Բաժիններ՝

2017 թվականի ապրիլի մեկից ԱՊՊԱ ոլորտում ներդրվում է ուղիղ հատուցումների համակարգը

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն տեղեկացնում է, որ 2017թ․ ապրիլի 1-ից ԱՊՊԱ ոլորտում ներդրվելու է ուղիղ հատուցումների համակարգը, ինչը նշանակում է, որ ավտովթարների դեպքում տուժող ավտոսեփականատերերն ապահովագրա­կան հատուցում ստանալու համար պետք է դիմեն իրենց հետ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերություններին:

Ապահովագրական ընկերությունները սահմանված կարգով կհատուցեն իրենց հետ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ավտոմեքենաների սեփականատերերին պատճառ­ված վնասները, որից հետո վնաս պատճառած ավտոտրանս­պոր­տա­յին միջոցի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերությունների հետ կիրականացնեն փոխհաշվարկներ՝ սահմանված չափերով հետ ստանալով իրենց կողմից հատուցված գումարները: Այս համակարգի ներդրումը թույլ կտա ավտոսեփականատերերին ԱՊՊԱ պայմանագրի գործողության ամբողջ ժամանակահատվածում գործ ունենալ միայն իրենց կողմից ընտրված ապահովագրական ընկերության հետ։

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն մեծապես կարևորում է ուղիղ հատուցումների համակարգի ներդրումն ԱՊՊԱ ոլորտում: Ներկայումս, ԱՊՊԱ պայմանագրեր կնքելով, Ապահովադիրներն ըստ էության ընտրում են միայն ապահովագրական ընկերություններին, քանի որ ԱՊՊԱ ոլորտում գործող պայմանները միասնական և ստանդարտ են, որտեղ հաշվի են առնված ԱՊՊԱ համակարգի բոլոր մասնակիցների և տուժողների շահերը։ Ուղիղ հատուցումների համակարգը հնարավորություն կտա վերականգնել այդ ընտրության իրականացման խթանները, որոնք ներկայումս բացակայում են:

Համապատասխանաբար, ավտոսեփականատերերը կարող են ապահովագրական ընկերությանը ընտրել՝ ելնելով վերջինիս կողմից պայմանագիրը սպասարկելու որակից, հատուցման գործընթացը կազմակերպելու արագությունից, վնասի գնահատման գործընթացը կազմակերպելու օբյեկտիվու­թյու­նից, հաճախորդի հետ հաղորդակցվելու որակից և սպասարկման որակի գնահատման՝ իր համար նախընտրելի այլ չափորոշիչներից: Այս գործոնների առկայությամբ անխուսափելիորեն ԱՊՊԱ ոլորտում կմեծանա ապահովագրական ընկերություննե­րի միջև առողջ մրցակցությունը՝ հիմքում ունենալով «Յուրաքանչյուր ընկերություն սպասարկում է իր հաճախորդին» սկզբունքը, ինչն իր հերթին կհանգեցնի ԱՊՊԱ պայմանագրերի առավելագույնս որակյալ սպասարկմանը և հատուցումների գործընթացի որակի բարելավմանը։

Ուշադրություն՝

Կատարված փոփոխությունները տարածվելու են ինչպես 2017 թվականի ապրիլի 1-ից հետո կնքված ԱՊՊԱ պայմանագրերի, այնպես էլ 2017 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կնքված և գործող ԱՊՊԱ պայմանագրերի հիման վրա 2017 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս