Բաժիններ՝

«Արդարության հասնելու դեպքում ես պատրաստ եմ 100 մլն դրամ փոխանցել հայկական բանակին, ոչ թե գեներալ-գործարար Հայկազ Բաղմանյանը խլի և վայելի մեր ունեցվածքը»

Օրերս ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի «Պանրագործական ընկերություն» ԲԲԸ–ի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանի բողոքը։ Թաթուլ Բաղդասարյանը բողոքարկել է քննչական մարմնի որոշումը, որով կարճվել է հարուցված քրեական գործը։ Այս մասին այսօր Թաթուլ Բաղդասարյանն ասաց, որ այժմ արդեն դիմել է վերաքննիչ դատարան։

Հիշեցնենք, որ Մարտունի քաղաքի «Պանրագործական ընկերություն» ԲԲԸ–ի տնօրենը պարբերաբար բարձրաձայնում է խնդրի մասին՝ տալով նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի անունը։ «Ինչպես գիտեք, գործարար-գեներալ Հայկազ Բաղմանյանը 2007թ. խլել է մեր ընկերության տարածքը և բիզնեսը»,- այսօր էլ ասաց նա։

Մարտունու «Պանրագործական ընկերություն» ԲԲԸ–ի տնօրենը դիմել էր՝ խնդրելով քրեական գործ հարուցել, քանի որ, ըստ նրա, կեղծիք է կատարվել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականում։ «Թաքցնում են, կոծկում են գործը, չգիտեմ՝ ուր գնամ»,- այսօր ասաց Թաթուլ Բաղդասարյանը՝ նշելով, որ ցանկանում է դիմել ԱԺ պատգամավորներ Հրանտ Բագրատյանին, Նիկոլ Փաշինյանին, Արամ Մանուկյանին, Լևոն Զուրաբյանին, Զարուհի Փոստանջյանին, Էդմոն Մարուքյանին, Վահրամ Բաղդասարյանին, Հեղինե Բիշարյանին և Արմեն Ռուստամյանին, որպեսզի խնդիրը բարձրացվի Ազգային ժողովում։

«Խնդրում եմ հանդիպում կազմակերպել, այս գործի ողջ փաթեթը կներկայացնեմ, թող բարձրաձայնեն ԱԺ ամբիոնից, հարցեր ուղղեն կառավարությանը։ Ի վերջո, այս կեղծիքները պետք է բացահայտվե՞ն, թե՞ ոչ։ Արդարության հասնելու դեպքում ես պատրաստ եմ 100 մլն դրամ փոխանցել հայկական բանակին՝ մեր սիմվոլին, մեր հպարտությանը, մեր զինվորին, ոչ թե գեներալ-գործարար Հայկազ Բաղմանյանը խլի և վայելի մեր ունեցվածքը։ Ավելի լավ է ես նվիրեմ հայկական բանակին»,- ասաց նա։ Նա նշեց, որ պայքարելու է մինչև վերջ. «Չեմ թողնի, Հայկազ, դու վայելես քո էրեխեքի հետ էդ փողը։ Էդ փողը պետք է բանակի զինվորը վայելի՝ մեր պաշտպանը։ Ես պատրաստ եմ 100 մլն փոխանցել հայկական բանակին, միայն արդարությունը հաղթի»։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս