարող են զգալիորեն շեղել Ռուսաստանի ուշադրությունը՝ այն գամելով ավելի կարևոր խնդիրների վրա, քան ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումն է։
Բնականաբար, այս ամենը չի նշանակում, թե չկան գործոններ, որոնք իրենց հերթին կխոսեն ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագրի չստորագրման օգտին։
Գործոններ ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագրի չստորագրման օգտին
- Ռուսաստանի հակազդեցություն – Չնայած վերոբերյալ հանգամանքներին՝ Ռուսաստանը կարող է խանդով վերաբերել ԵՄ-ՀՀ անգամ նման փոքր մերձեցմանը և ցանկանալ վերստին տորպեդահարել այդ մերձեցումը։ Ռուսաստանը կարող է վերստին փորձել դիմել ՀՀ-ի նկատմամբ ԵՄ-ի «ամեն տեսակի ոտնձգությունների» կանխմանը, քանի որ այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակ ակնկարկում է, որ հետխորհրդային տիրույթն իր տայգան է, և որի միակ որսորդն ինքն է, ու չի հանդուրժի նոր որսորդների մուտքը տայգա։ Դրա համար էլ ԵՄ-ՀՀ նոր համաձայնագրի ստորագրման հարցը կարող է դիտարկվել նաև Ռուսաստանի իմիջին վնաս պատճառելու տեսանկյունից և մղել կանխարգելիչ քայլերի։ Արտաքին քաղաքական ու ներքաղաքական զարգացումներից կախված՝ կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, որ Ռուսաստանի իշխանություններն ունենան Արևմուտքի հանդեպ փոքրիկ հաղթանակի կարիք, և այդ պլանում ամենահարմար և դյուրամատչելի առիթը կարող է դառնալ ԵՄ-ՀՀ նոր համաձայնագրի ստորագրման խափանումը։
- ՀՀ իշխանությունների կամային թույլ հատկանիշներ – ՀՀ իշխանություններն աչքի չեն ընկնում Ռուսաստանին տարբեր հարցերում քիչ թե շատ հակազդելով, նրա դեմ հակաքայլեր անելով, քիչ թե շատ հավասարակշռված քաղաքականություն վարելով։ Դա մի կողմից կարող է «պատճառաբանվել» Հայաստանում Ռուսաստանի մեծ ազդեցությամբ, այդ թվում նաև՝ ռազմակայաններ ունենալու հանգամանքով, սակայն այդ պլանում ուսանելի կարող է լինել Ֆիլիպինների (ԱՄՆ նախկին գաղութ) նոր նախագահ Ռոդրիգո Ռոա Դուտերտեի օրինակը (իրավիճակները թեև շատ բանով նման են, սակայն, բնականաբար, նույնը չեն), ով սկսել է հանդես գալ հակաամերիկյան մի շարք հայտարարություններով, այդ թվում նաև պահանջելով երկրից դուրս բերել ամերիկյան ռազմակայանները։ Պետք չէ այդքան հեռուն գնալ. ԵԱՏՄ անդամ երկրներ Բելառուսի ու Ղազախստանի առաջնորդներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Նուրսուլթան Նազարբաևը հարկ եղած դեպքերում չեն խորշում Ռուսաստանի դեմ հակաքայլեր ձեռնարկելուց՝ դժգոհելով իրենց հանդեպ նրա ծավալապաշտական, պատժամիջոցային քաղաքականությունից։
- Ղարաբաղյան հակամարտության գործոն – Անկասկած կարելի է համարել, որ այս գործոնը հիմնական դերն է խաղացել ՀՀ-ի ու ԵՄ-ի միջև ԱՀ-ի նախաստորագրելու գործընթացը ՌԴ-ի կողմից տապալելու հարցում։ Սա ՀՀ-ի դեմ Ռուսաստանի հիմնական լծակներից է, որը նա կարող է կիրառել, եթե ՀՀ-ը որոշի ընթանալ Ռուսաստանի համար անցանկալի ուղով։ Ռուսաստանը կարող է Ադրբեջանին քարտ բլանշ տալ՝ հայկական կողմի դեմ կարճատև պատերազմ սկսելու (որոշ տարածքներ ձեռք բերելու) համար, որը նրա մտահղացմամբ՝ բնականաբար չպետք է հանգեցնի ուժային ճանապարհով հիմնախնդրի կարգավորմանը և երկու երկրների վրա Ռուսաստանի ունեցած այդ գործուն լծակի վերացմանը։
