«Ով էլ դառնա ԱՄՆ նոր նախագահ, միանշանակ, Հայաստանը մնալու է ԱՄՆ-ի գործընկերը». Ռիչարդ Միլզ

«Ցանկանում ենք  շարունակել մեր գործընկերությունը և այս տարի նշելու ենք հայ-ամերիկյան դիվանագիտական  հարաբերությունների հաստատման 25-ամյակը»,- այս մասին այսօր վաղ առավոտյան ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը կազմակերպված հավաքույթի ժամանակ ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը՝ անդրադառնալով ԱՄՆ-ում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքներին։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը, որի արդյունքներով ԱՄՆ 45-րդ նախագահ է ընտրվել հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը։ Ըստ վերջին տվյալների՝ Թրամփը հավաքել է ընտրական կոլեգիայի 276 անդամների ձայնը, իսկ նրա մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնը ստացել է 218 ձայն։

Ռիչարդ Միլզն ասել է, որ որքան էլ բուռն է եղել այս տարվա նախագահական քարոզարշավը, ամերիկացիները վստահ են, որ իշխանությունը  խաղաղ կերպով կհանձնվի նոր ընտրված նախագահին 2017թ. հունվարի 20-ին։ «Ինչպես անցած շաբաթ պետքարտուղար Քերին ասաց,  մենք այժմ գտնվում ենք 58-րդ գործընթացում նախագահական ազատ և արդար ընտրությունների անցկացման համար, և դա տեղի է ունենում 58 անգամ անընդմեջ։ Ինչպես պետքարտուղարը նշեց, ես լիովին համամիտ եմ նրա հետ, եթե սա համեմատենք աշխարհի այլ վայրերի հետ,  իսկապես  ապշեցուցիչ  արդյունք է»,- նշել է դեսպան Միլզը։

Վերջինիս որակմամբ, ժողովրդավարությունը՝ որպես կառավարման  համակարգ, երբեմն կարող է խառը լինել, երբեմն էլ կարող է խութերի հանդիպել։ Բայց նրա խոսքով՝ այն մշտապես հնարավորություն է տալիս  բանավեճեր ապահովել ամերիկացիների միջև, ովքեր ունեն տարբեր կարծիքներ ու դիրքորոշումներ։ Միլզի համոզմամբ՝ սա է ժողովրդավարության ողջ փառքը։  «Ուինստոն Չերչիլի հայտնի խոսքը ձեզ ծանոթ է. «Որևէ մեկը չի  ձևացնում, թե ժողովրդավարությունը  կատարյալ ու լիովին իմաստուն է, անշուշտ, ժողովրդավարությունը կառավարման ամենավատ ձևն է, բացի կառավարման բոլոր այն ձևերից, որոնք ժամանակի ընթացքում  մենք փորձարկելու առիթ ենք ունեցել»։  Հենց այստեղ է գտնվում ճշմարտությունը»,- նկատել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Միլզը։

Կարդացեք նաև

ԱՄՆ նախագահական ընտրությունների համատեքստում անդրադառնալով Հայաստան-ԱՄՆ հարաբերություններին՝ Միլզն ընդգծել է, որ ԱՄՆ-ը Հայաստանի հետ իր բարեկամությունը  բարձր է գնահատում։ «Ցանկանում ենք  շարունակել մեր գործընկերությունը և այս տարի նշելու ենք հայ-ամերիկյան դիվանագիտական  հարաբերությունների հաստատման 25-ամյակը»,- նկատեց Միլզը։

Ըստ նրա, անկախ այն հանգամանքից, թե ով կընտրվի ԱՄՆ նախագահ, ԱՄՆ արտաքին քաղաքականության 80%-ն անփոփոխ է մնալու, իսկ 20%-ը կարտացոլի նորընտիր նախագահի նախասիրությունները։ «Ով էլ դառնա ԱՄՆ նոր նախագահ, միանշանակ, Հայաստանը մնալու է ԱՄՆ-ի գործընկերը»,- շեշտել է դեսպան Միլզը։

Տեսանյութեր

Լրահոս