«Առավոտյան զորքը տագնապով տարհանելու հրաման ստացա…». Ապրիլյան պատերազմի մասին պատմում է Շուլի Հակոբյանը

«Կյանքը պատերազմից հետո» շարքի մեր հաջորդ հերոսը «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ Շուլի Հակոբյանն է:

19-ամյա գյումրեցի հերոսի հետ մեր զրույցը սկսում ենք իր արտասովոր անվան նախապատմության բացահայտումով: Պարզվում է՝ հերոսին Շուլի անվանել են պապի պատվին: Հերոսը մեծ հպարտությամբ է պատմում ընտանիքի, ծնողների և գյումրեցի լինելու մասին: Շուլիի ընտանիքի պատմության դրվագներում հաճախ կարող ենք հանդիպել թշնամու հետ կապված հերոսական պատմությունների: Ինչպես Շուլին է պատմում, Եղեռնի տարիներին իր պապի պապը 7 ընկերների հետ ընտանիքներով գաղթել են Ղարսից: Ընկերների հետ հիմնադրել և հաստատվել են Շիրակ գյուղում:

«Պապիս պապը լավ հարաբերություններ է ունեցել հարևան թուրքերի հետ: Եվ երբ մի անգամ թուրքերը գիշերել են մեր տանը, պապիս պապը պատահաբար լսել է, թե ինչպես են թուրք հյուրերն իր ընտանիքի անդամներին խեղդամահ անելու ծրագիր կազմում: Պապիկն ընտանիքին պաշտպանելու նպատակով՝ ինքն է խեղդել թուրքերին: Այս դեպքից հետո գյուղը հայտնի է դարձել «Ղոնաղռան» անունով, որը թուրքերենից թարգմանաբար նշանակում է՝ հյուր խեղդող»,- պատմում է Շուլին: Հետաքրքրականն այն է, որ տարիներ անց գյուղը հիմնադրող այդ 7 ընկերներից երկուսի ծոռները՝ Շուլին և Ռաֆայել Հովհաննիսյանները, ապրիլյան պատերազմի օրերին տարբեր դիրքերից պայքարել են հակառակորդի դեմ: Եվ հավատարիմ մնալով իրենց գեներին՝ երկուսն էլ հակառակորդի 3 տանկ են խոցել:

shuli-2

Կարդացեք նաև

Քառօրյա պատերազմում կես ժամում 3 տանկ խոցած հերոսը հիշում է.

«Պատերազմի օրը՝ ապրիլի 2-ի լույս գիշերը, հերթապահ եմ եղել: Առավոտյան զորքը տագնապով տարհանելու հրաման ստացա: Մտածեցի՝ ուսումնական տագնապ է, բայց պարզվեց հակառակը: Թաքստոց հրաման էր տրվել, մոտ 15 րոպե հետո, երբ արդեն տեղավորվել էինք, նկատեցի, որ Թալիշի կողմից եռաշարասյուն մեքենաներ են իջնում: Զարմացա: Ճիշտն ասած, լսել էինք, որ Թալիշի վրա դիվերսիոն հարձակում է եղել և հետ է մղվել, բայց միևնույն է՝ չէի պատկերացնում, որ պատերազմ կսկսվի»,- հիշում է Շուլին և ավելացնում, որ առաջին արկի ձայնը լսելուց հետո է հասկացել, որ ամեն ինչ իր պատկերացրածից լուրջ է:

«Առավոտյան 6:30-ն էր, նայեցի ձեռքիս ժամին և կատակելով տղաներին ասացի՝ «արթնացե՛ք, վերկացի ժամ է»: Ծիծաղում էինք և հենց այդ պահին լսեցինք առաջին արկի ձայնը: Նետվեցինք խրամատներ և դրանից հետո արդեն սկսվեց խառը հրետակոծություն»,- պատմում է նա:

Ասում է՝ առաջին անգամ կրակել է մարտական գործողությունների ժամանակ, չնայած դրան, միշտ մտածել է, որ առաջին կրակը պետք է զորավարժությունների ժամանակ լիներ՝ խաղաղ պայմաններում, բայց ստացվեց այնպես, որ եղավ հակառակը:

