«Ես ուզում էի և պատրաստվում էի մասնակցել այս ընտրություններին, բայց խնդիրներ առաջացան». Արա Աբրահամյան
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը պետք է երկար ժամանակ պրոցեդուրաների գնա առողջական խնդիրները լուծելու համար, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արա Աբրահամյանը՝ ընդգծելով, որ խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության վերաբերյալ հարցն իր համար այնքան էլ կարևոր չէ: Այնուամենայնիվ, նա հայտարարեց, որ որոշում է կայացրել չմասնակցել ընտրություններին:
«Ես ուզում էի և պատրաստվում էի մասնակցել այս ընտրություններին, բայց խնդիրներ առաջացան: Ուզում էի, որովհետև ես զգացի, որ ունեմ այն հնարավորությունները, որ կարող եմ ոչ ստանդարտ մոտեցումներով առաջ տանել մեր երկիրը, բայց խնդիրներ առաջացան, ես բավականին երկար բացակայեցի, հիմա էլ կարող է էտապներ լինեն, որ այստեղ չլինեմ, լինելու եմ արտասահմանում, որոշում եմ կայացրել չմասնակցել ընտրություններին»,- նշեց Ա. Աբրահամյանը՝ հստակեցնելով, որ առողջական խնդիրներ ունի, բայց իր կյանքին վտանգ չի սպառնում:
Անդրադառնալով իր եղբայրների՝ ընտրություններին հնարավոր մասնակցության մասին՝ Ա. Աբրահամյանն ասաց. «Իմ եղբայրները բոլորը շատ չափահաս են, իրենք կարող են որոշում կայացնեն ու մասնակցեն»: Նա նաև ասաց, ու դեռ որոշում չի կայացրել որևէ ուժի սատարելու առումով, դեռ պետք է նրանց ծրագրերին ծանոթանա: