«Նախագահ կարող է դառնալ ոչ այս երեքիցս մեկը». Սասուն Միքայելյան

«ՀՀ Սահմանադրությունը չի արգելում ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանին, ո՛չ Գագիկ Ծառուկյանին ընդդիմադիր գործունեությամբ զբաղվել, և իրենք այդ հայտը ներկայացրել են»,- այսօր «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների դաշինքի մասին համաձայնագրի ստորագրման ժամանակ ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը՝ խոսելով ՀԱԿ և ԲՀԿ առաջնորդների՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։

Ա. Սարգսյանը չի կասկածում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կծավալի ընդդիմադիր գործունեություն, իսկ Գագիկ Ծառուկյանի մասով ասաց՝ «ժամանակը ցույց կտա». «Մեր գործունեությունը մենք չենք կապում՝ այդ ուժերի հրապարակ մտնելով կամ չմտնելով և այդ ուժերի մեջ հակադրություններ փնտրելով կամ տեսնելով։ Մեր պայքարը գործող իշխանության դեմ է»։

Լրագրողներից մեկի հարցին, թե՝ նշեցիք, որ չի բացառվում՝  հետագայում մեկ միասնական կուսակցությամբ հանդես գաք, ինչպե՞ս եք դա և նախագահի ընտրությունը պատկերացնում, արդյոք սա չի՞ նշանակում նաև  անվստահություն սեփական ուժերի նկատմամբ, Ա. Սարգսյանն այսպես պատասխանեց.

«Մենք միավորվել ենք հաղթելու համար, խնդիրն այդ չէ։ Մեր թիմն  ունի լուրջ առավելություններ, մենք կաշկանդված չենք մեր խոսքի մեջ։ Մեզ վրա չկան կոմպրոմատներ, մեզ բանտերով չեն վախեցնի,  միավորումը նաև հանրային պահանջարկ է, միանշանակ է, որ մենք պայքարել ու պայքարում ենք այս իշխանությունների դեմ։ Կարծում եմ՝ մեր թիմը կատարյալ թիմ է, համոզված եմ, որ դուք մեր արդյունքները կտեսնեք։ Ինչ վերաբերում է մեկ կուսակցություն դառնալուն, իսկ ի՞նչն է ինքնանպատակ, «Հանրապետություն» կուսակցությունը սրանից 15 տարի առաջ չենք ձևավորել, որ, ասենք, դառնանք 110 տարեկան։ Խնդիրը դա չէ, մենք ձևավորել ենք, որ լավ Հայաստան ունենանք, ու ձգտելու ենք դրան»։

Կարդացեք նաև

«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանն էլ նշեց, որ 3 ուժերն էլ, 3 ուժերի շարքերում եղած մարդիկ էլ հավատում են այս համագործակցությանը, հավատում են այս դաշինքին ու դրա հաջողությանը. «Այդ հաջողությունն ու արդյունքն է, որ կարող է լինել մեկ միասնական քաղաքական  միավոր ստեղծելու կարևոր և հզոր նախապայման»։

«Ինչ վերաբերում է նախագահ դառնալուն, ինձ թվում է՝ այստեղ կանգնածներից ոչ մեկի ուշքը չի գնում նախագահ դառնալու համար, ընդամենն ուզում են գործին օգուտ բերել։ Նախագահ կարող է դառնալ ոչ այս երեքիցս մեկը, այլ մի այնպիսի  անձնավորություն, որը կկարողանա առաջնորդել այս երեք կուսակցությունը համատեղ»,- նշեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։

Տեսանյութեր

Լրահոս