««Գետանցին ձիերը չեն փոխում» տարբերակով վստահենք ԿԸՀ-ի անդամներին». Արմեն Ռուստամյան
«Համաձայն չեմ այն տեսակետների հետ, թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այդքան շատ կարևորություն չունի, մեծ գործ չունի անելու. բացարձակապես դա չի համապատասխանում այն կարգավիճակին, որ սահմանվել է Սահմանադրությամբ»,- Այսօր Ազգային ժողովի հերթական նիստին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների և նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ ղեկավար Արմեն Ռուստամյանը։
Նա նշեց, որ իրենք այս նույն կազմին կողմ են մի «պարզ» տրամաբանությամբ.
«Նախ, որ այս ամբողջ պրոցեսի մեջ նրանց անդամների պրոֆեսիոնալիզմի վրա չենք կասկածում, մեծ ճանապարհ են անցել, դառը փորձառություն ունեն, քննադատությունների թիրախ են հանդիսացել, այն պրոցեսը, որ մենք սկսել ենք՝ բարեփոխելու ընտրական համակարգը, այդ պրոցեսից ամենաքաջատեղյակն ու գիտակը հենց այս 7 հոգին են։ Ավելի լավ է՝ «գետանցին ձիերը չեն փոխում» տարբերակով վստահել իրենց։ Բայց նաև իրենք շատ լավ գիտեն, որ եկող Ազգային ժողովն ունի հնարավորությունը, եթե իրենց առաջ դրված խնդիրները չլուծեն և իրենց կարգավիճակին համապատասխան չգործեն, նոր Ազգային ժողովը կարող է հետ կանչել»։
ՀԱԿ ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ հայտարարեց, որ գաղտնիք չէ՝ ԿԸՀ-ի այն կազմը, որ այսօր նստած են ԱԺ-ում, հատկապես՝ Տիգրան Մուկուչյանը, մեր ժողովրդի աչքում դարձել են «ընտրակեղծարարության հիմնական խորհրդանիշը».
«Տիգրան Մուկուչյանին վաղուց տրված է գլխավոր թվանկարչի անպատվաբեր տիտղոսը։ Շատերն իշխանության մեջ ուզում են տպավորություն ստեղծել, որ ընտրակեղծարարությունը կրում է սպոնտան, անկազմակերպ բնույթ։ Այդ միֆը կոչված է ապացուցելու, որ ընտրակեղծարարությունը հրահանգված չէ ամենավերևից, ու ոչ մի կապ չունի երկրի ղեկավարության քաղաքական կամքի հետ։ Քանի որ Դուք, պարոն Մուկուչյան, նշանակվել եք 2011 թվականին, պատասխանատվություն եք կրում այս տարիների ընտրությունների արդյունքների կեղծման համար»։
Լ. Զուրաբյանի խոսքով՝ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ իրենց համաձայնագիրը լրջագույն քայլ էր ընտրությունների ինստիտուտի նկատմամբ վստահության վերականգնման համար.
«Սակայն ԿԸՀ-ի նոր կազմի շուրջ ընդդիմության հետ բանակցություններից հրաժարվելը և Գյումրում ու Վանաձորում նման կեղտոտ ընտրությունների անցկացումը նորից մեր երկիրը հետ են գցում այս հարցում»։