«Համաշխարհային շուկայում դոլարի տատանումները միայն սպեկուլյատիվ բնույթ են կրում»

Համաշխարհային ֆինանսական շուկաներում դոլարի անկումը կրում է սպեկուլյատիվ բնույթ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Արամ Կայֆաջյանը: «Դոնալդ Թրամփի ընտրությունը որեւէ տնտեսական գործոն չի պարունակում: Այն քաղաքական գործընթաց է եւ, հետեւաբար, համաշխարհային շուկայում դոլարի  տատանումները միայն սպեկուլյատիվ բնույթ են կրում եւ հիմնված են ինչ-որ մտավախությունների վրա: Այն ոչ մի կերպ չի անդրադառնա Հայաստանի վրա»,-նկատեց տնտեսագետը:

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփման շեմին ԱՄՆ-ում դոլարի փոխարժեքը եւ համաշխարհային ֆինանսական շուկաներն անկում են ապրում:

Դոնալդ Թրամփի հաղթանակի վերաբերյալ նորությունները խուճապ են առաջացրել շուկայում, գրում է Bloomberg-ը: S&P 500 ինդեքսի ֆյուչերսներն ընկել են ավելի քան 4,3 տոկոսով, իսկ Dow Jones ինդեքսի ֆյուչերսները՝ 3,6 տոկոսով: Փլուզվել են ասիական բոլոր բորսաները, Nikkei ճապոնական ինդեքսն ընկել Է 4 տոկոսով:

Երեւանի ժամանակով ժամը 8:15-ի տվյալներով՝ եվրոն դոլարի նկատմամբ ամրապնդվել է ավելի քան 2 տոկոսով՝ մինչեւ 1,12 դոլար, իսկ ֆունտը՝ ավելի քան 1 տոկոսով: Դոլարն ավելի քան 3 տոկոսով Էժանացել Է ճապոնական իենի եւ ավելի քան 2 տոկոսով՝ շվեյցարական ֆրանկի նկատմամբ:

Տեսանյութեր

Լրահոս