Բաժիններ՝

ՌԴ ՊՆ-ի հիվանդանոցը կկոչվի ավիաաղետում զոհված բժիշկ Ելիզավետա Գլինկայի անունով

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ գերատեսչության բժշկական հաստատություններից մեկը որոշվել է անվանել բժիշկ, «Արդար օգնություն» հիմնադրամի գործադիր տնօրեն, իր մարդասիրական ծրագրերով հայտնի իրավապաշտպան Ելիզավետա Գլինկայի անունով, որը մահացել էր Սոչիի շրջանում ավիաաղետի հետևանքով։

Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ընդ որում՝ գերատեսչությունը չի նշում՝ որ բժշկական հաստատությունն է կրելու Ելիզավետա Գլինկայի անունը։

ՌԴ ՊՆ-ն խոստացել է ավարտին հասցնել Գլինկայի սկսած գործն ու Սիրիայի Լաթաքիա քաղաքի հիվանդանոցին փոխանցել մարդասիրական օգնությունը, որը բժիշկը ցանկանում էր ինքնուրույն փոխանցել։

Գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ բեռը Սիրիա էր ուղարկվել այլ ինքնաթիռով։ Այն արդեն գտնվում է «Խմեյմիմ» ռուսական ավիաբազայում։

«Արդար օգնություն» հիմնադրամի կայքում նշվում է, որ Գլինկան որոշել էր անձամբ ուղեկցել մարդասիրական բեռը, որը նախատեսված էր Լաթաքիայի Տիշրին համալսարական հոսպիտալի համար:

Գլինկայի գործունեության հիմնական ոլորտը ռազմական հակամարտություններից տուժածներին, այդ թվում՝ երեխաներին օգնելն էր:
Հայտնի է, որ նրա ղեկավարած հիմնադրամն աջակցել է նաև Արցախին՝ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ:

Օրեր առաջ 54-ամյա բարեգործն իր գործունեության համար ՌԴ պետական պարգևի էր արժանացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս