Բաժիններ՝

HDP կուսակցությունը Թուրքիայի իշխանություններին մեղադրել է իր գրասենյակների վրա հարձակումները խրախուսելու մեջ

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» (HDP) կուսակցությունը հայտնել է երկրի բազմաթիվ քաղաքներում իր գրասենյակների վրա գիշերային հարձակումների մասին և կատարվածի պատասխանատվությունը դրել Թուրքիայի իշխանությունների վրա, ասվում է կուսակցության՝ այսօր տարածած գրավոր հայտարարության մեջ:

Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին Ստամբուլի Բեյլիքդյուզյու շրջանում մի խումբ անհայտ անձանց կողմից կուսակցության գրասենյակի վրա հարձակման մասին:
Անհայտ դիմակավորված անձինք հարձակվել էին կուսակցության գրասենյակի վրա, կոտրել դուռը, այրել կահույքը, ապա հեռացել: Հարձակման հետևանքով պայթյուն էր տեղի ունեցել, կոտրվել էին գրասենյակի ապակիները:

Հարձակումը տեղի էր ունեցել Կայսերի քաղաքում ահաբեկչությունից հետո, որին զոհ էր դարձել 13 զինվորական, 55-ը վիրավորվել էր:

«Այս գիշեր հարձակումներ են տեղի ունեցել մեր կուսակցության գրասենյակների վրա Ստամբուլի տարբեր շրջաններում, ինչպես նաև Անկարայում, Էրզինջանում, Քոջաելիում, Չանաքալեում և շատ այլ քաղաքներում: Պաշտոնատար անձինք չեն պատասխանել մեր հեռախոսազանգերին, և դա ցույց է տալիս, որ ինչ-որ մեկը խրախուսել է հարձակվողներին:

Նրանք, որոնք միջոցներ չեն ձեռնարկել հարձակումների դեմ, հնարավորություն են տալիս սադրանքներ կատարել»,- ասվում է քրդամետ կուսակցության հայտարարության մեջ:

Թուրքիայի ՆԳՆ-ն, իր հերթին, հերքել է HDP-ի հայտարարությունը:

«Բոլոր միջոցառումները ձեռնարկվել են, հարձակումների փաստով սկսվել է հետաքննություն»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս