«Եթե Կարեն Կարեպետյանը ՀՀԿ-ին անդամակցելու դիմում գրի, մի զարմացեք». Էդուարդ Շարմազանով

Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը Գործադիր մարմնի նիստի ընթացքում այսօր քննարկել է արտաքին, ներքին քաղաքական, ներկուսակցական, կուսակցության հերթական համագումարի կազմակերպչական հարցերը, ծրագրային փոփոխությունները, 2017թ, բյուջեի քննարկումներն Աժ-ում, կուսակցության դիրքորոշումը: Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով` գործադիր մարմնին առաջարկվել են փոփոխություններ կուսակցության ծրագրում և կանոնանդրության մեջ, փոփոխությունների փաթեթը դեռևս վերջնական տեսքի չի բերվել, առաջարկները քննարկվում են: Էդուարդ Շարմազանովը կարծիք հայտնեց, որ առաջիկա շաբաթվա ընթացքում ավարտական տեսքի կբերվեն կուսակցական գործընկերներից ստացված առաջարկները: Նա նշեց, որ կուսակցությունը մնալու է ազգային-պահպանողական, ծրագրում և գաղափարախոսության մեջ իր ուրույն տեղն է ունենալու Գարեգին Նժդեհի ուսմունքը:

Պատասխանելով հարցին` արդյոք վարչապետ Կարեն Կարապետյանը կուսակցության անդամ դառնալու դիմում ներկայացրել է, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Այս պահին հարգելի պարոն վարչապետը կուսակցության անդամակցման դիմում չի գրել` այս պահին, երբ ես ձեզ հետ խոսում եմ: Ես մի անգամ ասել եմ` եթե նույնիսկ պարոն վարչապետը գրի, մի զարմացեք, եթե չգրի, էլի մի զարմացեք:

Պարոն վարչապետը մեր քաղաքական թիմի առանցքային ներկայացուցիչ է, այդ թիմի ղեկավարը պարոն նախագահն է, բայց եթե մինչև համագումար նոր զարգացումներ լինեն, ես ձեզ կհաղորդեմ: Այժմ բավարարվեք այսքանով, բայց չզարմանաք, որ մտնի կամ չզարմանաք, որ մնա անկուսակցական»: Անդրադառնալով հաջորդ տարի կայանալիք ընտրություններից հետո վարչապետի թեկնածությանը` Էդուարդ Շարմազանովն ասաց, որ թեկնածուին կարող են առաջադրել միայն ու միայն հաջողության դեպքում:

Տեսանյութեր

Լրահոս