«Ձեր մի քանի աղանդավոր ֆեյքերի իրականությունը մի շփոթեք իրականության հետ». Նաիրա Զոհրաբյան
«Անկեղծ ասած, ես այդպես չէի գերագնահատի ԿԸՀ-ի դերը՝ ընտրությունների պատասխանատվության գործում»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ հայտարարեց ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ։
Ըստ նրա՝ ով կլինի ԿԸՀ-ում նստած, կարևոր չէ. ոչ մի բան չի փոխում, քանի դեռ մեր երկրում ընտրությունների անցկացման խաղի կանոնները չեն փոխվել, եթե երկրում շարունակում է գործել «արատավոր ընտրական համակարգ». «Այս վերջին երկու ընտրությունները Գյումրիում և Վանաձորում ցույց տվեցին, որ ընտրական արատավոր համակարգը մեզանում որևէ շեղում բնականոն ընթացքից ցույց չի տալիս։ Միգուցե ընտրակեղծարարության մեխանիզմներն ավելի հանդարտ են դառնում, շատ ավելի աննկատ են դառնում, դա չի խոսում այն մասին, որ ընտրակեղծարարությունն է պակասում, այլ խոսում է նրա մասին, որ այն ավելի է կատարելագործվում։ Այսօր ԵԽ ԽՎ-ում կա մի կին պատգամավոր 1990-ական թվականների իր հուշերից է պատմում, թե ինչպես են իրեն տեղամասում ծեծել, որ առ այս պահը նա վախենում է անգամ գլոբուսում Հայաստանի տեղը նայել»։
Ն. Զոհրաբյանը մի հայտնի ասացվածք հիշեց՝ «երբ կկուն ինքը պրոբլեմ ունի, կարծում է, թե բունն է փտած»՝ համեմատելով այն որոշ քաղաքական ուժերի հետ. «Որոշ քաղաքական ուժեր սկսեցին արդեն մեղադրանք ներկայացնել ժողովրդին՝ ասելով, որ՝ ժողովուրդ, դու արժանի չես իրենց նման հզոր, անբասիր քաղաքական ուժերի, դուք ծախված ես, քեզ գնել են»։ Հանգիստ թողեք ժողովրդին, խնդիրը, հարգելի քաղաքական ուժեր, ձեր մեջ փնտրեք։ Այն քաղաքական ուժերը, որ կարծում էին՝ բղավելով, գոռալով, անիծելով, մյուս ընդդիմադիր ուժերին վարկաբեկելով՝ կարող են քաղաքական արևի տակ տեղավորվել, կարծում եմ՝ համոզվեցին, որ քաղաքականությունը կոնկրետ գիտություն է, կուսակցաշինությունը կոնկրետ աշխատանք է, պետք է կառույցներ ունենալ, ու դրանք միայն ընտրություններից երկու օր առաջ չպետք է աշխատեն»։
ԲՀԿ ղեկավարի խոսքով՝ զավեշտալի էր, որ փորձեցին ԲՀԿ-ին մեղադրել լավ արդյունքներ գրանցելու մեջ՝ կապելով դա ընտրակաշառք բաժանելու հետ. «Անհարմար է, հասկանում եմ, որ ձախողումը շատ բարդ է տանելը, բայց պրոբլեմները ձեր մեջ փնտրեք։ Քանիցս ասել եմ, ֆեյսբուքյան իրականությունը, ձեր մի քանի աղանդավոր ֆեյքերի իրականությունը մի շփոթեք իրականության հետ, որը բոլորովին այլ է։ Մեծ հաշվով, թե Վանաձորում, թե Գյումրիում, գումարելով ընդդիմադիրների հավաքած քվեները, կարող ենք ասել, որ հաղթել է ընդդիմությունը, այլ հարց է, որ ընդդիմադիրներս չենք կարողանում միասնական քաղաքական օրակարգ ձևավորել ու մեկ միասնական օրակարգով հանդես գալ, այդտեղ ժողովուրդը մեղավոր չէ, որ ընդդիմադիր ուժերը պառակտված են»։