Բաժիններ՝

Վիգեն Սարգսյանը կոչ արեց թվարկել բոլոր այն անունները, որոնք փորձել են հատկապես պաշտպանական բյուջեի հաշվին կառուցել իրենց ընտանիքների և օջախների «ենթադրյալ երջանկությունը»

«Այս օրերին առիթ եմ ունեցել բազմաթիվ քննարկումներ անցկացնել այս օրենքի նախագծի առնչությամբ, մենք քննարկել ենք այն համապատասխան գլխադասային հանձնաժողովում, ինչպես նաև՝ այլ տարբեր ձևաչափերով»,- այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին, զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։

Վ. Սարգսյանը նշեց, որ առաջին հարցը, որ հաճախ հնչում էր այս օրերին, այն էր, թե ինչո՞ւ այսքան հապճեպ, և արդյոք հնարավո՞ր չէր լայն, ընդարձակ քննարկումներ անցկացնել՝ մինչև այս որոշմանը գալը։

«Իմ առաջարկությունն է եղել՝ շարժվել  հնարավորինս արագացված  ընթացակարգով, որովհետև մենք մոտենում ենք աշնանային նստաշրջանի ավարտին, և, եթե մենք չընդունեինք այս օրենսդրությունն այս նստաշրջանի ընթացքում, հաշվի առնելով առաջիկա խորհրդարանական ընտրությունները, շատ հնարավոր է՝ մենք առաջին հնարավորությունն ունենայինք անդրադառնալու այս օրենսդրությանը հաջորդ աշնանը, ինչն անտեղի կհետաձգեր այս կարևոր մեխանիզմի ներդրումը։ Արդյոք սա նշանակո՚՞ ւմ է, որ մենք բավարարված ենք այս պահին եղած հանրային քննարկման որակով  և արդյոք համարո՞ւմ ենք, որ արել ենք  այն ամբողջը, որ լսենք հանրության մտահոգություններն այս հարցի շուրջ, միանշանակ՝ ոչ։ Ես այսօր արդեն ունեմ  նշանակված մի շարք հանդիպումներ ու ուզում եմ, որ պարզ պատկերացնեք, անկախ նրանցից, թե երբ տեղի կունենա առաջին ընթերցման քվեարկությունը, մինչև երկրորդ և երրորդ ընթերցման բերելը՝ մտադիր եմ հնարավորինս անդրադառնալ այն կարիծքներին և մտահոգություններին, որոնք կան»,- նշեց Վ. Սարգսյանը։

Կարդացեք նաև

Նախարարի համար շատ տրամաբանական են եղել այս օրերին հնչող կարծիքները, որ այն ընտանիքները, որոնք այսօր ունեն ժամկետային զինծառայողներ Զինված ուժերում, պետք է չվճարեն այս գումարները. «Ես անձամբ հետամուտ եմ լինելու՝ այս ուղղումը մտցնենք նախագծում, որովհետև շատ տրամաբանական և շատ ճիշտ առաջարկ է, ես լսել եմ, ինքս էլ կարծում եմ, որ այն ընտանիքները, որոնք ունեն հաշմանդամ կամ զոհված, նրանք ակնհայտ պետք է ազատվեն այս  վճարումից, որովհետև դա և՛ հասկանալի է, և՛ բարոյական, և՛ տրամաբանական»։

Վ. Սարգսյանն ասաց, որ չափազանց կարևորում է երկխոսությունը բոլոր շերտերի միջև. «Կարծում եմ՝ ԱԺ պատգամավորները լավ հասկանում են, որ առաջարկելով այս նախագիծը՝ չէի  կարող ունենալ որևէ շահադիտական կամ միավորներ կուտակելու ձգտում, որովհետև որևէ մեկն այս օրենքի շահառուն իրեն չի ուզում պատկերացնել։ Բերելով ԱԺ այս նախագիծը՝ չեմ փնտրել սրա մեջ որևէ քաղաքական դիվիդենտներ կամ միավորներ։ Միայն ուրախ և կողմ կլինեի, եթե ԱԺ պատգամավորներից յուրաքանչյուրը, ինչպես նաև՝ պետական կառավարման համակարգում դրա համար ավելի ուղիղ պատասխանատվություն  ունեցող համապատասխան մարմինները, հետամուտ լինեն ու թվարկեն այն բոլոր անունները, որոնք փորձել են հատկապես պաշտպանական բյուջեի հաշվին  կառուցել իրենց ընտանիքների և օջախների ենթադրյալ երջանկությունը։ Եթե նման մարդիկ կան, պետք է պատժվեն, ու այդ գումարները պետք է վերադարձվեն»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս