Հայաստանի սպառողական շուկայում պահպանվել է բենզինի գնի նվազումը. ՏՄՊՊՀ
Հայաստանի սպառողական շուկայում պահպանվել է բենզինի գնի նվազումը: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ամենշաբաթյա մոնիթորինգի արդյունքում արձանագրել է, որ այս շաբաթ եւս բենզինի գինը չի ավելացել: «ՏՄՊՊՀ-ն այս շաբաթ եւս առաջին սպառման անհրաժեշտության բոլոր ապրանքատեսակների մշտադիտարկում է իրականացրել և որեւէ գնային փոփոխություն չի արձանագրել: Բենզինի շուկայում էլ դեռ նախորդ շաբաթ իրականացրած մոնիթորինգի արդյունքների համաձայն` 20, 30 դրամով գնանկումը պահպանվել է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՏՄՊՊՀ մամլո խոսնակ Գայանե Սահակյանը:
Նա ուրախալի համարեց այն փաստը, որ վերջին շրջանում բավականին նվազել է շուկաների տնտեսավարողների կենտրոնացվածության մակարդակը: «Գերիշխող տնտեսավարողներն իրենց մասնաբաժինը բավականին զիջել են նոր փոքր ու միջին ընկերություններին գրեթե բոլոր ոլորտներում»,- ասաց նա:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը նվազագույն սպառողական զամբյուղի մեջ ներառված ապրանքատեսակների շուկայում (ալյուր, բենզին, դիզելային վառելիք, ձավարեղեն, մակարոնողեն, սուրճ, ձեթ, կարագ, կաթնամթերք) յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին մշտադիտարկում է իականացնում: Տոնական օրերին նախորդող ժամանակահատվածում մոնիթորինգն իրականացվում է ամեն օր: