«Վուլֆի նման հեղինակները վաղուց պետք է թարգմանված լինեին»

«Դարակ» հրատարակչությունը հայ ընթերցողին շուտով կներկայացնի «Սաֆո» մատենաշարի հերթական գիրքը: Լույս է տեսնելու Վիրջինիա Վուլֆի «Ուրվականներով տունը» գիրքը:

Այս մատենաշարը ներկայացնում է միայն կին հեղինակների ստեղծագործությունները:

Մատենաշարի առաջին գիրքը Վիրջինիա Վուլֆի «Սեփական սենյակը» էսսեն էր. «Այս էսսեն տպագրելիս մեր ձեռքի տակ ունեինք նաեւ «Ուրվականներով տունը» պատմվածաշարի թարգմանությունը, բայց, քանի որ այս մատենաշարն ունի կոնկրետ հայեցակարգ եւ դրանք որոշակիորեն արտացոլվում էին «Սեփական սենյակ»-ում, սկզբի համար նախապատվությունը տվեցինք «Սեփական սենյակ»-ին:

«Ուրվականներով տունը» գիրքը հայ ընթերցողին կօգնի այլ կողմից եւս գնահատել Վուլֆի տաղանդը, հատկապես, որ ի տարբերություն նախորդի՝ այս գիրքն այլ ժանրի ստեղծագործություններից է բաղկացած»,- մեզ հետ զրույցում ասաց «Դարակ» հրատարակչության հիմնադիր, տնօրեն Արմեն Գասպարյանը:

Պատմվածքների գլխավոր հերոսները կանայք են, որոնք ունեն սոցիալական տարբեր դիրքեր, սակայն բոլորն էլ ունեն իրենց դարաշրջանի կանանց հատուկ բարդույթներ եւ խնդիրներ:

Հարցին, թե արդյոք ներկայացված խնդիրներն արդիական են, Արմեն Գասպարյանը պատասխանեց. «Եթե նայում ենք մեր գրականության պատմության ընթացքին, ապա տեսնում ենք, որ մեր գրականությունը որոշ ժամանակ հետո է արձագանքում համաշխարհային գրականությանը: Սա պատահական չէ, քանի որ մեր հասարակության մեջ խնդիրներ են առաջանում այն ժամանակ, երբ Եվրոպան այդ խնդիրներն արդեն լուծել է կամ առաջընթաց է գրանցել: Կարծում եմ՝ մեզ համար խիստ արդիական է այն, ինչի մասին խոսում է Վուլֆը, եթե, անգամ, չհաշվենք այդ ստեղծագործությունների գեղարվեստական արժեքը: Վուլֆի նման հեղինակները վաղուց պետք է թարգմանված լինեին»:

Անդրադառնալով գրահրատարակչությանը՝ նա նկատում է, որ Հայաստանում զարգացման ցուցանիշներ կան. «Սա շնորհիվ նրա է, որ դաշտում առկա մի քանի հրատարակչություններ սկսեցին հասարակության հետ անմիջական երկխոսության մեջ մտնել, որի համաձայն էլ մշակեցին իրենց ռազմավարությունը: Պետք է հուսալ, որ շատ հրատարակչություններ, որոնք ունեն նաեւ տպագրական մեծ ռեսուրսներ, կկարողանան տարանջատել հրատարակչություն եւ տպարան հասկացությունները: Հրատարակչությունը պետք է կարողանա իր աշխատանքով, գրքերի իր ընտրությամբ՝ որոշակի խնդիրների լուծմանն օժանդակել: Պետք է այնպիսի գրքեր հրատարակեն, որոնք կուրախացնեն ընթերցողին, իսկ նման գրքերի սպասող ընթերցողներ մենք շատ ունենք», -ասում է «Դարակ» հրատարակչության հիմնադիր, տնօրեն Արմեն Գասպարյանը:

Վիրջինիա Վուլֆի «Ուրվականներով տունը» գրքի շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին, Միրզոյան գրադարանում:

Տեսանյութեր

Լրահոս