«ԽՍՀՄ-ի վերակենդանացումը լրիվ անհնարին է». Համլետ Հարությունյան
«Հայաստանն այսօր անկախ պետություն է, և դա ավելի դրական է, որովհետև անկախությունից մեծ արժեք գոյություն չունի։ Պուտինը մոտավորապես ուզում է ասել, որ ԽՍՀՄ-ը կարող էր զարգանալ Չինաստանի օրինակով։ Աշխարհաքաղաքական պրոցեսները տարան նրան, որ աշխարհը միաբևեռ է դարձել ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, համաշխարհային գործընթացները բոլորովին այլ կերպ են զարգանում, քան, եթե, օրինակ, լիներ ԽՍՀՄ-ը, բայց նորացված ձևով, ինչպես Չինաստանն է։ Պատմագիտական առումով կարելի է և՛ համաձայնել Պուտինի հետ, և՛ չհամաձայնել։ Մեր ազգային շահերից եթե ելնենք, անկախությունն ավելի բարձր արժեք է, քան, եթե լինենք ինչ-որ մի պետության կազմում»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը՝ մեկնաբանելով ԽՍՀՄ-ի փլուզման կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտնած ափսոսանքը։
Ըստ նրա՝ անցումային այս ժամանակահատվածում Հայաստանը կարող է ծանր վիճակներ ապրել, բայց հետագայում անկախությունը դառնա ավելի կարևոր։ Հ. Հարությունյանի խոսքով՝ եթե ԽՍՀՄ-ը պահպանվեր, աշխարհի զարգացումն ավելի համամասնական ձևով կգնար. «Պուտինը մի նախադասությամբ է անդրադարձել դրան, որն անկախականների ու ԽՍՀՄ-ի նոստալգիայով տառապող մարդկանց համար ֆիֆթի-ֆիֆթի է։ Ուղղակի ես չեմ ուզում կեղծ հայրենասիրական ելույթներ ունենալ, բայց կարծում եմ, 50/50 է՝ լինել հզոր պետության կազմում, ինչպես կայինք, և լինել աշխարհաքաղաքական նոր զարգացումների էպիկենտրոնում։ Բնականաբար, փոքր ու թույլ երկրների վրա այդ գործընթացներն ավելի շատ են ազդում։ Ընտրությունը կարելի է թողնել մարդուն»։
Հ. Հարությունյանի կարծիքով՝ Պուտինը հետաքրքիր բան է ասել, որը քննարկման թեմա է, և չի կարելի միանգամից ասել, որ Պուտինը ճիշտ է կամ սխալ է։ Ըստ նրա՝ ԽՍՀՄ-ն ունի իր կողմնակիցներն ու հակառակորդները. «Կարծում եմ՝ մեր հասարակության մեջ էլ նույն իրավիճակն է, ովքեր ավելի բարձր են դասում անկախությունը՝ առկա դժվարությունների հետ մասին, և նրանք, ովքեր գտնում են, որ լավ է՝ հզոր երկրի մասը կազմենք»։
Անդրադառնալով «ԵՏՄ-ն՝ որպես ԽՍՀՄ-ի հետնորդ» թեզին՝ Հ. Հարությունյանը նշեց, որ դա այլ է, և ԵՏՄ-ն երբեք ԽՍՀՄ չի դառնա. «ԵՏՄ-ն բոլորովին այլ կառույց է, և ԵՏՄ-ի միջոցով հասնել ԽՍՀՄ-ի, բայց նոր տնտեսական համակարգով, Չինաստանի նման, դա բոլորովին ուրիշ բան է։ ԵՏՄ-ն 50-100 տարի էլ գոյություն ունենա, ԽՍՀՄ չի դառնա, որովհետև նոր սերունդ է, անկախության սերունդ է ծնվել, նրանք չգիտեն՝ ԽՍՀՄ-ն ինչ է եղել։ Իմ տարիքի մարդիկ ավելի վերապահումով են մոտենում։ Տարբեր սերունդներ տարբեր ձևով կպատասխանեն այս հարցին։ ԵՏՄ-ն տնտեսական և ռազմաքաղաքական համագործակցություն է, դաշինք է, դա մինչև զուլալվի, մինչև մաքրվի, և դուք տեսնում եք՝ ինչ տարաձայնություններ կան ԵՏՄ անդամների միջև։ Եթե ԽՍՀՄ-ը լիներ, մեկ միասնական վերաբերմունք կլիներ դաշնակիցների նկատմամբ, ոնց որ 15 հանրապետություններն էին։ Հիմա Լուկաշենկոն մի բան է ասում, Նազարբաևը՝ մի ուրիշ, Սերժ Սարգսյանն էլ՝ ուրիշ։ Հետևաբար՝ ԵՏՄ-ն, չեմ կարծում, որ մոտակա ապագայում՝ 15-25 տարի հետո, կդառնա ԽՍՀՄ»։
Հ. Հարությունյանը հայտարարեց, որ ԽՍՀՄ-ն ընդհանրապես հնարավոր չէ վերակենդանացնել, քանի որ ԽՍՀՄ-ի հիմնական հզորությունը ոչ թե տնտեսությունն ու ռազմական պոտենցիալն էր, այլ իր գաղափարախոսությունը. «Մարդիկ սոված-ծարավ գնում ԲԱՄ էին կառուցում, և այլն։ Այդ գաղափարախոսությունը եթե չկա, օրինակ՝ Չինաստանը զարգանում է, բայց գաղափարախոսությունը նույնն է մնացել, և, եթե Չինաստանում կոմունիստական գաղափարախոսությունը փոխարինվի մեկ այլով, Չինաստանն էլ ուրիշ կլինի։ Հետևաբար՝ միասնական գաղափարախոսության դեպքում կարելի է ունենալ միասնական տնտեսական կառուցվածք, միասնական փող, անգամ՝ միասնական բանակ։ Բայց եթե չլինի միասնական գաղափարախոսություն, ԽՍՀՄ-ի վերակենդանացումը լրիվ անհնարին է»։