«2016թ. առանձնահատուկ տարի էր հայ-գերմանական հարաբերությունների համար». Մաթիաս Քիսլեր
«Կառավարությունը գիտակցում է, թե որոնք են այն առաջնայնությունները, որոնք անհրաժեշտ են տնտեսական փոփոխությունների համար»,- այս մասին այսօր իր մամլո ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը՝ անդրադառնալով հայ-գերմանական հարաբերություններին, Գերմանիայի ներքին և արտաքին քաղաքական հարցերին, ԵՄ-Հայաստան բանակցություններին և մի շարք այլ տնտեսական, քաղաքական, կրթական և մշակութային հարցերի:
Դեսպան Քիսլերը նշեց, որ 2016թ. առանձնահատուկ տարի էր հայ-գերմանական հարաբերությունների համար: Նրա խոսքով՝ տարին հատկանշվեց փոխադարձ այցերի ինտենսիվությամբ: Գերմանիայի դեսպանի դիտարկումների համաձայն՝ ուշագրավ էր ՀՀ նախագահի ապրիլյան այցը Բեռլին, հունիսի վերջին Գերմանիայի ԱԳ նախարարի այցը Հայաստան, տարին առատ էր խորհրդարանական, միջխորհրդարանական այցերով, բազմաթիվ համայնքային ներկայացուցիչների փոխադարձ այցերով: Ինչ վերաբերում է հայ-գերմանական առևտրատնտեսական հարաբերություներին, ապա Մաթիաս Քիսլերի փոխանցմամբ՝ Գերմանիան Հայաստանի երրորդ խոշոր տնտեսական գործընկերն է Ռուսաստանից և Չինաստանից հետո: Ըստ Քիսլերի՝ ի տարբերություն Հայաստանի մյուս գործընկերների, այս տարի հայ-գերմանական առևտրային հրաբերությունների ոլորտում առևտրաշրջանառության աճ է գրանցվել: ՀՀ-ում Գերմանիայի դեսպանն արդյունավետ գնահատեց ՆԱՏՕ-ի շաբաթը Հայաստանում: Նրա խոսքերով՝ սա իր հերթին ապացուցում է, թե որքան սերտ են Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ ռազմական հարաբերությունները:
Գերմանացի դիվանագետը շեշտեց ՀՀ զորամիավորումների խաղաղապահ առաքելությունն Աֆղանստանում՝ շնորհակալություն հայտնելով հայկական ուժերին իրենց այդ ներդրման համար: Մաթիաս Քիսլերը խոսեց նաև ամենաարդի խնդրի մասին:
«Հենց նոր եմ վերադառնում ՀՀ ֆինանսների նախարարությունից, ստորագրվեց երեկ կայացած միջկառավարական բանակցությունների վերաբերյալ արձանագրությունը: Այդ արձանագրությունը փաստում է, թե որքան ենք մենք կարևորում երկու երկրների միջև առկա տնտեսական հարաբերությունները: Եթե ես խոսեմ թվերով, ապա միայն այս տարի գերմանական կողմից նոր հատկացումները կազմել են 54.4 եվրո»,- նշեց դեսպանը՝ հավելելով, որ գումարներ են տրամադրվել նաև տարածաշրջանային ծրագրերի իրականացման համար: Նա շեշտեց, որ Գերմանիան ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ միասին հանդիսանում է ՀՀ ֆինանսական դոնորը:
Հարցին, թե որքանով են գերմանացի գործարարները հետաքրքրված Հայաստանում ներդրումներ կատարելու հարցով, Մաթիաս Քիսլերը պատասխանեց, որ Գերմանիայի գործարարները հետաքրքրված են այն երկրներով, որտեղ մեծ է շուկան, որտեղ կա քաղաքական կայունություն:
«Ցավոք, գերմանական ԶԼՄ-ներում ՀՀ-ի և տարածաշրջանի վերաբերյալ արդի լուրերի գլխագրերը չէին խոսում տարածաշրջանային կայունության մասին, ԼՂ հակամարտությունն էր թեման, այսպիսի նորւթյունները խոչընդոտ են հանդիսանում փոքր և միջին ձեռնարկատերերի համար: Մեր հանձնառությունն է՝ ներկայացնել օբյեկտիվ իրականությունը տվյալ դեպքում, որոնք պետք է հետաքրքիր և կարևոր լինեն մեր ձեռնարկատերերի համար: Մենք գերմանացի գործարարներին ասում ենք, որ հետաքրքրվեն, գան Հայաստան, որովհետև այստեղ նույնպես հնարավորություններ կան՝ զբաղվելու ոչ միայն առևտրով, այլև արդյունաբերությամբ:
Ես նկատի ունեմ արտադրության ոլորտը, այստեղ կարելի է արտադրություն զարգացնել, ՏՏ ոլորտում աշխատել: Թերևս, լրացուցիչ հնարավորություններ կարող են լինել արտասահմանցի գործարարների համար՝ հաշվի առնելով այն փաստը, որ այստեղ Իրանի հետ կան լավ հարաբերություններ, և Հայաստանը ԵՏՄ անդամ է: Սրանք կարող են լրացուցիչ գրավիչ գործոններ լինել: Անշուշտ, կարևոր են նաև այնպիսի գործոնները, թե որքանով արդյունավետ է հարկային, մաքսային համակարգը, որքանով անկախ է արդարադատությունը, դատական համակարգը, այս խնդիրներին ծանոթ ենք, հայկական կողմի հետ բաց երկխոսության մեջ ենք, ինչպես Գերմանիան, այնպես էլ ԵՄ-ն: Այս թեմաները քննարկելու ենք ներկայիս վարչապետի հետ: Մենք ծանոթացել ենք ՀՀ կառավարության նոր ծրագրին:
Հանդիպում ենք ունեցել ՀՀ նոր վարչապետի հետ: Իմ համոզմամբ՝ Կառավարությունը գիտակցում է, թե որոնք են այն առաջնայնությունները, որոնք անհրաժեշտ են տնտեսական փոփոխությունների համար: Ես բաժակը կիսով չափ լի եմ տեսնում, քան դատարկ»,- նման մանրամասներ հայտնեց Մաթիաս Քիսլերը: