«Ադրբեջանը պատրաստվում է լայնամասշտաբ և երկարատև պատերազմի». Սամվել Բաբայան․ «Ազատություն»
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը զգուշացնում է՝ այսօր Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի:
«Համապատասխան ժամկետ է պետք, որ պատրաստվի: Ես ժամանակին ևս այդ մասին ասել եմ՝ գործարաններ է կառուցում հրթիռներ արտադրելու, արկեր արտադրելու, իրենց երկաթուղու խնդիրն են լուծում: Ադրբեջանը գնում է պատերազմի՝ լայնամասշտաբ ու երկարատև, պարզապես մենք չենք ուզում դա ճիշտ վերլուծել»,-«Ազատությանը» տված հարցազրույցում այսօր հայտարարեց Սամվել Բաբայանը: -«Խնդիրն այն է, որ երբ նա գործարան է դնում, որ արկեր արտադրի կամ հրթիռներ արտադրի, դա խոսում է այն մասին, որ նա չի վստահում իր գործընկերներին, որոնք մատակարարում են, մտածելով, որ կարող է ինչ-որ մի փուլում իրենց չմատակարարեն: Եվ ինքը փորձում է, զենք գնելով՝ հրթիռային, արկային և այլ արտադրանքը, ինչը հետագայում պիտի մատակարարվի, իր մոտ արտադրի»։