«Սուպեր պրոֆեսիոնալների թիմում նվագելն ամենևին էլ հեշտ չէ». Անդրեյ Տանզյու
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում երեկ յուրահատուկ համերգ էր, յուրահատուկ խմբի՝ «Յոթ/Ութ» («Seven/ Eight Band») մասնակցությամբ: Խմբի մշտական հրավիրյալ անդամը հայազգի երաժիշտ, դուդուկահար Նորայր Բարսեղյանն է, որի մասնակցությունը խմբին՝ ապահովում է «Յոթ/Ութ»(«Seven/ Eight Band»)-ի հայկական կոլորիտն ու մեղեդայնությունը: Հայ հանդիսատեսի համար խմբի հետ ելույթ ունեցավ նաև մեկ այլ հրավիրյալ հյուր՝ դարբուքի վրա նվագող թուրք վարպետ Միսիրլի Ահմեդը:
Խմբի հնչեցրած ստեղծագործությունների հիմքում 7/8 երաժշտական ռիթմն էր, բայց երեկոյին հնչեցին նաև դասական և ժողովրդական գործեր, հեղինակային նոր ստեղծագործություններ՝ միայն «Յոթ/Ութ»-ին հատուկ գործիքավորմամբ: Փողային նվագարանների վիրտուոզ կատարող Նորայր Բարսեղյանի նվագակցությամբ երևանյան բեմում հնչեցին նաև Կոմիտասի և Սայաթ-Նովայի ստեղծագործությունների ինքնատիպ մշակումները:
Համերգին նախորդած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների հետ հանդիպմանը «Յոթ/Ութ»(«Seven/ Eight Band») խմբի պերկուսիոնիստ Անդրեյ Տանզյուն խմբի ստեղծման պատմությանը զուգահեռ՝ պատմեց նաև յուրատիպ երաժշտության մասին, որը խմբի անդամների միջոցով տարածում են աշխարհում.
«Սա աշխարհի երաժշտություն է, որ ընդունված է կոչել World music: Մենք մեր արվեստում օգտագործում ենք արևելյան մոտիվներ և Արևելքի ժողովրդի գործիքներ: Խմբի նվագացանկում կան նաև հայկական երաժշտական ստեղծագործություններ՝ Կոմիտաս, Սայաթ-Նովա, իսկ մեր և խմբի մշտական հյուր Նորայր Բարսեղյանի կատարմամբ «Բինգյոլ» ստեղծագործությունը Youtube-ում մեր ունեցած բոլոր կատարումներից ամենատարածվածն է ու ամենաշատ դիտումներ է ապահովել»:
Խոսելով խմբում ներգրավված տարբեր երաժիշտների և հարաբերությունների մասին, Անդրեյ Տանզյուն նկատում է.
«Սուպեր պրոֆեսիոնալների թիմում նվագելն ամենևին էլ հեշտ չէ, քանի որ բոլորը ստեղծագործող մարդիկ են, և յուրաքանչյուրն արդարացիորեն ցանկանում է ինքնարտահայտվել։ Սկզբում երկար ժամանակ փորձում էինք հարմարվել միմյանց, հետո որոշակի ձևաչափ գտնվեց։ Տղամարդկանց կոլեկտիվում գրեթե բոլորը առաջնորդներ են, ինչը երբեմն լարված իրավիճակների առիթ է տալիս, թեև հստակ է՝ աշխատանքային, այն էլ՝ ստեղծագործական գործընթացը՝ առանց տարաձայնությունների անհնար է։ Դրանով հանդերձ, ընդհանուր գաղափարը բոլորի համար միանշանակ է, և հենց սա է հիմնական կռվանը, որի շուրջ երաժշտական կոլեկտիվը մեկ օրգանիզմ է դառնում»:
Անդրեյ Տանզյուի մեկնաբանությամբ՝ «Յոթ/Ութ» («Seven/ Eight Band»)-ի երաժշտությունը հագեցած է արևելյան էներգիայով.
«Այն ամենը, ինչ մենք կատարում ենք, մեզ համար սիրելի է։ Խմբում հայտնի, ինչպես նաև հազվադեպ գործիքներ են ներառված՝ բաս-կլառնետ և բաս-սաքսոֆոն, դհոլներ, արաբական դահիրա, դուդուկ ու զուռնա, ունենք նաև առանց լադերի կիթառ: Առհասարակ մեր պրոպագանդած երաժշտությունը որոշակի ուղերձ ունի։ Կոմպոզիցիաները վառ են, զգացմունքային, քնարական։ Քանի որ կոլեկտիվի կատարած ժանրը հատուկ պրոֆեսիոնալիզմ է պահանջում, բենդի հետ մենակատարները քիչ են ներառվում»,- ասում է նա:
Տեղեկացնենք, որ «Seven/ Eight Band»-ն առաջին անգամ ելույթ է ունեցել 2014 թվականին՝ Ռուսաստանի նկարիչների կենտրոնական տան բեմում: Խմբի ստեղծման գաղափարը ծագել է Վարդան Կարիմյանի մոտ, ով ցանկություն ուներ մեկ երաժշտական նախագծում միավորել Ռուսաստանի` միաժամանակ տարբեր գործիքներ նվագող լավագույն երաժիշտներին: Կարիմյանը ծրագրել էր, որ «Seven/ Eight Band»-ը պետք է դառնա ոչ սովորական անսամբլ, որտեղ յուրաքանչյուր երաժիշտ փայլուն վիրտուոզ է և վարպետ. երաժշտական խմբի ամեն ելույթ պետք է լինի անզուգական ու հիշարժան: Բեմում պետք է հանպատրաստից արվեստ ծնվի: Ի դեպ, «Յոթ/Ութ» խմբի պրոդյուսերն է ՈՒՀԱ «ԵրՄի» թիմից հայտնի Արսեն Դանիելյանը:
Խմբի մշտական հրավիրյալ հյուր, հայազգի Նորայր Բարսեղյանի հետ 168.am-ի հարցազրույցը՝ շուտով: