Կառավարությունը պատրաստվում է կրկին անորոշ վարկ վերցնել. «Հայկական Ժամանակ»
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունը պատրաստվում է հաջորդ տարի Եվրասիական զարգացման բանկից ներգրավել 100 միլիոն դոլարի վարկ: Ընդ որում, այդ վարկը օգտագործվելու է շատ անորոշ նպատակներով, որոնց բնորոշումը չափազանց ընդարձակ է:
Վարկը տրամադրելու նպատակն է «էներգետիկ ոլորտում ֆինանսական առողջացումը եւ հանրային ֆինանսական կառավարման ու ներդրումային միջավայրի բարելավումը»: Սա հենց այն վարկերից է, որոնք բերվում են պետական բյուջե, ախորժակով ծախսվում, ավելացնում են մեր երկրի արտաքին պարտքը, սակայն ոչ ոք չի կարողանում ասել, թե կոնկրետ ինչ արդյունք տվեցին դրանք:
Նշենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը վերջին շրջանում փորձում է բարձրացնել ներգրավվող վարկերի օգտագործման արդյունավետությունը: Համենայն դեպս՝ գոնե առերեւույթ: Թե որքանով է այս վարկը նման անորոշ ու ընդարձակ ձեւակերպումներով տեղավորվում կառավարության նոր մոտեցումների շրջանակներում, դժվար է ասել»: