Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ տվեց

ՀՀ կառավարության նիստից առաջ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ տվեց:

Առաջին հանձնարարականը վերաբերում էր գնումներին: Նա նշեց, որ այս հարցի վերաբերյալ կա հանձնարարական, ստացվել են որոշակի նյութեր, քննարկվել, և ելնելով դրանից՝ Ֆինանսների նախարարին հանձնարարեց երկուշաբաթյա ժամկետում ներկայացնել գնումների մասնակի կենտրոնացման վերաբերյալ իրավական ակտերի նախագիծ, ինչը պետք է հիմնված լինի որոշակի կանոնների վրա:

«Առաջին՝ պարբերական սպառման բնույթ ունեցող ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների գնումներն ամբողջությամբ պետք է իրականացվեն կենտրոնացված եղանակով մասնագիտացված կառույցի կողմից պատվիրատուների համախմբված պահանջարկի հիման վրա: Այդ գնումների ցանկը կսահմանվի կառավարության որոշմամբ: Երկրորդ՝ պայմանագրի կատարման արդյունքների ընդունման գործընթացը հարկավոր է դարձնել էլեկտրոնային, որտեղ պայմանագրի գծով ընդունման-հանձնման կետերը, վճարման հանձնարարականները կուղարկվեն, կստացվեն և կհաստատվեն միայն էլեկտրոնային եղանակով»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Երկրորդ հանձնարարականն առնչվում էր պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայություններին: Կարեն Կարապետյանն ասաց, որ կատարվել են որոշակի ուսումնասիրություններ, և ելնելով դրանից՝ հանձնարարեց ի գիտություն ընդունել, որ պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որակի և արդյունավետության բարելավման խնդիրը կառավարության համար գերկայություն է համարվում, և օրենսդրական նախագծերի տեսքով ներկայացվող նոր կարգավորումներում հաշվի առնել այս հանգամանքը, բնակչությանն այդ ծառայությունները թե ժամանակի, թե տարածության, թե որակի առումով հնարավորինս մատչելի դարձնելու նպատակով ուսումնասիրել և Արդարադատության նախարարություն ներկայացնել գերատեսչությունների կողմից մատուցվող ծառայությունների ցանկը, նկարագրում՝ մատուցման գործընթացը և պահանջվող փաստաթղթերը: Արդարադատության նախարարին Կարեն Կարապետյանը հանձնարարեց ամփոփել պետական մարմինների կողմից ներկայացված տեղեկատվությունը և կառավարության աշխատակազմ առաջարկություն ներկայացնել:

Կարդացեք նաև

Կարեն Կարապետյանը Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին հանձնարարեց այս խնդիրների լուծման նպատակով երկօրյա ժամկետում ձևակերպել առանձին հանձնարարականներ՝ նշելով կատարման պատասխանատուներին և ժամկետները: Պետական կառավարման համակարգի պարզեցման և բյուջետային ծրագրերի ռազմավարական պլանավորման գործընթացի առնչությամբ վարչապետը հանրապետության գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարեց տասնօրյա ժամկետում կառավարության աշխատակազմ առաջարկություններ ներկայացնել կառավարության այն որոշումների վերաբերյալ, որոնք նպատակահարմար է ընդունել գործադիր մարմնի ղեկավարի մակարդակով: Աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարվեց ամփոփել ստացված առաջարկությունները և ներկայացնել փոփոխությունների առաջարկներ համապատասխան իրավական ակտերում: «Եթե մի խոսքով ասեմ, մենք որոշումներ կայացնելու որոշակի մասն ապակենտրոնացնում ենք» ,- ասաց վարչապետը:

Տեսանյութեր

Լրահոս