Մանրամասներ ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայողի դանակահարության վերաբերյալ. ՀԺ
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը դանակահարության դեպք է տեղի ունեցել Գյումոիում. դանակահարվել է ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող, 1992 թվականին ծնված Ալեքսանդր Ռ.-ն։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից մեր հարցին ի պատասխան ասացին, որ դեպքը տեղի է ունեցել գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, իսկ պայմանագրային զինծառայողը «Գյումրի» բժշկական կենտրոն է դիմել ժամը 07:30-ի սահմաններում։
Զինծառայողը բժշկական կենտրոն մեկնած օպերատիվ-քննչական խմբին պատմել է, թե վնասվածքը ստացել է Գյումրու Շիրակացի փողոց-Մարմարաշեն խճուղի խաչմերուկում մի քանի անհայտ անձանց հետ վիճաբանության ընթացքում։ Ռազմաբազան գտնվում դեպքի վայրից ոչ հեռու։
Դանակահարության դեպքի առթիվ ոստիկանությունում նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե հետագա ընթացքը լուծելու համար։ Ինչ վերաբերում է զինծառայողի առողջական վիճակին, ապա «Գյումրի» բժշկական կենտրոնից մեզ ասացին, որ նա ստացել է աջ թոքակողի կտրած-ծակած վերք։ Ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն, վիրահատվել է, կյանքին վտանգ չի սպառնամ։ Թե ովքեր են եղել այդ անհայտ անձինք, և ինչու են ցանկացել վնասել պայմանագրային զինծառայողին, դեռ հայտնի չէ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: