«Անսպասելի մարդ է Դոնալդ Թրամփը, ու դա կարող է դրական անդրադառնալ Ցեղասպանության ճանաչման հարցում». Քաղաքագետ

«Դոնալդ Թրամփը խաղի կանոնները կհարգի, բայց իր անհատականությունը մենք կտեսնենք»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

Ըստ նրա՝ շատ բան է կախված Դ. Թրամփի թիմի «ամենագլխավոր» մասից։ Քաղաքագետն ուսումնասիրել է այն մարդկանց, ովքեր պաշտպանության,  անվտանգության և արտաքին քաղաքականության պատասխանատուներ են. «Հստակ երևում է, որ այդ մարդկանց  գլխավոր մասն ուզում է համագործակցել Ռուսաստանի հետ։ Չեմ կարծում, որ դա շատ վատ է, Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններն իրոք շատ լարված վիճակում են։ Եթե իրենք ուզում են փորձ անել, Ռուսաստանի հետ ինչ-որ երկխոսության մեջ մտնել, դա, չեմ կարծում, որ վատ է: Կարող է փորձ անեն՝ չստացվի, դա ուրիշ բան է։ Բայց իրենք ասում են՝ պատրաստ ենք։ Անպայման չէ դրա մեջ վատը տեսնել, թող փորձեն։ Եթե Ռուսաստանի հետ իրար հասկանալու պրոցես սկսվի, դրանից Հայաստանը հստակ կշահի, որովհետև մանևրելն ավելի հեշտ կլինի։ Անսպասելի մարդ է Դոնալդ Թրամփը, ու դա կարող է դրական անդրադառնալ Ցեղասպանության ճանաչման հարցում։ Մեզ խոստումներ էին տալիս տարբեր նախագահներ՝ ճանաչել, Դոնալդ Թրամփն ընդհանրապես դրա մասին չի խոսել։ Այդ հարցով ինքը թարմ ուղեղ ունի, միգուցե, եթե դու բացատրես, ինքն էմոցիոնալ քայլերի ունակ է, կարող է՝ ճանաչի։ Այսինքն՝ ամեն ինչի մեջ կարելի է  և՛ դրականը, և՛ բացասականը տեսնել»։

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն էլ կարծիք հայտնեց, որ Դ. Թրամփի թիմը կազմելու են աջ հանրապետականների մի մասը, մարդիկ, ովքեր չափազանց կոշտ, բայց միևնույն ժամանակ՝ իրատեսական քաղաքականության  կողմնակից են։ Նրանք այն մարդիկ չեն, որոնք պատրաստ են Միացյալ Նահանգների ազգային շահերը  զոհաբերել։ ԱՄՆ-ը փորձելու է ավելի կոշտ սկսել պաշտպանել իրենց սեփական շահերը։ Մենք գիտենք, որ հանրապետականներն ավելի կոշտ են եղել Ռուսաստանի և Խորհրդային Միության նկատմամբ, մյուս կողմից՝ քանի որ միշտ ռեալ պոլիտիկից բխող մոտեցումներ են ունեցել, կարևոր ռազմավարական  հարցերի շուրջ համաձայնության գալ փորձել են։ Ես նաև չեմ բացառում, որ բավականին տեսանելի ապագայում եթե այդ կոշտ համաձայնության վրա այդ փորձը չհաջողվի, ԱՄՆ-ի նոր վարչակազմը կարող է ավելի կոշտ դիրքորոշում ունենալ որոշ հարցերում»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս