«Մաֆիան այստեղ է, ցավազրկող դեղերի մեծ մասը ցավազրկող չեն. Հենց մեր բժիշկներն են ասում՝ աշխատեք այստեղի դեղերից չօգտվել». Արամ Մանուկյան
«Աշխարհում ամենաշատ մաֆիաները զենքի մաֆիաներն են, անտիկվարիատը, դեղերը»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Ա. Մանուկյանի խոսքով՝ այստեղ արտադրված դեղերը չեն գրվում «made in Armenia», գրվում են՝ «made in Germany», «made in Romania». «Մաֆիան այստեղ է։ Ցավազրկող դեղերի մեծ մասը ցավազրկող չեն։ Հենց մեր բժիշկներն են ասում՝ աշխատեք այստեղի դեղերից չօգտվել։ Իմ բժիշկները ասում են՝ ուրիշ տեղից բերեք դեղերը։ Ես ամեն անգամ Վրաստանից իմ բոլոր ընկերների, հարևանների համար դեղեր եմ բերում՝ 3 անգամ էժան է, այնտեղից բերելը ձեռնտու է՝ և՛ որակի համար ես երաշխավորված, և՛ գնի համար ես երաշխավորված։ Այս համակարգում բրախած, բարձիթողի վիճակ է, ո՞վ է տիրություն անելու։ Այս համաձայնագրով հիմա էլ կարո՞ղ է այստեղի արտադրված կեղծ դեղերը կարողանանք ավելի հեշտ տարածել, հիմա էլ սկսենք թունավորել մյուս երկրներին»։
Օրենքի նախագծի հիմնական զեկուցող, առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն ի պատասխան՝ ասաց. «Իրականում ՀՀ-ում կեղծ դեղեր չեն արտադրվում, մենք բավականաչափ լուրջ հետազոտություններ ենք արել ԱԱԾ-ի և այլ իրավասու մարմինների միջոցով։ Ես կարծում եմ, որ մեր հանրությանը պետք է հստակ ասել, որ ՀՀ-ում կեղծ դեղեր չեն արտադրվում։ Ավելին ասեմ, թյուր կարծիք կա, որ Վրաստանում արտադրվող դեղերը շատ բարձր որակի են, միջազգային բազմաթիվ փորձագետների գնահատմամբ՝ ամենամեծ թվով կեղծ դեղերի արտադրությունը Վրաստանի շուկայում է։ Ձեր բախտը բերել է, որ դուք լավ դեղեր եք բերել»։
Ա. Մանուկյանը նկատեց, որ սա ազգային անվտանգության խնդիր է. «Մի երկիր, որը գտնվում է նաև պատերազմական վիճակում, և այդ երկիր կարող է մտնել ցանկացած քանակի և որակի դեղ, դա կարող է լրջագույն վտանգ ներկայացնել ազգային անվտանգության համար։ Մենք համակարգ չունենք այդ համակարգի դեմ պայքարելու համար»։
Առողջապահության փոխնախարարն էլ ասաց, որ այս խնդիրն արդեն 1.5 տարի իրենց ուշադրության կենտրոնում է, և դեկտեմբերից ուժի մեջ մտնող դեղերի մասին օրենքի նախագիծն իրենց գործիքներ է տալու՝ պատճաշ վերահսկողություն իրականացնելու։