«Մեր կողմից կոռեկտ չէր լինի խոսել Լուկաշենկոյի բացակայության պատճառների մասին». Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Սանկտ Պետերբուրգում ԵՏՄ և ՀԱՊԿ գագաթաժողովներում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բացակայության պատճառները պետք է հայտնի բելառուսական կողմը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Ես չեմ կարծում, թե «խուսափել» բառն այստեղ տեղին է օգտագործել։ Իսկապես, մեր բելառուս գործընկերները հայտնել են, որ Լուկաշենկոն չի կարող մասնակցել այսօրվա գագաթաժողովներին։ Կարծում եմ՝ մեր կողմից կոռեկտ չէր լինի խոսել պատճառների մասին, ամեն դեպքում դա պետք է անի Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը»,- ասել է Պեսկովը լրագրողներին։
«Դուք գիտեք, որ Բելառուսը եղել է, կա և շարունակում է մնալ մեր մերձավոր դաշնակիցը և գործընկերը, մենք Միութենական պետություն ենք։ Բելառուսը մեր շատ կարևոր գործընկերն է բոլոր միջազգային հարցերում, առևտրատնտեսական համագործակցությունում։ Մենք շատ ենք գնահատում այն փաստը, որ Բելառուսի ժողովուրդն այսօր սգում է մեզ հետ։ Դա շատ կարևոր է, և դա ևս մեկ անգամ վկայում է մեր հարաբերությունների, մեր միության մակարդակի մասին»,- ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ դե-ֆակտո Լուկաշենկոյի բացակայությունը չի խանգարի քննարկել առարկայական հարցեր՝ կապված ինտեգրացման հետ։
«Բոլոր փաստաթղթերը, որոնք այսօր ստորագրվելու են, ավելի վաղ ամբողջությամբ համաձայնեցվել են մեր բելառուս գործընկերների հետ»,- ասել է Պեսկովը՝ բացատրելով, որ այդ փաստաթղթերն այնուհետ ուղարկվելու են Մինսկ՝ Բելառուսի նախագահի ստորագրմանը։