«Խմբակցությունը լքած պատգամավորը չի ունենալու մյուս պատգամավորներին հավասար լիազորություններ». Հովհաննես Սահակյան
«Խնդրում եմ՝ հիմնավորեք, ինչո՞ւ խմբակցությունից դուրս եկող պատգամավորը պետք է շարունակի մնալ ԱԺ պատգամավոր, ի՞նչ իրավական, քաղաքական հիմնավորմամբ ենք դա պնդում»,- այսօր Ազգային ժողովում ԱԺ կանոնակարգ-օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը։
Նախագիծը ներկայացնող Հովհաննես Սահակյանն ի պատասխան՝ ասաց, որ Սահմանադրության 98-րդ հոդվածը սահմանում է ԱԺ պատգամավորների լիազորությունների դադարումը կամ դադարեցումը. «Այստեղ հստակ սահմանված է այն հիմքերը, երբ է դադարում, ինչպես է դադարեցվում, սրանից դուրս որևէ այլ կարգավորում չենք կարող անել։ Խմբակցություններից դուրս գալու խնդիրը մենք փորձել ենք իրացնել հետևյալ սկզբունքներից կամ այսօրվա կյանքից ելնելով։ Մենք որդեգրել ենք հետևյալ խնդիրը, եթե խորհրդարանական կառավարման ձևի ենք անցնում ու նշում ենք, որ խմբակցությունները ձևավորվում են ընտրություններին մասնակցած կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների միջոցով, հետևաբար՝ նրանք պետք է լինեն մեկ խմբակցությունում, եթե նրանք դուրս են եկել, ապա բարի լինեն, ազնիվ լինեն՝ այդ մասին նշեն։ Թե չէ մենք այսօր էլ մի խմբակցության մեջ ունենք հինգ պատգամավոր՝ հինգ տարբեր քվեարկություն, մոտեցում, դիրքորոշում։ Խմբակցություններն ամուր պահելու համար փորձել ենք մի փոքր գործիքակազմ դնել։ Պատգամավորը խմբակցությունից դուրս գալուց առաջ պետք է լուրջ ծանրութեթև անի, որովհետև ինքը չի օգտվելու մյուս պատգամավորների համար վերապահված իրավունքներից»։
Պատգամավոր Էլինար Վարդանյանը նույնպես կիսեց Խ. Հարությունյանի մտահոգությունը՝ ասելով. «Վախենամ՝ այդ դեպքում ժողովրդի կամարտահայտության արդյունքում ձևավորված կոնյունկտուրայի փոփոխություն է տեղի ունենալու։ Երբ քաղաքացին ընտրում է, ընտրության ընթացքում նաև ձայն է տալիս այն պատգամավորին, որին ուզում է տեսնել այդ կուսակցության ձևավորած խմբակցությունում։ Ստացվում, որ, եթե պատգամավորն ուզում է դուրս գալ խմբակցությունից, կամ խմբակցությունը որոշում է հեռացնել պատգամավորին, խախտվում է ժողովրդի կամարտահայտման իրավունքը։ Մենք անցել ենք խորհրդարանական համակարգին, ընտրվում են կուսակցությունները, որոնք ձևավորում են խմբակցություններ, և դա է այն քաղաքական կոնյունկտուրան, որ պատկերացնում է ընտրողը»:
Հ. Սահակյանը նշեց, որ իրենք ընդամենը փորձել են իրացնել սահմանադրական նորմը, այլ պարագայում կոպտորեն կխախտեն Սահմանադրության դրույթը. «Մենք ասում ենք՝ երբ խմբակցությունից պատգամավորը դուրս է գալիս, ինքը պետք է հասկանա, որ կշեռքի մյուս նժարին դրված են իր մի շարք իրավունքներ՝ որպես պատգամավոր։ Ցանկացած պատգամավորիս գնահատականը քաղաքական է, մենք նորմավորված աշխատանքի մեջ չենք գտնվում, մենք առաջնորդվում ենք մեր խղճով, հետևաբար՝ այդ ընկալումը հասարակական և քաղաքական է, դրա համար վերաբերմունքը պետք է լինի քաղաքական։ Մենք ընդամենը սահմանել ենք՝ եթե սպիտակ եք՝ սպիտակ եք, սև եք՝ սև եք»:
Նշենք, որ ԱԺ կանոնակարգի մասին օրենքի նախագծում սահմանվել է, որ նիստերն ընթանալու են քառօրյա օրակարգով, սակայն երկուշաբթին սահմանվում է խորհրդի նիստերի օր, որտեղ սահմանում են օրակարգը, երեքշաբթի ժամը 10-ից սկսվում են նիստերը՝ մինչև ժամը 18։00-ն: Հ. Սահակյանը նշեց, որ նիստերը կարող են շարունակվել մինչև օրակարգի սպառումը, բայց ոչ ավելի, քան 3 օր: Նշենք նաև, որ նիստերը կարող են շարունակվել մինչև 24:00-ն: Ըստ կանոնակարգի՝ ձևավորվում է նաև նոր մարմին՝ ԱԺ խորհուրդ՝ կազմված հանձնաժողովների, խմբակցությունների, իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչներից: