«Հանրապետական կուսակցության հարաբերությունները Ռուսաստանի հետ թեթևներից չեն լինելու». Ստեփան Սաֆարյան

«Ես և՛ սպասում էի Հիլարի Քլինթոնի հաղթանակին, և՛ ուզում էի»,- այսօր հրավիրված քննարկման ժամանակ ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը՝ խոսելով երեկ ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների մասին։

Հիշեցնենք, որ ընտրություններում հաղթեց Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Դոնալդ Թրամփը։

Ս. Սաֆարյանի խոսքով՝ իր և շատերի համար Դ. Թրամփը «չկտրված ձմերուկ» է. «Կարծում եմ՝ Թրամփը ստիպված այնուամենայնիվ վերանայելու է շատ բաներ, որովհետև բաներ կան՝ հայտարարել է ընտրությունների ընթացքում, և որպես ուղղություններ դրանք մեկ մեքենա չեն դառնում, մեկը մյուսին խանգարում են, հետևաբար՝ ես կարծում եմ՝ նախագահ Թրամփն այլ որակներով է երևալու, քան թեկնածու Թրամփը»։

Պարզաբանելով, թե ինչո՞ւ էր հավատում, որ Հ. Քլինթոնը կհաղթի, Ս. Սաֆարյանն ասաց, որ ոչ միայն նրա համար, որ Միացյալ Նահանգների բազմաթիվ հեղինակավոր և վաստակաշատ կազմակերպություններ ավելի բարձր էին գնահատում Հիլարի Քլինթոնի շանսերը, կողքից էլ անգամ երևում էր, որ Թրամփն ամբողջ այդ իսթաբլիշմենթում յուրային չի երևում։

Կարդացեք նաև

«Անգամ հանրապետականների ներսում Թրամփը «чужой» էր, յուրային չէր շատերի համար։ Թվում էր, թե համակարգը նրան չի ընդունի։ Վերջին մեկ շաբաթվա իրադարձություններն արդեն իմ ներսում էլ սկսեցին կասկածներ հարուցել։ Առաջին հեռուստադեբատներում աներկբա էր, որ առաջատարը Հիլարի Քլինթոնն էր, որը ավելի պատրաստված էր երևում, կարծես թե փակում էր այդ մեյլերի և այլնի պատմությունը բավականին հաջող, երկրորդ դեբատի ժամանակ Թրամփը բավականին լավ պատրաստված էր, երրորդ դեբատում  արդեն հավասարությունը ստեղծված էր, բայց վերին աստիճանի առանցքային էին վերջին մեկ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, երբ Քլինթոնի մեյլերի հետ կապված պատմությունը վերաբռնկվեց։ Այլ բան է, երբ  քաղաքական հակառակորդն է դա շահարկում, հասարակությունը դա այլ կերպ է ընկալում,  բայց երբ դրան Հատուկ ծառայությունները և պետական մարմիններն են խառնվում  և ասում են, որ հետաքննություն են սկսել, դա այլ բան է»,- նկատեց քաղաքագետը։

Ս. Սաֆարյանն ընդգծեց, որ Դ. Թրամփն այս հաղթանակի միակ շահառուն չէ, այս հաղթանակի շահառուն մի ողջ կուսակցություն է, որն աշխատել է Թրամփի հաղթանակի օգտին. «Եթե անգամ մենք ընդունենք, որ Թրամփը շատ անհաջող նախագահի թեկնածու էր, միևնույն է՝ դա մի հսկայական և հզոր համակարգ է, որտեղ համատարած աշխատում են ինստիտուտները, ինչպիսին էլ լինեն ընտրված նախագահի որակները, այդ համակարգը թույլ չի տալու այդ մարդուն՝ ուղղակի ստեղծագործի իմպրովիզներով և անի այն, ինչ ուզում է անել»։

Ս. Սաֆարյանը Դ. Թրամփի ընտրությունը ողբերգություն չի համարում, հակառակը՝ գտնում է, որ ամերիկյան հասարկությունն ապացուցեց, որ աշխարհի ամենաանկախ և ամենաազատ հասարակությունն է, որը  կարող է ուղղակի այսքան միջամտություններից հետո ցույց տալ, որ որևէ արտաքին միջամտություն չի կարող թելադրող լինել իր ընտրության մեջ։

Ս. Սաֆարյանը կիսում է այն կարծիքը, որ Ռուսաստանը դեռևս կզարմանա՝ որքան կոշտ են լինելու իր հարաբերությունները հենց Հանրապետական վարչակարգի օրոք. «Ի վերջո, հակահրթիռային համակարգի թիվ մեկ ջատագովն ու իրականացնողը եղավ Բուշը։ Ո՛չ Դոնալդ Թրամփը, ո՛չ Հանրապետական կուսակցությունը չեն հրաժարվելու այս գաղափարից, որովհետև համակարգի մի մասն արդեն իսկ գործարկված է, կարծում  եմ՝ մի փոքր կարճ կտևի այն դրական նոտաների փոխանակումը, որ գնում են Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև»։

Քաղաքագետը գտնում է, որ Դ. Թրամփի մեղմ և Ռուսաստանի հետ նորմալացման հարաբերություններն առավելապես կապված են նրանով, որ ինքը պետք է այլընտրանքային լիներ իշխանությանը. «Եթե հակահրթիռային պաշտպանության կառուցման խնդիրը շարունակվելու է հանրապետական վարչակազմի կողմից, իսկ ես կարծում եմ, որ շարունակվելու է, դա լարվածությունն ավելացնելու է, եթե  տարաձայնությունները շարունակվելու են, խոսել ԼՂՀ գործում Միացյալ Նահանգներ-Ռուսաստան համաձայնությունների մասին, իզուր կլինի»։

Հարցին, թե՝ պատժամիջոցների վերանայում չե՞ք կանխատեսում, Ս. Սաֆարյանը պատասխանեց, որ պատժամիջոցների վերանայում կլինի, բայց խորունկ շահերի զիջում չի լինելու։

Անդրադառնալով նրան, թե ինչո՞ւ էր ինքը շահագրգռված Քլինթոնի և դեմոկրատների հաղթանակով՝ Ս. Սաֆարյանն ասաց. «Որովհետև հանրապետականներն ավանդաբար կարևորել են Արևմուտք-Արևելք այս հաղորդուղին, և, թերևս, Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան տանդեմը Հանրապետական կուսակցության ամենասիրելի տանդեմներից մեկն էր, որի հետ կապված հույսեր էին փայփայում։ Կարծում եմ՝ Հանրապետական կուսակցության հարաբերությունները Ռուսաստանի հետ թեթևներից չեն լինելու, այս առումով՝ ռիսկը կա»։

Տեսանյութեր

Լրահոս