«Տպավորություն է, թե նրանք անորսալի Ջոն են, այնինչ մի քանի մենաշնորհներ ունեցողներ նստած են այստեղ՝ ԱԺ-ում». Նաիրա Զոհրաբյանը՝ վարչապետին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է նոր կառավարության ծրագիրը, որը ներկայացնում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարցով դիմեց վարչապետ Կարեն Կարապետյանին.
«Դուք նշեցիք, որ կառավարության փոփոխությունները պետք է սկսել օր առաջ, պետք է սկսել հենց կառավարությունից։ Դուք բավարար ժամանակ ունեիք կառավարությունից սկսելու համար, ի՞նչ բարեփոխումներ են արվել կառավարությունում, որոնք կոնկրետ ինձ համար տեսանելի չեն՝ բացի անձերի փոփոխությունից։ Մենք անընդհատ խոսում ենք՝ ստվեր, կոռուպցիա և այլն, տպավորություն է, թե նրանք անորսալի Ջոն են, մենք չգիտենք՝ մենաշնորհը որտեղ է. մի քանի մենաշնորհներ ունեցողներ այստեղ նստած են»։
Ի պատասխան՝ Կ. Կարապետյանն ասաց, որ իրենք հանձնարարել են բոլոր գերատեսչություններին նոր կառուցվածք ներկայացնել՝ հստակ դնելով խնդիր՝ կրճատել, վերանայել այն գործառույթները, որոնք կիսատ-պռատ են արվում կամ չեն էլ արվում.
«Հստակ հանձնարարական կա կրճատելու ՊՈԱԿ-ները, հստակ հանձնարարական կա կենտրոնացնելու գնումների կառույցները, հստակ հանձնարարական կա կենտրոնացնելու ԾԻԳ-երը։ Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, ազգանուններ չենք գրել, բայց մենք չենք խոսել կոռուպցիայի դեմ ոչ ստանդարտ եղանակներով, կոռուպցիայի դեմ պայքարը շատ ստանդարտ է. կանե՞նք, թե՞ չենք անի, դուք կտեսնեք»։