«Հավաստիացնում ենք ձեզ, որ անվտանգության ոլորտում կառավարությունը չի խնայի ոչ մի միջոց և ջանք». Կարեն Կարապետյանը ներկայացնում է կառավարության ծրագիրը

Ինչպես հայտնի է, այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին հարցը։

Վարչապետ Կարեն Կարապետյանը, ներկայացնելով նոր կառավարության ծրագիրը, նշեց, որ ծրագրի մշակման ընթացքում բազմաթիվ հանդիպումներ և քննարկումներ են ունեցել ՀՀ նախկին վարչապետների, նախարարների, պետական, կառավարման  հարուստ փորձ ունեցող քաղաքական գործիչների, հայ և օտարերկրյա հայտնի տնտեսագետների,  փորձագետների, բիզնես աշխարհի ներկայացուցիչների և հասարակության լայն շերտերը ներկայացնող, երկրի ապագայի նկատմամբ ոչ անտարբեր  մարդկանց հետ։ Նրա խոսքով՝ մանրամասն քննարկումններ են տեղի ունեցել ՀՀԿ և ՀՅԴ կուսակցական կառույցների հետ։

«ՀՀ կառավարության նպատակն է՝  ՀՀ-ում բարեփոխումների միջոցով ապահովել մեր երկրի գերագույն արժեքի՝ ՀՀ քաղաքացու պաշտպանվածությունը, արժանապատվությունը, կենսամակարդակի բարձրացումը, արդար հասարակության մեջ ապրելը, ապագայի  հանդեպ լավատեսությունը։ Այս նպատակները միշտ են կարևոր։ Կառավարության խնդիրն է՝ վեր հանել դրանց հասնելու խոչընդոտները և դրանց արդյունավետ կերպով լուծումներ տալ»,- հայտարարեց վարչապետը։

Նա նկատեց, որ մենք այս պահին թևակոխել ենք տարածաշրջանային զարգացումների նոր փուլ, որը ենթադրում է տնտեսական աճի ցածր տեմպեր մեր անմիջական գործընկերների մոտ՝ սահմանափակելով  ընդհանուր տրենդների հաշվին աճի հնարավորությունները. «Աս միջավայրում ՀՀ-ի տնտեսության առկա կառուցվածքը, զարգացման ստանդարտ մոտեցումների դեպքում չի կարող ապահովել այն աճի տեմպերը, որոնք համահունչ են մեր մարտահրավերներին։ Անհրաժեշտ է խորությամբ վերլուծել և վերաիմաստավորել  տնտեսական զարգացման մասին մեր պատկերացումները և մոտեցուները»։

Կարդացեք նաև

Կ. Կարապետյանի խոսքով՝ կառավարության առջև  պահանջ է դրված՝ իրականացնել կառավարման համակարգի և  տնտեսության վիճակի հստակ ախտորոշում, կարևորագույն խնդիրների  ուսումանասիրություն և առաջարկել թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ լուծումներ։

«Կառավարության առջև դրված ռազմավարական խնդիրներից հատկապես կցանկանամ ընդգծել մի քանիսը՝  ՀՀ-ի պաշտպանության և անվտանգության հարցը մեր երկրի թիվ մեկ խնդիրն է,  մեր երկրի առջև ծառացած ռազմական խնդիրները մեզ պահանջում են ունենալ մարտունակ, մշտապես կատարելագործվող և արդիականացվող, հասակարության վստահությունը  և աջակցությունը վայելող պաշտպանության համակարգ։ Հավաստիացնում ենք ձեզ, որ անվտանգության ոլորտում կառավարությունը չի խնայի ոչ մի միջոց  և ջանք Հայաստանի և Արցախի դեմ  ռազմական սպառնալիքները չեզոքացնելու, բավարար ռազմական կարողությունների ստեղծման  և տարածաշրջանում ռազմական հավասարակշռության պահպանման համար։ Կարևորագույն խնդիրն է նաև 2015 թվականի փոփոխություններով ՀՀ սահմանադրության կենսագործումը։  Մենք պետք է հետևողականորեն կյանքի կոչենք ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացումն ապահովող քաղաքական գործընթացների և ինստիտուտների նկատմամբ վստահությունը ապահովող միջոցառումներ»,- նշեց Կ. Կարապետյանը։

Տեսանյութեր

Լրահոս