«Ուլյուկաևի կալանավորումն արտակարգ դեպք է». Մեդվեդև
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ՌԴ տնտեսական զարգացման արդեն նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի կալանավորումն անվանել է արտակարգ դեպք ողջ երկրի համար։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Ազատվել է պաշտոնից՝ կապված վստահության կորստի հետ, կապված այն բանի հետ, որ նրան առաջադրվել է կաշառք վերցնելու մեղադրանք։ Իհարկե, կառավարության և իշխանության և ընդհանուր առմամբ՝ մեր երկրի համար դա արտակարգ դեպք է»,- ասել է Մեդվեդևը՝ բացելով ՌԴ կառավարության նիստը։
Մեդվեդևի խոսքով՝ Ուլյուկաևի կալանավորումը ևս մեկ անգամ հաստատում է այն, որ օրենքի առաջ «հավասար են բոլորը, ներառյալ իշխանության ցանկացած ներկայացուցիչ, ինչ պաշտոն էլ զբաղեցնի»։
«Կատարվածն անհրաժեշտ է հետաքննել ամենայն մանրամասնությամբ, որակավորել գործող օրենսդրությանը խիստ համապատասխան»,- ասել է Մեդվեդևը։