Լևոն Ալթունյանն ընդունել է մահացած ծննդկանների իրավահաջորդներին
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է վերջին շրջանում արձանագրված մայրական մահվան առավել հասարակական հնչեղություն ստացած դեպքերի` երեք ծննդկանի՝ Մերի Մարգարյանի, Տաթևիկ Գասպարյանի և Նաիրա Աբգարյանի հարազատներին։ Հռիփսիմե Նազլուխանյանի հարազատները հանդիպմանը չեն մասնակցել։
Նախարարը տեղեկացրել է, որ մանրամասն ծանոթ է բոլոր դեպքերին, դրանց կապակցությամբ նախարարության կողմից ստեղծված հանձնաժողովների ուսումնասիրությունների արդյունքներին։
Տուժածների իրավահաջորդները իրենց գոհունակությունը հայտնեցին նախարարության կողմից կազմված մասնագիտական հանձնաժողովների անաչառ վերլուծությունների կապակցությամբ։
«Մենք ձեր կողքին ենք և պատրաստակամ` մեր լիազորությունների շրջանակներում աջակցելու ձեզ։ Ինչ վերաբերում է դատաիրավական գործընթացներին, ապա նախարարությունը լիազորություններ չունի որևէ կերպ միջամտելու, ներազդելու գործի քննությանը», -ասել է Լևոն Ալթունյանը` հավաստիացնելով, որ օրենքով վերապահված իր լիազորությունների շրջանակում հետևողականորեն համապատասխան լուծումներ կտրվեն առողջապահության ոլորտին վերաբերող բարձրացված հարցերին։
Նախարարը նաև տուժողների իրավահաջորդներին առաջարկել է մասնակից դառնալ ոլորտում իրականացվող վերափոխումներին, մասնավորապես` ընդգրկվել շահառուների իրավունքների պաշտպանությանն առնչվող օրենսդրական փոփոխությունների մշակման աշխատանքներում։
Տուժողների իրավահաջորդների կողմից առողջապահության համակարգի գործունեությանը վերաբերող խնդրահարույց հարցերի պարզաբանման նպատակով նախարարության համապատասխան ստորաբաժանումներին տրվեցին հանձնարարականներ։
Ամփոփելով հանդիպումը` նախարար Ալթունյանը շեշտել է, որ այս մոտեցումները վերաբերում են ոչ միայն տվյալ երեք դեպքին, այլև նախարարության որդեգրած դիրքորոշումն է։ Նա ընդգծել է, որ իրականացվող բարեփոխումները, մասնավորապես` ուղեցույցների և գործելակարգերի ներդրումը, միտված են ինչպես բժշկական օգնության որակի բարձրացմանը, այնպես էլ` նման դեպքերի առավելագույն նվազեցմանը։