«Մենք, Ծառուկյանի հետ միասին, մի խնդիր էինք դրել». Վարդան Օսկանյան

«Ես այս պահին որևէ կուսակցության անուն չեմ տա, միայն կասեմ հետևյալը, որ մենք ոչինչ չենք բացառում, պատրաստ ենք բոլորի հետ նստել, խոսել և ընդհանուր եզրեր գտնել։ Այստեղ սկզբունքը մեկն է՝ մենք բոլորս հասկանում ենք, որ այդ բևեռի անհրաժեշտությունը ժողովրդի հրամանականն է, պահանջն է, և միայն դրանով կարելի է իսկապես մրցունակ լինել մեր առաջ կանգնած բոլոր տեսակի ընտրական և այլ խնդիրներին և մարտահրավերներին։ Այնպես որ, այս պահի դրությամբ ես անուններ չեմ տա, պարզապես նորից կշեշտեմ, որ մենք որևէ քաղաքական ուժի հետ, իշխանականից բացի, բնականաբար, չենք բացառում համագործակցությունը և դաշինքի մեջ լինելը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Համախմբում» կուսակցության նախագահ, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը՝ պատասխանելով հարցին, թե որ ուժերին է տեսնում՝ որպես գործընկեր՝ 2017թ. կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելիս։

Հարցին, թե ի՞նչ կփոխի Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքական դաշտում, արդյոք կա՞ նրա վերադարձի անհրաժեշտությունը, Վարդան Օսկանյանը պատասխանեց, որ կփորձի խուսափել նաև այդ հարցից այնքան ժամանակ, քանի դեռ Գագիկ Ծառուկյանն անձամբ հայտարարություն չի արել։

Ըստ նրա՝ ինքն ու իր քաղաքական թիմը Ծառուկյանի հետ աշխատել են, ճանապարհ են անցել, չեն փոշմանել։ «Մենք, Ծառուկյանի հետ միասին, մի խնդիր էինք դրել, որ խաղաղ ճանապարհով, օրինական միջոցներով, օգտագործելով մեր օրենքի և Սահմանադրության տված հնարավորությունները, երկրում իրավիճակ փոխել։ Դա էր նպատակը, այլ բան չի եղել»,- ասաց Վարդան Օսկանյանը։

Նրա խոսքով՝ դաշինքներից խուսափողները ցույց կտան իրենց երեսը, թե միգուցե այլ նպատակների են ծառայում. հնարավոր է՝ նաև հետընտրական դաշինքներ, բայց ՏԻՄ ընտրությունների արդյունքում կարծես թե դա էլ վարկաբեկվեց։

Կարդացեք նաև

Վարդան Օսկանյանն ասաց, որ պետք է մտնել պայքարի մեջ, փորձել իրավիճակ փոխել. եթե ստեղծվի քաղաքական բևեռ, որտեղ միախմբված են ուժեր, ովքեր ցանկանում են խորքային փոփոխություններ տեսնել Հայաստանում, հնարավոր կլինի նաև կանխել ընտրակեղծիքները։ Նա նշեց, որ ԱՄՆ-ում Դոնադ Թրամփը հաղթեց ընտրություններում, քանի որ ժողովուրդը հոգնել էր բյուրակրատիայից, լճացած վիճակից և փոփոխություն էր ուզում. մարդիկ գնացին այն մարդու հետևից, ով խոսում էր դրանից և ուզում էր անել, փոփոխությունն առողջ բան է։ Նա նշեց, որ հույսը չի կորցրել, կուսակացությունը ստեղծվել է դրա համար, դրա համար ներգրավվում են այս գործընթացում։

Տեսանյութեր

Լրահոս