- ԵՄ–ի վճռականության, լծակների, արագագործության պակաս – ԵՄ-ն աչքի չի ընկնում մեծ վճռականությամբ ԱլԳ անդամ երկրների համար Ռուսաստանի դեմ լուրջ դիմակայության մեջ մտնելու գործում, ինչի մասին վկայեց նաև Վիլնյուսի գագաթաժողովի նախօրեն։ Հայաստանը Ռուսաստանի համար, թերևս, ավելի է կարևորվում, քան ԵՄ-ի համար։ Հանուն արդարության նշենք, որ ԵՄ-ը Հայաստանում չունի այնպիսի ազդեցություն ու լծակներ, որպիսիք ունի Ռուսաստանը։ Խնդիրը բարդացնում է նաև այն, որ Ռուսաստանը, բնականաբար, մեկ երկիր է՝ առավել ևս՝ միանձնյա կառավարմամբ, մինչդեռ ԵՄ-ը 28 երկրներից բաղկացած միավորում է, ուր այս կամ այն հարցի շուրջ հաճախ տարաձայնություններ են ծագում, ինչն էլ ձգձգում է հարցի լուծումը։ Ռուսաստանն այդ առումով ունի մեծ առավելություն և առավել արագ ու վճռական է գործում՝ համեմատած ԵՄ-ի հետ։ Ամեն դեպքում գովելի է, որ ԵՄ-ը չի հուսահատվում և շարունակում է քայլեր ձեռնարկել ՀՀ-ին իրեն մերձեցնելու ուղղությամբ՝ գիտակցելով, որ միայն այդ կերպ է հնարավոր փոքր ու աստիճանաբար նրան հեռացնել Ռուսաստանի ուղեծրից։
Անի Եղիազարյան
ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ
«Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում» ծրագիր (NED)
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)
[1]Joint Statement by High Representative Catherine Ashton and Commissioner ŠtefanFüle on completion of negotiations on the future Association Agreement with Armenia, Brussels, 25 July 2013, http://www.consilium.europa.eu/uedocs/cms_Data/docs/pressdata/EN/foraff/138404.pdf, վերջին մուտք 11.11.2016։
[2] Россия вооружает Азербайджан, 18.06.2013, Полина Химшиашвили, Алексей Никольский, http://www.vedomosti.ru/politics/articles/2013/06/18/v_baku_idet_smerch, վերջին մուտք 20.12.2016։
[3]ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը թուրք հովվի սպանության առիթով. «Նմանատիպ դեպքերն ապագայում չեն կրկնվի», օգոստոսի 2, 2013թ., http://www.aravot.am/2013/08/02/272745/, վերջին մուտք 15.12.2016:
[4]Путин и Алиев довольны рекордным ростом товарооборота между странами, 13.08.2013, https://ria.ru/economy/20130813/956047865.html#ixzz2brQLmsaT, վերջին մուտք 15.11.2016:
[5] Ինչ է խոստանում գազի թանկացումը Հայաստանի տնտեսությանը, մայիսի 15, 2013թ., http://www.aravot.am/2013/05/15/243220/, վերջին մուտք 18.12.2016։
[6] Путин: въезд в РФ только по загранпаспортам реально ввести с 2015 года, 18.04.2013,https://ria.ru/politics/20130418/933377608.html, վերջին մուտք 18.12.2016։
