Բաժիններ՝

«Արձանների՝ երկու մետրանոց քարե կտորների տեղադրումը չեմ ընդունում». Ստաս Նամին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, դեկտեմբերի 14-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ Հայաստանում Ստաս Նամինի ստեղծագործական օրերի շուրջ կազմակերպված մամլո ասուլիսը, որի ընթացքում  ՌԴ մշակութային գործիչ, hայազգի անվանի երաժիշտ և նկարիչ, ռեժիսոր և պրոդյուսեր Ստաս Նամինին շնորհվեց «Կոմիտասի հուշամեդալ»:

«Այս մեդալն ամենակարևոր մրցանակն է իմ կյանքում»,- բնշեց Ստասը և հավելեց, որ ուսումնասիրելով Կոմիտասի ստեղծագործական ժառանգությունը՝ համոզվել է, որ Կոմիտասն Աստծուց օժտված երաժիշտ է:

«Մարդկության պատմության ընթացքում Կոմիտասի պես երաժիշտներն այնքան քիչ են եղել, որ կարելի է մատների վրա հաշվել: Նա մեծություն է երաժշտության աշխարհում»,- նշեց նա:

Ս. Նամինը կատակեց՝ նշելով, որ 65-ամյակի մասին պետք է ոչ թե բարձրաձայնել և շնորհավորանքներ ընդունել, այլ հնարավորինս գաղտնի պահել այդ փաստը: «Ցավոք, մեզանից ոչ ոք չի երիտասարդանում: Եվ ոչ ոք այս աշխարհից կենդանի չի հեռանում»,- ասաց նա:

Կարդացեք նաև

Անդրադառնալով թատերախմբին, որը Նամինը բերել է իր հետ, պարզվեց, որ Հայաստանում են ոչ թե 4-5 դերասան, այլ մեծ թատերախումբ է: Նրանք Հայաստանում կներկայացնեն 3 ներկայացում՝ «Տիեզերք» բեմադրությունը՝ ըստ Վասիլի Շուկշինի  պատմվածքների:

«Բոլոր նրանք, ովքեր քիչ թե շատ ծանոթ են  Շուկշինի գրականությանը, գիտեն, որ նա շատ հստակ, երբեմն էլ՝ շատ չոր է գրում: Հենց այդ շնչով էլ մենք պատմելու ենք մեր «Տիեզերքի» մասին պատմությունները: Այն ստեղծված է Շուկշինի 5 պատմվածքների հիման վրա»,- ասում է Նամինը:  Բեմում է լինելու նաև Ս. Նամինի կողմից   փոքրիկների համար գրված մյուզիքլը՝  «Փոքրիկ Իշխանը»:

Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» ստեղծագործությունը նոր շունչ է ստացել ռուսական տարբերակում.  համենայնդեպս այդպես է կարծում Նամինը:

«Մեզ համար շատ կարևոր է այս ներկայացումը, քանի որ առաջին անգամ  այն  բեմ է բարձրանալու  հենց Հայաստանում: Ռուս դերասաններն այնքան սիրեցին այս թեման, որ սկսել են հայերեն սովորել: Ռուս դերասաններն այս ներկայացման մեջ Կոմիտաս են երգում»:

Ցուցադրվելիք ֆիլմերի մասին խոսելիս՝ Ս. Նամինը նշեց, որ  «Հայաստանի հնագույն տաճարները» վավերագրական ֆիլմի նկարահանման ընթացքը, որը նա նկարահանել է որդու հետ, իմաստալից էր նաև որդու համար:

«Մենք շրջել ենք ողջ Հայաստանում, եղել Ղարաբաղում, և մեր ճանապարհորդության ավարտին որդիս ասաց, որ հասկացավ, որ հայ է, և այլևս ոչ մի հարց չունի այդ թեմայով»:

Ձմեռն իր անանցանելի ճանապարհներով ուղղակիորեն ազդել է Ս. Նամինի ներկայացումների վրա:

«Մեր դերասանները Երևանում են, սակայն մեր ներկայացման դեկորացիաներով լի բեռնատարները մնացել են ճանապարհին, և, ինչպես և շատ մեքենաներ, սպասում են իրենց հերթին: Սակայն մենք որոշեցինք, որ դեկորացիաների բացակայության պատճառով ոչինչ չենք հետաձգի, առավել ևս՝ չենք չեղարկի և կխաղանք մեր ներկայացումներն առանց դեկորացիաների: Ի վերջո, թատրոնում կարևորը դերասանն է, այլ ոչ դեկորը»,- ասաց Նամինը:

Անդրադարձ եղավ նաև «Գրիգոր Շինարար» գրքի մասին, որի հեղինակն է Ս. Նամինի մայրը՝ Նամի Միկոյանը, ով նշեց, որ գիրքը գրելու գլխավոր պատճառն իր խորթ հոր անհիմն մոռացության մատնված լինելու զգացումն էր:

«Ես այս գիրքը գրել եմ, որ հիշեք նրան, նրա ավանդը Հայաստանին: Կարծում եմ՝ նա չպետք է մոռացվեր»,- նշեց Ն. Միկոյանը:

Ներկաներից մեկի դիտարկմանը, որ Երևանում պետք է տեղադրվի Գրիգոր Հարությունյանի արձանը, Ստաս Նամինն առարկեց.

«Ես դեմ եմ ցանկացած տեսակի արձանի: Մարդու մասին նրա արձանը չի հիշեցնում, այլ նրա ստեղծածը, նրա մարդկային տեսակը: Չեմ հասկանում և չեմ ընդունում այդ երկու մետրանոց քարե կտորների ներկայությունը քաղաքներում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս