«Անկեղծ ասեմ, ես ձեր մտքի թռիչքը չեմ կարողանում հասկանալ». Նախարարը՝ Նիկոլ Փաշինյանին
«Ես ձեզ լսում էի ու ուզում էի հասկանալ՝ իսկ ի՞նչ է ձեր կառավարությունն անում այլ կերպ, քան անում էր նախորդ կառավարությունը»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստին 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ դիմելով նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին՝ ասաց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
«Վարչապետը եկավ, ասաց՝ տնտեսության վիճակը վատ է, հիմա դուք ի՞նչ եք անում այլ կերպ, որը ենթադրում է, որ տնտեսության վիճակը կառավարության չփոփոխվելու դեպքում շարունակելու էր վատ մնալ, իսկ փոփոխման դեպքում լավանալու է։ Ձեր և ձեր նախորդների խոսքից ինձ մոտ տպավորություն է առաջանում, որ կառավարություն լինելը լատարեյի նման բան է։ Տրանսֆերները կաճե՞ն, թե՞ կնվազեն, արտաքին շոկեր կլինե՞ն, թե՞ չեն լինի, սփյուռքահայ մեծահարուստները մի 2 միլիոն նվեր կտա՞ն, թե՞ չեն տա, եթե կտան՝ ցուցանիշներ կապահովենք, եթե չեն տա՝ կկտրենք ամեն ինչ, բացի ծառայողական մեքենաների վրա արվող գումարներից, դա սուրբ է, դրան կպնել չի կարելի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե ինչո՞ւ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Երևան-Արտաշատ հատվածը պաշտոնապես բացվեց Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, բայց մինչև հիմա այնտեղ շինարարությունը շարունակվում է, և այդ ճանապարհի մոտ բետոնյա ծաղկեպսակների թիվը շատանում է. «Ինչո՞ւ եք այդպես արել, որ պաշտոնապես բացել եք, ու ձեր բացած ճանապարհին մարդիկ են մեռնում»։
Նախարարը նախ՝ նշեց, որ ինքն այստեղ է, որ տնտեսական ցուցանիշների մասին խոսի. «Բայց կփորձեմ, որքան հնարավոր է՝ ձեր հարցադրմանը մոտ կանգնեմ։ Մենք այլ կերպ ենք անում՝ թիրախավորելով տնտեսության իրական հատվածը և արդյունավետության բարձրացման համար հենքեր ստեղծելը: Մենք կարծում ենք, որ անում ենք այլ կերպ այն, ինչ դրվել է մեր կառավարության ծրագրերում։ Ինչ վերաբերում է Հյուսիս-Հարավ ծրագրին, ես ցավում եմ, որ կան նմանատիպ պատահարներ։ Հյուսիս-Հարավ ճանապարհի տնտեսագիտական գաղափարախոսությունը մի փոքր այլ է, մենք իրականում ունենք ենթակառուցվածքների լուրջ խնդիր, պետք է կարողանանք դառնալ տարանցիկ զոնա, որը պետք է բերի տնտեսական զարգացումների։ Հիմա նախագահը բացել է, և դրա արդյունքում… Ես, ճիշտն ասած, դրա կապը չեմ կարողանում տեսնել։ Անկեղծ ասեմ, ես ձեր մտքի թռիչքը չեմ կարողանում հասկանալ։ Հյուսիս-Հարավ ծրագիրը, կարծում եմ, պարտադիր է և կարևոր է մեր տնտեսության համար»։
«Պարոն Արամյան, Հյուսիս-Հարավ ճանապարհը պաշտոնապես բացել են, հետո պարզվել է, որ այդ ճանապարհը լավ չեն սարքել, հիմա այդ սարքած ճանապարհը քանդել են, և մարդիկ կողքից նախիրի ճանապարհներով են ստիպված շրջանցել ու մտնել։ Վարորդները, հավատալով ձեր լրատվությանը, որ այդ ճանապարհը բացվել է, գազ տված քշում են, գնում են, «հագնում» են այդ բետոնի բլոկներին և մահանում են։ Հիմա կապերը, հուսով եմ, հասկացաք»,- դիմելով նախարարին՝ արձագանքեց Ն. Փաշինյանը։
Սակայն նախարարը դարձյալ չտեսավ կապը. «Չէ, պարոն Փաշինյան, որովհետև Հյուսիս-Հարավ ճանապարհի հետ այդ վթարների պատճառահետևանքային կապը ես չեմ կարողանում տեսնել»։