[7] Ռուսաստանից Հայաստան տրանսֆերտներն աճում են, իսկ ԱՄՆ-ից` նվազում, 12 հունվարի, 2012թ., http://finport.info/full_news.php?id=16316&lang=1, վերջին մուտք 18.12.2016։
[8] ՌԴ-ից Հայաստան տրանսֆերտների հոսքը 1-ին եռամսյակում նվազել է 119,3 մլն դոլարով, 08.05.2015, https://news.am/arm/news/265821.html, վերջին մուտք 15.12.2016։
[9] Россельхознадзор обнаружил опасные бактерии в продукции из более чем 20 стран, 12.08.2013,
http://foodcontrol.ru/news/5523?print=true, վերջին մուտք 15.12.2016։
[10]ԵՄ-Հայաստան երկխոսությունը Վիլնյուսից հետո, ԵՄ պատվիրակությունը Երևանում, Հաղորդագիր, http://eunewsletter.am/hy/eu-armenia-dialogue-after-vilnius/, 13.01.2014, վերջին մուտք 20.12.2016։
[11]ԵՄ-ը և ՀՀ-ը կբանակցեն ավիացիոն համաձայնագրի շուրջ, Դեկտեմբերի 1, 2016թ., http://www.mediamax.am/am/news/society/20819/, վերջին մուտք 20.12.2016։
[12] Joint Declaration of the Eastern Partnership Summit, Riga, 21-22 May 2015, http://eeas.europa.eu/eastern/docs/riga-declaration-220515-final_en.pdf, p 3-5, վերջին մուտք 20.12.2016։
[13] Armenia as a Showcase for the New European Neighborhood Policy?, Carnegie Europe, Richard Youngs, April 2, 2015, http://carnegieeurope.eu/strategiceurope/?fa=59617, վերջին մուտք 20.12.2016։
[14] Dennis Sammut, Armenia-EU relations, May 2015, http://commonspace.eu/eng/news/6/id3269.
[15] Բրյուսելում տրվել է Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը, 08.12.2015, http://www.civilnet.am/news/2015/12/08/eu-armenia-new-agreement-negotiations/283079#.VsMoUfmLTcs, վերջին մուտք 20.12.2016։
[16] FM Nalbandian speaks of the EU-Armenia new framework agreement, 17.11.2016, http://www.panorama.am/en/news/2016/11/17/FM-Nalbandian-speaks-of-the-EU-Armenia-new-framework-agreement/1679562, վերջին մուտք 24.11.2016։
[17]Armenia-EU framework agreement could be signed next summer – ambassador, 22.11.2016,
http://www.tert.am/en/news/2016/11/22/germ-ambassador/2200161, վերջին մուտք 24.11.2016։
[18]Poland ambassador: I hope there will be no further obstacle ahead of signing Armenia-EU agreement, 09.11.2016, available at http://armenpress.am/arm/news/867207/there-is-no-obstacle-to-signing-eu-armenia-framework-agreement-E28093-polish-ambassador-to-armenia.html, վերջին մուտք 24.11.2016։
[19] European Union, Trade with Armenia, European Commission, http://trade.ec.europa.eu/doclib/docs/2006/september/tradoc_113345.pdf, վերջին մուտք 20.12.2016։
[20] Ամուր՝ մեր լեռների պես. զորահանդես, որը սպառիչ պատասխան տվեց շատ հարցերի, Հանրային հեռուստաընկերություն, 25.09.2016, https://www.youtube.com/watch?v=gu7jKUN6y3s&app=desktop
[21] «Հայաստան-ԵՄ նոր փաստաթուղթն այս տարի չի ստորագրվի». Մոսկվան կրկին կխոչընդոտի՞, Մարիամ Գրիգորյան, հասանելի է http://www.1in.am/2040521.html, 02.11.2016, վերջին մուտք 01.12.2016։