Թուրքիայի քրդամետ կուսակցության ձերբակալված առաջնորդը փաստաբանների միջոցով հաղորդագրություն է ուղարկել
Թուրքիայում գործող քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) ձերբակալված առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը փաստաբանների միջոցով հաղորդագրություն է ուղարկել: Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org լրատվական կայքը:
«Մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ ազատության եւ ժողովրդավարության համար մղվող ամուր պայքարին: Նրանք, ովքեր կարծում են, որ կարող են կոտրել մեր կամքը, այս էժան սյուժեի միջոցով վերահաստատեցին իրենց թշվառությունը», հաղորդագրության մեջ ասել է Դեմիրթաշը:
HDP-ի դեմ կատարվածը անվանելով քաղաքացիական հեղաշրջում՝ Դեմիրթաշը ասել է. «Ինչ պայմաններ էլ լինեն, մենք շարունակելու ենք մեր ժողովրդավարականքաղաքական պայքարը, եւ այս հետապնդման օրերը, վաղ թե ուշ, կավարտվեն»:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 9 պատգամավոր ձերբակալվել են:
Սելահաթթին Դեմիրթաշի դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչություն իրականացնելու» մեղադրանքներով: