Հասմիկ Պողոսյանին չեն ցանկանում նեղացնել. նրան նոր պաշտոն են խոստացել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոր կառավարության ձևավորումից հետո անգործ մնացած ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին իշխանությունները, կարծես, չեն ցանկանում նեղացնել: Նախարարի պաշտոնը լքելուց կարճ ժամանակ անց նրա համար նոր դռներ են բացվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` առաջին տիկին Ռիտա Սարգսյանի մտերիմ Հասմիկ Պողոսյանին նոր պաշտոն են խոստացել:
Մասնավորապես լուրեր կան, որ շուտով էքս նախարարը Եվրամիության երկրներից մեկում դեսպան կնշանակվի: Այո՛, թեև նա պաշտոնը լքելուց հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից արժանացավ մեդալի, ամեն դեպքում խոսվում է ԵՄ երկրներից մեկում նրան դեսպան նշանակելու հավանականության մասին: «Ժողովուրդ» թերթը փորձեց մեկնաբանություն ստանալ Հասմիկ Պողոսյանից, սակայն նա անպատասխան թողեց իրեն ուղղված հարցադրումները»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։