«Մինչև այդ կրակել ենք «Կարատ» վարժասարքի վրա: Երբեք չեմ մտածել, որ գործը կհասներ «ֆագոտի» կիրառմանը: Սրանցով կրակելիս զգացողություններն անհամեմատ տարբեր էին: Այդ ժամանակ իմ կյանքի մասին չէի մտածում. գիտակցում էի, որ իմ սխալը վտանգի տակ կդներ մարդկային բազմաթիվ կյանքեր: Ես դա թույլ տալ չէի կարող: Քաջ գիտակցում էի նաև, որ պատերազմը կյանքի ու մահվան կռիվ է, և այստեղ այլ անելիք չունեմ, քան իմ գործողությամբ հայրենիքիս օգուտ տալն էր: Այս առումով պատասխանատվությունը մեծ էր»,- ներքին հանդարտությամբ ասում է Շուլին:

shuli-4

Ասում է՝ երկար ժամանակ ծնողներից թաքցրել է իր՝ դիրքերում լինելը, և քանի որ ստեղծված իրավիճակի մասին բոլորը գիտեին, ծնողների անհանգստությունը մեղմելու համար՝ ապրիլի 4-ին որոշում է առաջինը խոսել հայրիկի հետ, պատմել կատարվածի մասին:

«Զանգեցի հայրիկիս ու ասեցի՝ «պապ ջան, իմ մասնագիտությամբ երեքի վրա աշխատել եմ ու շատ լավ»: (Ծիծաղում է) Հայրս էլ պատասխանեց. «Ի՞նչխ թե, այ տղա, 3 հատ տանկ ես զարգե»: Էդպես երկար ծիծաղեցինք, ծնողներիս տրամադրությունը բարձրացավ, բայց անհանգստությունը չմեղմվեց մինչև տուն վերադառնալս»,- պատմում է Շուլին:

Զորացրվելուց հետո հերոսին մեծ շուքով և հանդիսությամբ դիմավորում են հարազատ Գյումրի քաղաքում: Գյումրու քաղաքապետը հերոս տղային պարգևատրում է «Գյումրի քաղաքի ոսկե հուշամեդալով»: Հերոս տղան նշում է, որ իր համար մեծ հպարտություն էր այդպիսի ընդունելությանն արժանանալը, զգացողություններն աննկարագրելի էին, բայց խոստովանում է, որ չնայած այդպիսի ընդունելությանը՝ տուն էր շտապում. մայրը տանը սպասում էր:

Շուլին զորացրվելուց հետո ընտանիքի հետ այցելում է Սուրբ Հովհաննես մատուռ, որտեղ տղայի ընտանիքն աղոթել էր զինվորին բանակ ճանապարհելուց առաջ: Մատուռի տարածքում՝ բազմաթիվ խաչքարերի կողքին, Շուլին և իր հայրը նկատում են զինվորին նվիրված խաչքարի բացակայությունը և որոշում այդ բացը լրացնել:

«Օգոստոսին «Աստված պահապան զինվորին» մակագրությամբ խաչքարն արդեն տեղադրված էր: Գյումրիում օծելուց հետո բարձրացրեցինք և տեղադրեցինք մատուռի տարածքում: Հիմա ուխտագնացներն այցելության ժամանակ կհիշեն և կաղոթեն նաև մեր զինվորների համար»,- նշում է նա:

Շուլին պատմում է նաև, որ պատերազմից հետո կյանքն ավելի է արժևորվել: Փոխվել են կյանքի, հայրենիքի և մնացածի մասին ունեցած պատկերացումները: Չնայած դրան, ապագայի հետ պլանները չեն փոխվել: Այժմ Շուլին սովորում է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում: Սովորելուն զուգահեռ՝ ցանկանում է նաև աշխատել, ասում է՝ զինվորական աշխատանքի անցնելու առաջարկներ ստացել է, բայց դեռ բանակում աշխատանքի անցնելու պլաններ չունի:

Նշենք նաև, որ սեպտեմբերի 21-ին Գյումրու երիտասարդական պալատում կայացած՝ «Նելսոն Մանդելա» միջազգային մրցանակաբաշխությանը Շուլի Հակոբյանը արժանացել է լավագույն պարգևին՝ ստանալով Հոլանդիայից բերված «Նելսոն Մանդելա» բրոնզաձույլ արձանիկը:

Գոհար Ջուլհակյան

Տեսանյութեր

Լրահոս