ԱԺ պատգամավորներին կթույլատրեն քվեարկել արտերկրից. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այսուհետ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները քվեարկությանը կարող են մասնակցել նաեւ Հայաստանում չգտնվելու դեպքում, եթե, իհարկե, նրանք խորհրդարանական որեւէ պատվիրակության կազմի հետ գտնվում են գործուղման մեջ: ԱԺ նոր կանոնակարգ օրենքը նման դեպքերում թույլ կտա, որ պատգամավորը որեւէ նախագծի վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտի՝ նախապես այդ մասին գրավոր կերպով տեղեկացնի եւ նշի՝ կողմ է, ձեռնպահ է, թե դեմ է:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի խոսքերով՝ որեւէ այլ դեպքում, եթե անգամ դա հարգելի պատճառ է, օրինակ՝ հիվանդանալու դեպքում, պատգամավորը չունի նման իրավունք: «Եվ դա կընդունվի որպես քվեարկության լիարժեք մասնակցություն»,- երեկ մեր զրույցում ասաց Հովհաննես Սահակյանը:
Վերջինս գտնում է, որ այդ նորամուծությունը ձեռնտու կլինի հատկապես ընդդիմությանը, քանի որ նրանք են փոքրաթիվ: Նկատենք, սակայն, որ սովորաբար մեծամասնության պատգամավորներն են կեղծում գործընկերների փոխարեն, որպեսզի ինչ-որ նախագիծ չտապալվի: Այդպիսով դա ավելի շատ պետք է իշխանություններին: «Չեմ կարծում»,- մեր այս դիտարկմանը պատասխանեց Հովհաննես Սահակյանը»: