Նոր մանրամասներ Սանկտ Պետերբուրգի նախկին փոխնահանգապետ Մարատ Օգանեսյանի ձերբակալությունից
Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Իգոր Ալբինը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ քաղաքային ադմինիստրացիային «Զենիթ-Արենա» մարզադաշտի կառուցումից» հասցված վնասը գերազանցում է 700 միլիոն ռուբլին։
«Մարզադաշտում միայն փաստերով վնասի ընդհանուր չափը, որը հայտնի է Սանկտ Պետերբուրգի շինարարական կոմիտեին, գերազանցում է 700 միլիոն ռուբլին, սակայն կա նաև բարոյական բաղկացուցիչ»,- գրել է Ալբինը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոսկվայում ձերբակալվել է Սանկտ Պետերբուրգի նախկին փոխնահանգապետ Մարատ Օգանեսյանը
Քննիչները վերջինիս կասկածում են Կրեստովսկի կղզում «Զենիթ-Արենա» ֆուտբոլային մարզադաշտի շինարարության ժամանակ ավելի քան 50 մլն ռուբլի հափշտակելու մեջ։ Ձերբակալությունը տեղի է ունեցել խարդախության գործի շրջանակներում։
Քննչական կոմիտեից հայտնել են, որ հաստատվել է ավելի քան 50 մլն ռուբլու հափշտակության փաստը ֆուտբոլային մարզադաշտի լուսատախտակի մատակարարման վերաբերյալ պայմանագրի կնքման ժամանակ։
Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ Մարատ Օգանեսյանը, իրականացնելով Կրեստովսկի կղզում մարզադաշտի շինարարության համակարգումը, ներգրավել է «ՏԴՄ» բաժնետիրական միությանը որպես ենթակապալառու, այնուհետև կազմակերպել է տվյալ կազմակերպության օգտին որպես կանխավճար ավելի քան 50 մլն 480 հազար ռուբլու փոխանցումը, որը հետագայում յուրացվել է «մեկօրյա» ընկերության կողմից: