«Համբուրգում կայանալիք ԵԱՀԿ ՄԽ նախարարական հանդիպումն ավարտվելու է զրոյական արդյունքով». Տարասով
«Ադրբեջանը Վիեննայից ու Սանկտ Պետերբուրգից հետո Հայաստանից զիջումների ակնկալիք է ունեցել»,- այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով դեկտեմբեր ամսին Համբուրգում կայանալիք ԵԱՀԿ Մինսկի խմբի, ԼՂ հակամարտող կողմերի նախարարների հանդիպման հնարավորության ֆոնին ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ստեղծված լարվածությանը:
Հիշեցնենք, որ ըստ ԼՂ ՊԲ հաղորդագրության, նոյեմբերի 11-ի ժամը 12:15-ից սկսած ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարվածությունը պահպանվել է նաև նոյեմբերի լույս 12-ի գիշերվա ընթացքում:
Ստանիսլավ Տարասովը նշեց, որ վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի Երևանում և Բաքվում տված ասուլիսներից տպավորություն ստեղծվեց, թե Համբուրգում նախատեսվող նախարարական հանդիպումը կկայանա, որից կարելի է որոշ արդյունքներ ակնկալել:
Ըստ Տարասովի, նման տպավորություն ստեղծվեց նաև Ադրբեջանի ԱԳ նախարարի այն հայտարարությունից հետո, թե ադրբեջանական կողմը կարծում էր, որ բանակցային գործընթացը ճիշտ ուղով է ընթանում, որից իրենք հույսեր ունեին: Սակայն, Տարասովի խոսքով, ՀՀ ԱԳ նախարարն անդրադառնալով Համբուրգի հնարավոր հանդիպմանը՝ հստակություն մտցրեց՝ պնդելով, թե այդ հանդիպման վերաբերյալ պատրանքներ չունի, քանի որ Ադրբեջանը հայտարարում է մեկ բան, անում մեկ այլ բան, չկատարելով Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները:
«Սա ցույց է տալիս, որ, թեև Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են ապրիլյան պատերազմից հետո երկու անգամ, նրանք բոլորովին տարբեր նպատակներ են հետապնդել այս բանակցային փուլում. Ադրբեջանը Հայաստանից որոշակի զիջումների ակնկալիք է ունեցել, սակայն հասկացել է, որ դրանք ապրիլյան պատերազմից հետո անհնարին են, և վերադարձել է ՄԽ-ի վերաբերյալ իր հին դիրքորոշմանը, իսկ Հայաստանն ակնկալել է շփման գծում հրադադարի մեխանիզմների ամրապնդում, ինչը դեռևս տեղի չի ունենում, և այս պայմաններում հայկական կողմը հանդիպումները կարծես նաև անիմաստ է համարում:
Այսօր ստեղծված խնդիրը հետևյալն է, եթե Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում եղել է ընդհատակյա պայմանավորվածություն հակամարտության կարգավորման սցենարի վերաբերյալ, ինչը բազմիցս քննարկվեց այս ընթացքում, ապա ստեղծված իրավիճակը բնական է, քանի որ կողմերը չեն գնա զիջումների՝ հատկապես ապրիլյան պատերազմից հետո, իսկ եթե չեն եղել նման պայմանավորվածություններ, և Ադրբեջանը հրաժարվում է կատարել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որոնք մեզ հայտնի են, նշանակում է, որ Ադրբեջանը կրկին փորձում է խաբել միջազգային հանրությանն իր այս քաղաքականությամբ, որը որևէ լավ արդյունք չի տալու»,- մեկնաբանեց Տարասովը:
Վերջինիս խոսքով՝ երկու սցենարներից ցանկացածի պարագայում էլ Համբուրգում սպասվող հանդիպումն ավարտվելու է զրոյական արդյունքով: