Գերմանիայի ԱԳՆ­-ն տարօրինակ պատճառաբանութամբ չեղարկել է Ստամբուլում Ցեղասպանությանը նվիրված համերգը

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը Ստամբուլում Գերմանիայի հյուպատոսարանում նախատեսված Դրեզդենի սիմֆոնիկ նվագախբի` Հայոց ցեղասպանության 100-­րդ տարելիցին «Աղետ» խորագրով համերգի չեղարկման վերաբերյալ պատճառաբանում է հրապարակել: «Ստամբուլում նոյեմբերի 13­-ին հյուպատոսարանի շենքերն ազատ չեն լինի»,­ DPA գործակալությանը նման տարօրինակ բացատրություն է տվել Գերմանիայի ԱԳՆ­-ն:

Գործակալության տեղեկություններով՝ համերգը չեղարկելու որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ նախարարությունում իմացել են, որ համերգին մասնակցելու հրավերներ են ուղարկվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, վարչապետ Բինալի Յըլդըրըմին, ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին և Մշակույթի ու զբոսաշրջության նախարար Նաբի Ավջիին:

Գերմանիայի ԱԳՆ­-ն նշել է, թե հրավերներն ուղարկվել են առանց ԱԳՆ-­ի մասնակցության:

Դրեզդենի սիմֆոնիկ նվագախումբը ծրագրում է «Աղետ»­-ը նոյեմբերին ներկայացնել Բելգրադում և Երևանում:

«Աղետ» ծրագիրը բաղկացած է Զեյնեթ Գեդիզիօղլուի (Թուրքիա), Վաչե Սարաֆյանի (Հայաստան) և Հելմուտ Օհրինգի (Գերմանիա) աշխատանքներից:

Թուրքիայի Հանրապետությունը հայտարարել է ԵՄ Ստեղծարար Եվրոպա ծրագրից հրաժարվելու մասին այն պատճառով, որ ծրագիրն աջակցում է «Աղետ» նախագծին: Նախագծին աջակցելու մասին հայտարարել է անգամ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ­ Վալտեր Շտայնմայերը:

«Այս նախագիծը հրավիրում է հանդիսատեսին դուրս գալ ատելության աշխարհից: Ես վստահ եմ, որ միայն այն մարդիկ, ովքեր իմանում և ճանաչում են մյուսների երազներն ու տրավմաները, կարող են նպաստել պայծառ ապագայի հաստատմանը: «Աղետ» նախագիծն այս ճանապարհին ամենակարևոր հիմնաքարն է»,-­ նշել է Շտայնմայերը:

Տեսանյութեր

Լրահոս