Դամասկոսում ՌԴ դեսպանությունն ականակոծվել է
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում ՌԴ դեսպանատունն ականակոծության է ենթարկվել, ոչ ոք չի տուժել, շենքին հասցվել է նյութական վնաս, հաղորդվում է ՌԴ ԱԳՆ-ի կայքում։
«Հոկտեմբերի 3-ին Դամասկոսում ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունը ենթարկվել է ականակոծման։ Ականներից մեկը պայթել է դեսպանության տարածքում՝ բնակելի համալիրի մոտակայքում։ Միայն պատահականության արդյունքում մեր դեսպանության աշխատակիցներից ոչ ոք չի տուժել։ Եվս երկու ական պայթել է դեսպանության հարևանությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել է կատարվածը։
Նշվում է, որ առկա տեղեկությունների համաձայն՝ ականակոծությունն իրականացվել է Դամասկոսի Ջոբար արվարձանից, որը վերահսկվում է «Ջաբհաթ Ֆատհ աշ-Շամ» (նախկինում՝ «Ան-Նուսրա») և «Ֆայլակ ար-Ռահման» խմբավորումների կողմից։